Քաղցկեղածին պայթյուն. Նաիրիտում բռնկված հրդեհը թունավոր նյութեր է արտանետել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԷՍՍԵ, ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2009 17:22

mhm41634-copyՔլորոպրենային կաուչուկ արտադրող Նաիրիտ քիմիական գործարանի հրդեհից հետո նորագավիթցիներն ասում են, որ ծիրանի ցոգոլը սևացել է:
63-ամյա  Նադյա տատը հորդորում է թոռներին` չուտեն. նա  մտավախություն ունի, որ այդ տարածքի ծառերի բերքն այս տարի թունավոր է լինելու ու պիտանի չի լինի ուտելու համար:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը վստահ է, որ պայթյունից առաջացած արտանետումները վտանգավոր են թե շրջակա միջավայրի, թե մարդկանց օրգանիզմի համար, բայց թե որքանով, պարզ կդառնա, երբ բավարար ինֆորմացիա լինի:
Իշխանությունները չեն հայտնում, թե ստույգ որ քիմիական նյութից որքան է այրվել:
Ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը վստահեցնում են, որ  վթարը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացրել, վտանգավոր արտանետումներ չկան, խուճապի կարիք չկա:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հնարավոր թունավոր նյութերի առկայությունը մթնոլորտում չի գերազանցում սահմանային թույլատրելի արժեքը:
Սանասարյանն ասում է, որ  նույնիսկ երբ հատուկ վառարաններում են այրում քիմիական նութերը, առաջանում են թունավոր գազեր, որոնք որսվում են հատուկ տեխնոլոգիաների միջոցով, իսկ այս դեպքում բոլոր թունավոր գազերը ուղղակի թափանցել են մթնոլորտ:
«Վարկածները երկուսն են` մեկ, որ այրվել է տոլուոլ. այն բենզոլի շարքի միացություն է` արոմատիկ ածխաջրածին, որի այրման ժամանակ առաջանում են քաղցկեղածին  նյութեր,-բացատրում է Սանասարյանը,-Եվ երկրորդ, որ այրվել է քլորոպրենի ելանյութ`վանիլացետիլեն, որը թմրանյութային հատկություն ունի»:
Սանասարյանն ասում է, որ քլորոպրենը լայն մասշտաբով է ազդում մարդու վրա`առաջացնելով սրտանոթային, շնչառական, աղեստամոքսային, համակարգի հիվանդություններ և «որ ամենասոսկալին է` սաղմնաթունավորում»:
Մայիսի 14-ին` երեկոյան  18:30-ի և 20:30-ի սահմաններում, Նաիրիտի  քլորոպրենի արտադրամասում 2 պայթյուն եղավ, որից հետո բռնկվեց հրդեհ, ու ողջ շրջապատը ծխի մեջ կորավ:
«Շենգավիթ հյուր էի գնացել, մեկ էլ  շատ ուժեղ երկու անգամ գմփոց լսեցինք, ու մեկ էլ ահավոր ծուխ բարձրացավ,-պատմում է Աննա Ամիրխանյանը,-Խառնվեցինք իրար, շուտ պատուհանները փակեցինք, որ ծուխը տուն չլցվի»:
4 ժամ տևած հրդեհը, որի զոհ գնացին 4 աշխատակիցներ, իսկ 8-ը, այդ թվում` հրշեջներ, վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեցին, մարվեց մոտ հարյուր հրշեջ-փրկարարի, 2 տասնյակից ավել  ջրատարների միջոցով և շտապ օգնության մեքենաների միջնորդությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը,  Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը հայտարարեցին, որ իրավիճակը վերահսկողության տակ է,  ճշտվում են մանրամասները:
mhm41635-copyԱԻՎ Փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը միայն խորհուրդ տվեց հարակից տների բնակիչներին  դռներն ու պատուհանները փակ պահել և հարկ եղած դեպքում խոնավ լաթեր օգտագործել:
«Ընկերությունը ձեւավորել է մասնագիտական հանձնաժողով, որը աշխատանքներ է տանում վթարի պատճառները պարզելու, դրա հետեւանքներն ուսումնասիրելու եւ հաղթահարելու համար»,-տեղեկացրեց Նաիրիտի խոսնակ Հարությունյանը:
Պաշտոնական տվյալների համաձայն` այրվել է  80 քմ տարածք:
Արտադրանքի 99 տոկոսը Եվրոպա, Ռուսաստան, ԱՄՆ արտահանող Նաիրիտ ՓԲԸ-ն, որը հիմնվել է 1930-ականներին և այսօր բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Մեծ Բրիտանիայի «Rhinoville Property Limited» ընկերությանը, իսկ 10 տոկոսը`ՀՀ-ին, 2008թ. նոյեմբերին դադարեցրեց աշխատանքները. պատճառը` ճգնաժամի արդյունքում քլորոպրենային կաուչուկի սպառման համաշխարհային շուկայի կրճատումն էր: Մոտ 2750 աշխատակիցների կեսից ավելին մատնվեց հարկադիր պարապուրդի:
2009թ. մարտից գործարանը վերագործարկվեց, և աշխատակիցների մի մասը վերսկսեց գործը:

Դիտվել է 2368 անգամ:
Print Friendly

Leave a Reply