Սրտի խթանիչը կանգ կառնի երկու տարուց, մինչդեռ հիվանդը վճարել է ավելի երկար ժամանակահատվածի համար

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 23, 2012 14:26

Մարտ ամսին «Անկախն» անդրադարձել է 63-ամյա քաղաքացի Հովհաննես Կաթրջյանի կողմից Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի դեմ ներկայացվող մեղադրանքին: Կաթրջյանը պնդում է, որ կենտրոնում իրեն վիրահատել են` տեղադրելով սրտի խթանիչ սարք, որը պետք է գործեր 10 տարի, սակայն տվյալ խթանիչ սարքը նախատեսված է 5,5 տարվա համար: Վիրահատությունը կատարել է կենտրոնի այդ ժամանակվա տնօրեն, վիրաբույժ Սմբատ Ջամալյանը: Վիրահատության արժեքը կազմել է 2 միլիոն 25 000 դրամ, որից 1 միլիոն 9 հարյուր հազարը փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, քանի որ այդ ժամանակ Կաթրջյանի որդին զինծառայող էր: Մնացած 125 000 դրամը սոցիալապես անապահով վիճակում գտնվող հիվանդը հայթայթել է բարեկամներից: Որոշ ժամանակ անց Կաթրջյանը ֆիրմայի պաշտոնական կայքից պատահաբար պարզել է, որ սարքի ժամկետը ոչ թե 10 տարի է, այլ 5,5, արժեքն էլ, բնականաբար, ավելի ցածր` 1 միլիոն 2 հարյուր հազար դրամ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիվանդի առողջությանն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը: Մինչ օրս Հովհաննես Կաթրջյանը տուժող չի ճանաչվել. պատճառաբանությունն այն է, որ նա բավարար ապացույցներ չունի: «Մինչև հիմա 9 ապացույց ունեի, երկուսն էլ գումարվեցին,- ասում է Հովհաննես Կաթրջյանը,- չեմ հասկանում` էլ ի՞նչ ապացույց  է պետք, որ ես տուժել եմ: Իսկ հակառակորդ կողմը ոչ մի ապացույց չունի, որ մեղավոր չէ»:

Վերջին երկու ապացույցներից մեկը Թբիլիսիի բժշկական կենտրոններից մեկում հունիսի 22-ին կատարված հետազոտության արդյունքն է, ըստ որի` 3 տարի 10 ամիս առաջ տեղադրված սարքի սպառման ժամկետը լրանալուն մնացել է 2 տարի 4 ամիս: Դրանից հետո նա անմիջապես եկել է Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն և հետազոտվել տեղում քննիչի, փաստաբանի, վկաների և բժիշկների ներկայությամբ: Հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ սարքի աշխատանքի ավարտին մնացել է 2 տարի 2 ամիս (Թբիլիսիի հետազոտության համեմատ 2 ամսվա տարբերությունը, ըստ բժիշկների, կապված է մագնիսական դաշտի տատանման հետ):

«Իմ սիրտն առանց ապարատի չի աշխատում, ապարատը կանգնեց, սիրտս էլ է կանգնում: Ամենածայրահեղ, վատ վիճակն է ինձ մոտ,- ասում է հիվանդը,- ինձ խաբել են, թող հիմա իմ գումարը տան, ես ուրիշ կլինիկայում նորից վիրահատվեմ»:

Կաթրջյանը նաև դժգոհում է, որ Հայաստանի առիթմոլոգիական կենտրոնի վերջին արձանագրության արդյունքն իրեն չեն տալիս` պատճառաբանելով, թե նա ընդամենը վկայի կարգավիճակ ունի:

Հուլիսի 18-ին նա միջնորդություն է ներկայացրել իրեն որպես  տուժող ճանաչելու պահանջով:

Էրեբունու քննչական ծառայության քննիչ Բունիաթ Եղիազարյանը մեզ ոչինչ չհայտնեց գործի մասին` նշելով, որ նախաքննությունը գաղտնի է. «Կատարվում է քննություն, որի ընթացքում կպարզվեն տուժողների և մեղադրյալների շրջանակը, հանգամանքները, և կտրվի ճիշտ գնահատական,- ասաց նա,- իսկ թե որքան կտևի այդ գործընթացը, չեմ կարող ասել: Նախաքննություն է, փորձաքննություններ են, դրանցից բխող այլ քննչական գործողություններ են ընթանում, կանխատեսումներ անել չեմ կարող»:

Հիշեցնենք, որ 63-ամյա Հովհաննես Կաթրջյանը 1985-ից ապրում է սրտի էլեկտրական խթանիչով և արդեն 7 անգամ սրտի վիրահատության է ենթարկվել: Վերջին անգամ նրա սիրտը վիրահատել և խթանիչը փոխել են 2008 թ. Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում, որի դեմ այս պահին նույն հայցով ևս երկու քրեական գործ է քննվում: Բուժհաստատության նախկին տնօրենը` Սմբատ Ջամալյանը, արդեն երկար ժամանակ է` բացակայում է երկրից:

Դիտվել է 2248 անգամ:
Print Friendly

Leave a Reply