Թուրքիայի բռնած ուղին. Ասիա՞, թե՞ Եվրոպա

ԷՍՍԵ | | October 30, 2012 12:09

Մուստաֆա Քեմալ Աթաթուրք. Թուրքիայում նրա պաշտամունքը հասնում է գրեթե աստվածացման, նա ամենուրեք է` փողոցներում, բոլոր պետական հիմնարկներում, դպրոցներում, մարդկանց տներում: Ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը, ստանալով Աթաթուրք (թուրքերի հայր)  պատվանունը, մնաց իր երկրի պատմության մեջ ամենահայտնի ու սիրելի քաղաքական գործիչը:

Աթաթուրքը փորձեց փոխել Թուրքիան` ուղղել այն դեպի Եվրոպա` Արևմուտք` միաժամանակ պահպանելով թուրքականությունը: Դա նրա ամենամեծ նպատակն էր, և նա այդ հարցում նկատելի արդյունքների հասավ: Ընդհանրապես երկրի եվրոպականացման գործընթացում ամենից կարևոր տարրը եղել և այսօր էլ մնում է կրոնը: Աթաթուրքի գաղափարախոսության կարևոր հիմնասյուներից էր լաիցիզմը` աշխարհիկացումը: Նա գիտակցում էր, որ առաջ գնալու համար անհրաժեշտ է հրաժարվել կրոնական, թեոկրատական պետության մոդելից: Դրան էին ուղղված նրա ձեռնարկած բարեփոխումները կյանքի տարբեր ոլորտներում:

Սակայն ի՞նչ եղավ հետո, և, ի վերջո, ուր է գնում Թուրքիան այսօր: Ի՞նչ են ուզում մարդիկ և ի՞նչ է անում կառավարությունը: Ինքս ուզում էի գտնել այս հարցերի պատասխանը, երբ գտնվում էի Թուրքիայում: Ընդհանրապես թուրքական իրականության մեջ միշտ գոյություն է ունեցել դեպի Արևմուտք կամ Արևելք շրջվելու հարցը: Պատմական տարբեր ժամանակահատվածներում իշխող վերնախավը տարբեր ընտրություն է կատարել, որը պայմանավորված էր այդ ժամանակ առկա աշխարհաքաղաքական իրադրությունից և բխում էր պետության շահերից: Աթաթուրքի օրոք նպատակը երկրի արևմտականացումն էր, որը բերելու էր բոլորովին այլ` եվրոպական պետություն և հետևաբար նաև ազատամիտ հասարակության կազմավորում:

Սակայն նայենք Թուրքիային այսօրվա դիտակով: Ինչպես գիտենք, Թուրքիայում իշխանությունը «Արդարություն և զարգացում» կուսակցության ձեռքում է`վարչապետ Էրդողանի գլխավորությամբ, որն էլ համարվում է պահպանողական, կրոնամետ, իսլամիստ գործիչ: Նա իր ելույթներում մշտապես հիշատակում է աստծո անունը և մեծարում իսլամը: Էրդողանը բազմաթիվ հետևորդներ ունի, որոնց ընտանիքները սովորաբար ավանդապաշտ են, հավատացյալ, կանայք գլխաշոր են կրում, բոլորը պարտադիր հետևում են մահմեդական սովորույթներին և այլն:

Հենց մահմեդական մեծ պահքի` ռամադանի ժամանակ Ստամբուլում էի, փողոցում պատահաբար մի մարդու հանդիպեցի, որն իմ ուղեկցի ծանոթն էր: Խոսակցության ժամանակ պարզվեց, որ նա վատառողջ էր, ստամոքսի հետ կապված խնդիր ուներ, սակայն բժշկի մոտ չէր գնում, քանի որ պահքի մեջ էր: Ահա և էրդողանական, այսինքն` կրոնական լինելու արդյունքը: Եվ նա մեկն է այն հազարավոր, միլիոնավոր քաղաքացիներից, որոնք կուրորեն հավատում են այդ «մեծ ստախոսի» խոսքերին (Էրդողանին շատերը հենց այդպես էին անվանում):

Խոսենք նաև ընդդիմադիր թևի մասին, որոնց հետ ևս առիթ ունեցա զրուցելու: Հիմնականում բավական կրթված և զարգացած մարդիկ էին, երիտասարդներ էլ կային: Խոսում էին վարչապետի վարած քաղաքականության հետ իրենց անհամաձայնության մասին: Եվ քանի որ դրա հիմքում ընկած է կրոնը, շատերը ընդդիմանալու համար ընտրել էին հենց այդ ասպեկտը:

Խոսքն ալևիների մասին է, նրանք համարվում են իսլամական կրոնական աղանդի հետևորդներ, որը, ըստ էության, գտնվում է ծայրահեղ շիականության և հատուկ կրոնի սահմաններում: Համարվում է, որ ալևիականությունն այնքան է հեռացել իսլամից, որ շատ առումներով ընդհանրապես կորցրել է կապը նրա հետ և վերածվել իսլամի, քրիստոնեության և նախաիսլամական արևելյան հավատալիքների խառնուրդից առաջացած առանձին կրոնի: Ալևիները բավական մեծ թիվ են կազմում Թուրքիայում և համարվում են աղանդավորներ: Հետաքրքրական է, որ երկրի ներքին քաղաքականության շուրջ զրույցների ընթացքում, երբ նկատում էի, որ դիմացինս որոշակի ընդդիմադիր հայացքներ ունի, անմիջապես հարցնում էի` ալևի՞ է, թե՞ ոչ: Եվ զարմանալի չէ, որ շատ հաճախ դրական պատասխան էի լսում:

Խոսելով ալևիների մասին` պետք է նշել, որ նրանք Թուրքիայում համարվում են երկրորդ մեծ կրոնական համայնքը, որոնք, ըստ Minority Rights Group International  միջազգային կազմակերպության 2004 թ. հրապարակած զեկույցի, կազմում են բնակչության մոտ 15-20%-ը` 12-15 մլն մարդ, իսկ Ամերիկայի պետդեպարտամենտի 2006 թ. հրապարակած տվյալների համաձայն` ալևիների թիվը Թուրքիայում հասնում է մինչև 20 միլիոնի: Ալևիական համայնքի մեծ մասը թուրքեր են, մոտ մեկ հինգերորդը` քրդեր:

Ալևիները ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Թուրքիայի քաղաքական կյանքում` պաշտոնապես ճանաչված ալևիական միությունների և կուսակցությունների միջոցով: Այդ ուղղությամբ նրանք մշտապես քայլեր են ձեռնարկում` կազմակերպելով բազմահազարանոց ցույցեր և կառավարությունից պահանջելով իրենց իրավունքների ճանաչում: Երկրի իշխանությունները, իհարկե, մտածում են այդ հարցի լուծման մասին, այլապես հնարավոր չէ անընդհատ անտեսել բնակչության գրեթե 20%-ը կազմող քաղաքացիների պահանջները, պնդել, թե նրանք բոլորը սուննիներ են, և հեռու պահել նրանց երկրի քաղաքական, հասարակական կյանքից:

Սակայն պետք է նշել նաև հետաքրքիր մի փաստ. նույն Էրդողանը, որ թվում է, թե լինելով կրոնամետ գործիչ` պետք է դեմ լինի ալևիականության նման անջատողական, պառակտիչ տարրին, հենց ալևիների շրջանում է ընտրությունների ժամանակ բավական մեծ թվով ձայներ հավաքում: Սա հավանաբար պայմանավորված է այն խոստումներով, որոնք նա երբեք չի զլանում շռայլել:

Ինչևէ, ալևիականությունը. իշխող վարչակարգին ընդդիմանալու միայն մեկ ճանապարհ : Շատերը Թուրքիայում նախընտրում են եվրոպական, ազատամիտ, հետևաբար նաև դեմոկրատ երկրում ապրել` զերծ կրոնական քողից: Թուրքական իրականության մեջ, ինչպես առնվազն մեկ հարյուրամյակ առաջ, այնպես էլ այսօր շարունակվում է երկու իրարամերժ հոսանքների պայքարը, որոնցից մեկը ձգտում է Ասիա, իսկ մյուսը` Եվրոպա:

Նայելով հարցին մեր` ազգային շահերի տեսանկյունից` դժվար է ասել` մեզ համար ավելի լավ կլինի տեսնել եվրոպակա՞ն, թե՞ ասիական Թուրքիա: Եթե մի օր Թուրքիան իսկապես, ոչ շինծու (ինչը թուրքական միջավայրում սովորական բան է) դառնա եվրոպական արժեքների կրող, արդյոք ինչ-որ բան կփոխվի՞ մեզ համար, արդյոք ավելի հե՞շտ կլուծվեն մեր երկրների միջև գոյություն ունեցող հակասությունները: Որոշակիորեն իմանալով թուրքի էությունը և հոգեբանությունը` դժվար է պատասխանել այս հարցին: Միգուցե եվրոպացի թուրքը շատ ավելի վտանգավոր դառնա մեզ համար, չէ՞ որ նրանք շատ հաճախ առաջնորդվում են ոչ թե բանականությամբ, այլ բնազդով` վարելով ոչ թե նախապես ռազմավարական պլանով մշակված, այլ իրավիճակային քաղաքականություն: Այս պարագայում ի՞նչ տարբերություն, թե որ քաղաքակրթության հետևորդները կլինեն նրանք:

Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply