Հայաստանի ազգայինն արխիվը դառնում է թվային

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 25, 2013 11:27

Հայաստանի Ազգային արխիվի բարեփոխումների նոր հայեցակարգը հնարավորություն կտա արխիվային փաստաթղթերը ձեռք բերել էլեկտրոնային տարբերակով: 2013թ.-ից մեխանիզմը կվերածվի մշտապես գործող համակարգի: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Բարեփոխումների նպատակը տեղեկատվական և քաղաքացիական հասարակությանը համարժեք արխիվ ստեղծելն է, որը պետք է լինի մատչելի, հասանելի և այդ հասանելիությունը պետք է լինի նաև արագության մեջ: Պետք է բարձրանա տեխնոլոգիական զինվածությունը, ստեղծվի համապատասխան տեխնիկական բազա, ինչպես նաև` համապատասխան կադրեր, որոնք կապահովվեն բարձր աշխատավարձով»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ արդի դարաշրջանում թղթի վրա ստեղծվող փաստաթղթերը քչանում են և դրանց փոխարինելու են գալիս էլեկտրոնային փաստաթղթերը: «Պետք է հասնակալ` մենք ինչպես ենք ընդունելու, ինչպես ենք հաշվառելու և ինչպես ենք օգտագործելու էլեկտրոնային փաստաթուղթը: Այս հարցում մեր առաջին շահառուն սոցիալական ապահովության ծառայությունն է, որին տեղեկություններ ենք տրամադրում մարդկանց կենսաթոշակ նշանակելու համար: Մեր համագործակցությունն արդեն կլինի ուղիղ կապի միջոցով, քաղաքացին ոչ թե ինքը կգա արխիվ, այլ միանգամից կդիմի սոցիալական ապահովության ծառայություն և կստանա իրեն անհրաժեշտ փաստաթուղթը»,-հայտնեց Ազգային արխիվի տնօրենը:

Ամատունի Վիրաբյանը նաև նշեց, որ համայնքները, կադաստրը ևս մտնում են այդ համագործակցության մեջ, քանզի սեփականության ոչ մի գրանցում չի լինում առանց արխիվի տեղեկանքի: «Նրանց հետ ևս պետք է ստեղծվի նոր արդիական կապ, որը լինի մեկ պատուհանի սկզբունքով: Քաղաքացին պետք է գնա միայն մեկ տեղ, դիմի և ստանա իր պատասխանը»,-ընդգծեց Վիրաբյանը:

2013թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 6.640 արխիվային ֆոնդ` 4.161.932 արխիվային գործով, այդ թվում` 316.142 պ.մ. կինոֆոտոֆոնո փաստաթուղթ: 2012թ. համեմատ, արխիվային պահպանության ենթակա գործերի թիվն ավելացել է 46.832-ով: Տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել արխիվային փաստաթղթերի ֆիզիկական վիճակի բարելավման եւ պահպանվածության ապահովման նպատակով: 2012թ. ընթացքում վերականգնվել-վերանորոգվել է 308.875 թերթ արխիվային փաստաթուղթ:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply