Թեժ կարծիքներ, բուռն քննարկումներ, բանավեճեր. Հանրային խորհրդում կրկին հեռուստաեթերի հարցն էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 26, 2012 19:52

Սեպտեմբերի 26-ին Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի լիագումար նիստում քննարկվեց հեռուստաեթերի հարցը, որին ներկա էին խնդրով մտահոգ մտավորականներ, հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկումը հենց սկզբից բավականին թեժ էր: Իսկ երբ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը հայտարարեց, որ զարմանալի է համարում մեր օրերում մարդկանց` հեռուստաթատրոնների վերաբացման ցանկությունը, դահլիճում դժգոհության ալիք բարձրացավ. «Այո, պե՛տք է վերականգնել հեռուստաթատրոնները, դրանց միջոցով էր մատուցվում անաղարտ մայրենին, դա էր մշակույթը…»,- հնչեց դահլիճից:

Դադասյանը փորձեց բացատրել, որ այսօր տեխնիկապես անարդյունավետ է հեռուստաթատրոնի նկարահանումն ու ցուցադրումը եթերով, սակայն նրան թույլ չտվին միտքն ավարտել: Պարզ էր, որ դահլիճում լարվածության առկայությունը պայմանավորված էր ոչ թե տվյալ խնդրով, այլ ընդհանրապես հեռուստադաշտի վերաբերյալ հասարակության ունեցած լուրջ մտահոգությամբ և այն բարեփոխելու անզորությամբ: Այս հերթական քննարկումը կրկին փաստեց, որ մարդկանց համբերության բաժակը լցված է, որի պատճառով էլ հաճախ այդ քննարկումներն անցնում են հիմնավոր ու անհիմն քննադատության, ոչ թե կառուցողական մթնոլորտում:

Ներկաներին դժգոհության առիթ տվեց նաև Դադասյանի այն տեսակետը, թե հեռուստատեսության համար չափորոշիչներ մշակելը բարդ է: «Ինչպե՞ս թե բարդ է, նույն մարդիկ սերիալում դերասան են, առավոտյան ծրագրում` հաղորդավար, հետո նրանց տեսնում ենք երեկոյան հաղորդումներում, հետո երգում են, պարում…էդպես ո՞նց կլինի»,- հնչեց դահլիճից:

Դադասյանն էլ փորձեց խիստ մասնագիտորեն բացատրել, որ եթե հեռուստաընկերության սեփականատերը սկսի մտածել, որ պետք է հանրային պատասխանատվություն վերցնի իր վրա, միգուցե չվերցնի: «Հեռուստատեսությունն ունի իր խնդիրները, նրա հիմնական ֆունկցիան ճանաչողական-ժամանցայինն է և տեղեկատվական-վերլուծականը,- ասաց նա,- իսկ դաստիարակչական-կրթական ֆունկցիաները հարակից են»:

Այս միտքը նույնպես բուռն քննարկման առիթ դարձավ: Ներկաներից շատերի կարծիքով` հեռուստատեսության հիմնական ֆունկցիաներից մեկը հենց կրթադաստիարակչականն է: Հեռուստահաղորդավար, ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը, մատնանշելով հեռուստատեսության ոլորտում իր 50-ամյա փորձը, հայտարարեց. «Հեռուստաեթերի «հիվանդությունը» պետք է փնտրել ոչ թե տերևի վրա, այլ արմատի»: Իսկ «հիվանդությունն» այն է, որ հեռուստատեսությունը բիզնես է. «Պետք է այնպես անել, որ հեռուստատեսությունն իր եթերի մի մասը գոնե օգտագործի կրթադաստիարակչական նպատակներով, ամբողջովին բիզնես չդիտարկվի, մեղմացնի բիզնես գործառույթը,- ասաց նա,- թե չէ պատկերը սա է` հովանավոր բեր, ինչ ուզում ես նկարիր, ցույց տուր: Մինչդեռ լավագույն հաղորդումները դուրս են մնում եթերից` հովանավոր չգտնելու պատճառով»:

Զավեն Հարությունյանն առաջարկեց կիրառել խրախուսման մեխանիզմը, ասենք, օրինակ` ընտրել տարվա լավագույն հաղորդում, լավագույն հաղորդավար և այլն:նպատակներով, ամբողջովին բիզնես չդիտարկվի, մեղմացնի բիզնես գործառույթը,- ասաց նա,- թե չէ պատկերը սա է` հովանավոր բեր, ինչ ուզում ես նկարիր, ցույց տուր: Մինչդեռ լավագույն հաղորդումները դուրս են մնում եթերից` հովանավոր չգտնելու պատճառով»:

Քննարկմանը ներկա էր նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա փաստեց, որ վերջին շրջանում անչափահասների շրջանում ավելացել են բռնության դեպքերը, ինչը նաև հեռուստատեսության կրթադաստիարակչական հաղորդումների պակասի և քրեական տարրեր պարունակող հեռուստահաղորդումների և սերիալների հետևանք է:

Բժշկական համալսարանի պրոռեկտոր, նախկինում հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալ Աշոտ Զալինյանը քննադատեց ոչ թե սերիալները, այլ սերիալների «ծնկի վրա գրված» սցենարները. «Եթե կա բիզնես, ապա դրա կողմերից մեկը թող դառնա պետությունը և միջոցներ տրամադրի որակյալ սերիալների նկարահանման համար»,- ասաց նա,- թող բոլոր նախարարությունները տարեկան մեկ ֆիլմի պատվիրատու դառնան` իրենց ոլորտի խնդիրներին առնչվող սյուժեներով»:

Բարձրացվեցին նաև մի շարք հարցեր` մանկապատանեկան հաղորդաշարերի ստեղծման, հեռուստաեթերում լեզվի անաղարտության պահպանման, բարձրակարգ մասնագետների ներգրավման, ժամային քաղաքականության հստակեցման և այլ խնդիրների վերաբերյալ:

Ժիրայր Դադասյանը, այնուամենայնիվ, ներկայացրեց այն հիմնական սկզբունքային հարցերը, որոնց շուրջ Հանրային խորհրդի քննարկումների ընթացքում եղել է փոխհամաձայնություն: Դրանք առաջին հերթին վերաբերում են չափորոշիչներին:

Հիշեցնենք, որ ժամանակին ՀՌԱՀ-ը որոշակի չափորոշիչներ էր մշակել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում, որոնք, սակայն, կիրառվեցին ընդամենը մի քանի ամիս: 2010 թ. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարվեցին փոփոխություններ, ըստ որոնց` չափորոշիչները պետք է սահմանվեն օրենքով և ունենան օրենսդրական գործառույթ: ԱԺ-ի վրա ընկավ նոր չափորոշիչների մշակման գործը, որը մինչ օրս գլուխ չի եկել:

«Մենք առաջարկում ենք, որ Ազգային ժողովը սահմանի չափորոշիչները և տա ՀՌԱՀ-ին` դրանք իրականացնելու,- ասաց Դադասյանը, ապա որպես ոլորտի փորձառու մասնագետ` ավելացրեց,- չափորոշիչներով, սակայն, խնդիրը չի լուծվի, չափորոշիչներ սահմանելը շատ բարդ գործ է և անհնար է մեկ տողով նկարագրել, ենթադրենք` ինչ է բռնությունը»:

Դադասյանն առավել իրատեսական է համարում հեռուստաընկերությունների ինքնակարգավորման սկզբունքը, սակայն չմոռանանք, որ այդ առումով մենք ունենք չհաջողված փորձ. 2009 թ. Հանրային խորհրդի կողմից առաջարկված «Հեռարձակողների գործունեության էթիկական սկզբունքների խարտիան», որը ստորագրեցին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հենված էր հենց ինքնակարգավորման սկզբունքի վրա, սակայն կյանքը ցույց տվեց, որ մեր հեռուստաընկերությունները դեռևս ի վիճակի չեն գործելու էթիկական սկզբունքներով: Ավելին` հեռուստաընկերությունները շատ դեպքերում խախտում են անգամ ամենախիստ օրենքները:

Հանրային խորհրդում առաջ քաշված կետերից մեկն էլ, ըստ Դադասյանի, ՀՌԱՀ-ին կից խորհրդատվական մարմնի ստեղծումն է, որտեղ ընգրկված կլինեն տարբեր հասարակական, պետական կառույցների համապատասխան ներկայացուցիչներ: «Այդ մարմինը կդառնա հանրային գնահատականը, որն էլ ՀՌԱՀ-ը կկարողանա կիրառել իբրև գործիք»,- նկատեց նա:

Առաջարկների մի մասն էլ վերաբերում է պետական պատվերի ինստիտուտի ձևավորմանը, հեռուստատեսային ազգային մրցանակաբաշխության ստեղծմանը և այլն:

Առաջարկների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հանրային հեռուստաընկերությանն ուղղված  բարեփոխումների փաթեթը, որի մեջ մասնավորապես մտնում են կոմերցիոն գովազդները սոցիալականով փոխարինելու առաջարկը, մանկապատանեկան, կրթադաստիարակչական հաղորդումների քանակի ավելացումը և այլն:

Առաջարկվում է նաև ստեղծել վերլուծական կենտրոն և ուսումնասիրել այս կամ այն հաղորդման ունեցած ազդեցությունը հանրության վրա, ինչպես նաև ստեղծել ուսումնական պլատֆորմ, որպեսզի հեռուստատեսություն մուտք գործեն միմիայն պրոֆեսիոնալներ: Առաջարկներից մեկն էլ վերաբերում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելուն:

Հանրային խորհրդի անդամ, ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը հայտնեց, որ բարձրացված բոլոր հարցերը, մտահոգություններն ու առաջարկները կներկայացվեն Հանրային խորհուրդ և անհրաժեշտության դեպքում կներառվեն առաջարկների նախնական փաթեթի մեջ: Իսկ փաթեթն առաջիկայում կդրվի հասարակական լայն քննարկման, կվերաձևվի և կլրացվի, ապա ներկայացվի հանրապետության նախագահին: Իսկ թե ինչ կփոխվի այդ ամենի արդյունքում, ցույց կտա ապագան:

Դիտվել է 2263 անգամ:
Print Friendly

Leave a Reply