Ո՞վ կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | September 13, 2011 7:00

ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»։ Իսկ 18-րդ հոդվածի համաձայն` «յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը»:

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով: 2003 թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2003 թ. նոյեմբերի 15-ին:

Քաղաքացիների  համար կարևոր է հատկապես իմանալ, թե ովքեր իրավունք ունեն դիմելու մարդու իրավունքների պաշտպանին և ինչ հարցերով:

Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական և այլ հայացքներից ու գործունակությունից, ինչպես նաև ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձը:

Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա միջամտությունը չպետք է հանգեցնի բողոքողի նկատմամբ քրեական, վարչական կամ այլ պատժամիջոցի կիրառման կամ որևէ խտրականության:

Պաշտպանին կարող են դիմել նաև իրավաբանական անձինք: Իրավաբանական անձի անունից տրված բողոքն առնչվում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, եթե իրավաբանական անձի իրավունքների խախտման հետևանքով խախտվել են նաև նրա մասնակից ֆիզիկական անձանց (բաժնետերերի, փայատերերի, անդամների և այլն), ինչպես նաև նրա պաշտոնատար անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կամ այդ անձինք իրավաբանական անձի իրավունքների խախտման հետևանքով վնաս են կրել, կամ առկա է այդ անձանց վնաս կրելու հնարավորությունը:

Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաև մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինների, չեն կարող պաշտպանին բողոքներ ներկայացնել: Պաշտոնատար անձինք իրավունք ունեն պաշտպանին դիմել միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության նպատակով:

Պաշտպանին տրվող դիմումը հստակ սահմանված ձև չունի, սակայն այն պետք է բովանդակի որոշակի վավերապայմաններ: Բողոքը պետք է պաշտպանին տրվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին: Բողոքի համար որևէ հատուկ ձև չպետք է սահմանվի, սակայն բողոքում պետք է նշված լինեն դիմող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Բողոքում պետք է նշվեն նաև մարդու խախտված կամ խախտվող իրավունքների և հիմնարար ազատությունների մասին տեղեկությունները:

Եթե դիմողը գործի պարզաբանման և լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր ունի, ինչպես նաև բողոքի հետ կապված դատական կամ վարչական կարգով ընդունված ակտեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին: Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր: Ձերբակալված, նախնական կալանք կամ քրեական պատիժն իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաև այլ հարկադրական պահման վայրերում գտնվող անձի կողմից պաշտպանին ուղղված բողոքները և այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման  և գրաքննության: Դրանք այդ հիմնարկների վարչակազմերի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն պաշտպանին:

Պաշտպանին ուղղված բողոքներն ընդունող մարմինը պարտավոր է դիմողի պահանջով նրան տրամադրել հավաստագիր (ստացական)` բողոքի ստացման մասին: Պետք է հիշել նաև, որ պաշտպանին ուղղված բողոքների համար պետական տուրք չի գանձվում:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply