Սպասենք եւ հուսանք

ԷՍՍԵ | | June 18, 2012 14:49


Հայաստանում գիտության վիճակը մոտենում է օրհասականին: Չնայած, որ վերջին մեկ տարում տարբեր ամբիոններից շատ է խոսվել երկրի ապագայի կերտման գործում գիտության դերի մասին, պետական մակարդակով ոչ մի շոշափելի քայլ չի արվում եւ ծերացող գիտության ֆինանսավորումը, նույնիսկ Հայաստանի մասշտաբով, մնում է անտրամաբանական ցածր մակարդակի վրա: Մարդ չի հասկանում՝ չեն գիտակցու՞մ, թե չեն ուզում…
Չնայած, լավ էլ գիտակցում են: Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն հոգնեցրել է «գիտելիքահենք տնտեսության» անհրաժեշտության մասին բարձրագոչ ելույթներով: Սակայն, փաստը մնում է փաստ, որ Հայաստանում գիտության ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը մոտ 2 անգամ քիչ է հանրապետության միջին աշխատավարձից եւ, դրան «տեսլականորեն» «համահունչ»՝ նաեւ ցածր է սպառողական միջին զամբյուղից:
Իսկ «գիտելիքահենքի» հենքը՝ գիտնականն է…
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010 թվի զեկույցից էլ պարզվում է, որ վերջին տասնամյակում մեկ միավոր ներդրման դիմաց հայ գիտնականները տված արդյունքով բազմապատիկ անգամ գերազանցում են զարգացած գիտություն ու տնտեսություն ունեցող երկրների գիտնականներին: Սա՝ իմիջիայլոց…
Հայտնի է, որ զարգացած տնտեսությամբ երկրներում, պետությունից բացի, գիտության ֆինանսավորման զգալի մասը իրականացվում է մասնավորի կողմից՝ լինի դա թե՛ գիտության ստեղծած արդյունքները արտադրության մեջ ներդնելու, թե՛ գիտական հիմնադրամներ ստեղծելու, թե՛ տարբեր մրցանակներ սահմանելու միջոցով:
Պետական այրերի՝ գիտության չֆինանսավորման պատճառների մասին «արդարացումները» անընդունելի են: Ո՞նց եղավ, որ պատերազմից հետո ավերակ Գերմանիան կամ Ճապոնիան կարճ ժամանակ անց դարձան տնտեսապես զարգացած երկրներ: Տո հենց Սովետը՝ ոչ գազով, ոչ բենզինով տիեզերք չես թռչի…Կամ «սոված» Սինգապուրն ու Կորեան…
Իսկ մեզ մոտ, էս 20 տարի է` եղած ռեսուրսներն են ավերակ դառնում: Հեռատեսություն չկա, ռազմավարություն չկա, ցանկություն չկա:
Իսկ ահա մասնավորի հարցում հույսի նշույլեր են նկատվում, որ մի օր «սառույցը տեղից կշարժվի»: Հունիսի 11-ին տեղի է ունեցավ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից հայտարարված գիտական լրագրության և առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողների մրցանակաբաշխությունը:
Առհասարակ, եթե մարդ (իհարկե ունեւոր) բարեգործական հիմնադրամ է ստեղծում՝ դա արդեն շատ բանի մասին է խոսում: Կարող է եւ չստեղծել, չէ՞: Հիմա կլինեն հակաճառողներ՝ թե իրենց հաշվարկներն ունեն, էնքան փող ունեն որ, պիտի բարեգործություն անեն էլի…: Հա: Բա էդ դեպքում ինչու՞ «էնքա՜ն փող ունեցողներից» հատուկենտերն են այդպես վարվում: Էդ տրամաբանությամբ Մանթաշովից ու Պողոս Նուբարից մինչեւ Ալեք Մանուկյան ու Քըրք Քըրքորյան իրենց հաշվարկներն են ունեցել: Բայց անժխտելի է, որ անկողմնակալ ժամանակի փորձությունն անցնելուց հետո նրանք եւ շատ ուրիշերն ընկալվում են որպես ԲԱՐԵՐԱՐ:
Ուրախալի է, որ «Տաշիր» հիմնադրամի բարեգործական նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու եւ որպես թիրախային ուղղություններ են ընտրված նաեւ կրթության ու գիտության ոլորտները:
Մրցանակաբաշխության ժամանակ աչք էր շոյում մեկ տեղ հավաքված խելացի, մեծ ներուժ ունեցող երիտասարդների քանակը: Սակայն, մեծ է հավանականությունը, որ նրանց մի ստվար հատվածը, պետության՝ գիտության հանդեպ վերաբերմունքի պատճառով, արտերկրում համապատասխան աշխատանքի հնարավորության դեպքում կարող է ընդմիշտ լքել երկիրը: Ուղեղների արտահոսքը կանգնեցնելու միակ պատասխանատուն պետությունն է՝ երբեմն-երբեմն կազմակերպվող մրցույթները վիճակը չեն փրկի: Անհրաժեշտ է անհապաղ զգալի չափով ավելացնել գիտության ֆինանսավորումը, գիտությունը հրապուրիչ դարձնել երիտասարդների համար: Այլապես շատ մոտ ապագայում ստիպված կլինենք արձանագրել, որ գիտությունը Հայաստանում դատապարտված է… Կամ թող ազնվորեն ասեն, որ խելացի մարդիկ խանգարում են պետության «կայացմանը»:
Հարկավոր է ամեն ինչ անել, որ այդ մարդիկ չփախչեն եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որ հեղափոխություն անելու փոխարեն նրանք ամեն սեղան նստելիս ձեր կենացը խմեն:
Անշուշտ, դրական քայլ է նախագահ Սարգսյանի կողմից երիտասարդ գիտնականներին աջակցության համար նախատեսված 100 մլն. դրամի հատկացումը, բայց պետք չէ դրանից «մատի փաթաթան» սարքել ու համարել, որ գիտության ֆինանսավորման ավելացման հարցը փակված է: Այդ գումարով կարելի է որոշ ծրագրեր իրականացնել, սակայն մտածել, կամ հրամցնել, որ գիտության ոլորտում դրանով հիմնարար փոփոխություններ կկատարվեն՝ իրատեսական չէ: Գիտությունը վերջնականապես չկորցնելու համար անհրաժեշտ է այդ գումարի բազմապատիկը՝ արդեն 2013թ պետական բյուջեում ամրագրելով ծախսային մասի առնվազն 3 տոկոսը:
Իսկ ինչ վերաբերվում է անընդհատ թմբկահարվող 100 մլն. դրամի հատկացմանը, ապա խոստովանենք, որ դա կառավարության «չափանիշներով» եւս չնչին գումար է՝ 2 զուգարանի փող…
Այս մտահոգիչ ֆոնի վրա չափազանց ողջունելի են մասնավորի կողմից («Գագիկ Ծառուկյան» եւ «Տաշիր» հիմնադրամներ, գործարար Գարեգին Նուշիկյան ) գիտությանն աջակցելուն միտված քայլերը:
Դե ինչ, սպասենք, որ գիտությանն առնչվող նոր ծրագրեր եւս կլինեն առաջիկայում եւ հուսանք, որ նման նախաձեռնությունները լավ օրինակ կծառայեն ուրիշ գործարարների եւ, ինչու՞ չէ, նաեւ պետության համար …

Ստեփան Գյոզալյան

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Մեկ մեկնաբանություն

  1. Gohar ասում է՝

    http://www.facebook.com/science.and.finance
    Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են 1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:

Leave a Reply