Շփման միջոցները աճում են, մարդկային կապերը` թուլանում

ԷՍՍԵ | | April 23, 2011 10:00

Պարադոքս է. ինչքան ընդլայնվում են մարդկային շփումները, այնքան թուլանում են պարզ մարդկային հարաբերությունները. այսօր մի հոգու հետ ես ծանոթանում, վաղը` մի ուրիշի:

Մարդու կյանքը  հետզհետե անկանխատեսելի է դառնում, երբեք չգիտես` ուր կարող ես հայտնվել: Եվ առաջին հայացքից թվում է, թե  զարգացած համացանցային հնարավորությունները, սոցիալական ցանցերը, տարատեսակ միջոցառումներն ու փոխանակման ծրագրերը մարդու (հատկապես երիտասարդների) կյանքը դարձնում են խիստ հագեցած ու մեծ հնարավորություններ ընձեռում: Սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստերի, բլոգների միջոցով միաժամանակ կարելի  է կապ պահպանել մեծաթիվ մարդկանց հետ. ընկերներից մինչև հեռու բարեկամներ և ուղղակի ծանոթներ, որոնց հետ ամեն օր հանդիպելու հնարավորություն չկա:

Իհարկե սա շատ լավ տարբերակ է ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, շատ արագ ու կարևոր տեղեկատվություն փոխանակելու, տարածելու, ակցիաներ կազմակերպելու համար: Սակայն, մյուս կողմից, մտերմությունն ու սովորական մարդկային շփումները մղվում են երկրորդ պլան. մարդկանց կյանքը մեքենայանում է, ավանդական հայկական «իրար տուն գնալու», հանդիպելու, կենդանի զրույց ունենալու փոխարեն նախընտրում են տանը նստած սոցիալական ցանցերով մեկ-երկու խոսքով տեղեկություն փոխանակել. հարաբերություններն ավելի հեռակա են դառնում:

Անգամ մարդու կյանքի ամենակարևոր իրադարձությունները, հետաքրքիր հանդիպումերն ու արտասահման այցելություններն են արհեստականության տարր կրում. կարևորվում են ոչ թե իրական կենդանի էմոցիաները ու կյանքի հաճելի պահերն իսկապես վայելելը, այլ դրանք առավելագույնս լուսանկարելը, որպեսզի դեռ տուն չհասած` հնարավոր լինի դրանք ցույց տան ընկերներին, նկարներ ու տեսանյութեր տեղադրել և «ի լուր աշխարհի» հայտարարել այդ մասին:

Թվում է, թե մարդը ռացիոնալ ընտրություն է կատարում, ժամանակ է խնայում համացանցով արագ կապվելու միջոցով: Սակայն մարդիկ ժամերով ու առանց լուրջ պատճառի զբոսնում են սոցիալական ցանցերով, երկար զրույցներ վարում` ոչ մի բանի մասին: Արդյունքում, մեկ օրվա ընթացքում այնպիսի ահռելի քանակության տեղեկատվություն է թափվում գլխիդ, որ ուղղակի հնարավոր չէ այդ ամենից գլուխ հանել, պետքականը տարբերել ոչ պիտանիից, զտել ավելորդ տեղեկատվությունը: Հետևաբար, օգտակար գործ անելու փոխարեն մարդն ինքն իրեն սպառում է`փորձելով հաղթահարել այդ տեղեկատվական բեռը: Շեշտակի աճում են սթրեսները: Անգամ մասնագետները պնդում են, որ անքնություն կամ անհանգիստ քուն է գրանցվում այն մարդկանց մոտ, ում ննջասենյակում համակարգիչ կամ համացանցին միացված հեռախոս կա:

Մարդու մեջ հետզհետե առաջանում է ուղղակի կախվածություն տարատեսակ բովանդակության տեղեկատվական հոսքերից, և տեղեկատվական տարածությունը դառնում է երկրորդ իրականություն: Այս տարածության մեջ մարդը շատ հաճախ հանդես է գալիս զուտ որպես տեղեկատվությունը կլանող օբյեկտի դերում, չնայած մանավանդ օնլայն շփման ընթացքում իրեն շատ ազատ է զգում: Նրան թվում է, թե ինքը մասնակից է այն գործընթացներին, ինչի մասին մանրամասն տեղեկատվություն է ստանում: Սակայն նկատենք, որ տեղեկատվության այդ ահռելի քանակը կլանելուց հետո մարդու ակտիվությունը վերածվում է պասիվ իմացության: Պատահական չէ, որ Հայաստանում շատ հաճախ կազմակերպվում են ակցիաներ, որոնց համացանցում միանում են մեծ թվով մարդիկ, սակայն  իրականում փողոց են դուրս գալիս շատ քչերը, մյուսներն այդ տեղեկատվությունն ուղղակի մեխանիկորեն տարածելով են արտահայտում իրենց բողոքը կամ մասնակցությունը:

Իսկ համացանցն ակտիվորեն օգտագործողների ու հետաքրքիր գրառումներով աչքի ընկնողների, կարծիք ձևավորողների մեջ էլ սկսում է ձևավորվել նարցիսիզմի համախտանիշ. քանի՞ հոգի է կարդացել, մեկնաբանել ու հավանել իմ գրառումը, նկարը, տեղադրած տեսանյութը:

Մարդիկ հաճախ չեն էլ պատկերացնում, թե համացանցային ակտիվության արդյունքում ինչքան թափանցիկ են դարձնում իրենց կյանքն, ու ինչպես է նվազում նոր անսպասելի ծանոթություններ ունենալու հետաքրքրությունը:

Վերջերս մի փորձարկում արեցի. պատահականության սկզբունքով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ընտրեցի միջին ակտիվության մի օգտատերի, որը նաև անձնական բլոգ է վարում, ու սկսեցի նրա մասին հավաքել այն ամբողջ տեղեկատվությունը, որ նա թողնում է համացանցում գրառումների, նկարների, քննարկումների մասնակցության ու մեկնաբանությունների ձևով: Երբ մի քանի օր առաջ շատ պատահաբար հանդիպեցի ու ծանոթացա նրա հետ, ուղղակի չհավատաց, որ առանց իրեն անձնապես ճանաչելու` իր մասին այդքան շատ տեղեկատվություն ունեմ: Նա ակեղծ խոստովանեց, որ չէր պատկերացնում, թե իր  մասին այդքան շատ տեղեկատվություն է տարածում, որ «օդում» իր մասին  այդքան տվյալներ կան, և ցանկության դեպքում մեծ ջանքերի  կարիք չկա դրանք «բռնելու» համար:

Այս առումով Հայաստանում կա ևս մեկ առանձնահատկություն. ցանկացած ոլորտում դաշտն այնքան փոքր է, որ բոլորը բոլորին ճանաչում են, բոլորը բոլորի հետ կապված են. այդ խիստ քաոտիկ ծանոթություններն ու հարաբերությունները  հնարավորություն չեն տալիս ձևավորելու կայուն սոցիալական խմբեր, հարաբերություններում նվազում է անկեղծության ու վստահության աստիճանը:

Սակայն կա նաև սերտ հարաբերությունների թուլացման, մտերմության նվազման օբյեկտիվ պատճառ. կյանքի տեմպերը  սրընթաց արագանում են, որոնց  հետ  պետք է համաչափ քայլես: Ի տարբերություն խորհրդային շրջանի, երբ մարդու ապագան, ըստ էության, կանխորոշված էր. կրթություն ստանալուց հետո ապահովում էին աշխատանքով, սոցիալական միջավայրն ու կապերը բավականին սահմանափակ ու որոշակի էին: Այժմ, եթե ուզում ես հաջողակ լինել, շատ բանի հասնել կյանքում, ամեն ինչ քեզնից, կապերից ու ակտիվությունից է կախված: Տեղեկատվության ազատ շրջանառությունը հնարավորություն է տալիս իմանալ մասնագիտական որակները բարելավելու, աշխատանք գտնելու բազմաթիվ աղբյուրների ու հնարավորությունների մասին: Արդյունքում շատերը միաժամանակ մի քանի տեղ են աշխատում, մի քանի ծրագրերում են ընդգրկված ու անընդհատ ընկերական հանդիպումների գնալու համար ֆիզիկապես ժամանակ չունեն (մանավանդ,  որ վերոհիշյալ պատճառներվ նրանց թիվը շատ մեծ է, իսկ շփման միջավայրերը` շատ տարբեր), անգամ ընտանիքներում է հաճախ իրար հետ շփվելու լուրջ խնդիր  առաջանում:

Սակայն շատ դեպքերում նաև տարատեսակ ծրագրերին մասնակցելն էլ ինքնանպատակ է դառնում. հանկարծ ոչ մի բան բաց չթողնեն:  Կյանքի ռիթմն ուղղակի կառավարում է մեր ժամանակն ու գործողությունները, իսկ մենք անընդհատ վազում ենք նրա հետևից` փորձելով ամեն ինչ հասցնել, բայց միաժամանակ գիտակցելով, որ ամեն ինչ հասցնել երբեք չի հաջողվի: Մանավանդ, որ հնարավորություններն օր օրի աճում են:  Վերջին հաշվով տուժում են պարզ մարդկային հարաբերությունները:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 2397 անգամ:
Print Friendly

Leave a Reply