Վիտալի Կլիչկոն հրաժարվել է նոր մրցամարտի մասնակցել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 8, 2011 15:07

WBC վարկածով գերծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռևանշ-մրցամարտ չի անցկացնի կուբացի Օդլանյեր Սոլիսի հետ: Կլիչկո-Սոլիս հանդիպումն անցկացվել էր մարտի 19-ին և ավարտվել էր առաջին ռաունդում:Ուկրաինացի բռնցքամարտիկը հաղթել էր տեխնիկական նոկաուտով: 39-ամյա Կլիչկոն հայտնել է, որ Սոլիսը պետք է մտածի իր առողջությունը պահպանելու և ոչ թե մրցամարտի մասնակցելու մասին: Նրա կարծիքով Սոլիսի հետ մրցամարտում ուժերը չափելն իր համար մնացել է  անցյալում: Բանն այն է, որ նախորդ հանդիպման առաջին ռաունդում կուբացին հարված էր բաց թողել, հայտնվել ռինգի հատակին և դրանից հետո մրցավարը հաղթանակը շնորհել էր Կլիչկոյին: Հետո Սոլիսը հայտնել էր, որ իր վայր ընկնելու պատճառը ոչ թե Կլիչկոյի հասցրած հարվածն էր, այլ ծնկի վնասվածքը: Կուբացու ոտքը վիրահատել են մարտի 24-ին, իսկ ապրիլի 15-ին նախատեսված է նոր վիրահատություն: Այնպես որ, Սոլիսը ռինգ կարող է վերադառնալ 2011-ի վերջին, կամ 2012-ի սկզբին: Մարտի 30-ին վերջինս ասել է, որ Կլիչկոյի հետ հանդիպման ժամանակ բացահայտել է, թե ինչպես կարող է ուկրաինացուն հաղթել: Նա իր մրցակցին բռնցքամարտում ոչնչություն է անվանել և պահանջել, որ ռևանշ-մրցամարտը կայանա: Ընդ որում, կուբացին հայտնել է, որ պատրաստ է անվճար ռինգ դուրս գալ:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply