Մանիկյուր. 3000 տարվա պատմություն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 4, 2009 13:30

manikyur«70-ականներին Հայաստանում մատնահարդարումը բավական տարածված էր, սակայն մատնահարդարները չունեին որակյալ գործիքներ, մերսման համար նախատեսված քսուքներ, բուժիչ նյութեր և անգամ եղունգի ներկեր (մանիկյուր), իսկ մատնահարդարման ողջ գործընթացը սահմանափակվում էր ձեռքերն օճառաջրով փափկեցնելով, ավելորդ մսերը հեռացնելով և եղունգները ներկելով»,-պատմում է 35 տարվա մատնահարդար Վալյա Պետրոսյանը:

Այսօր մանիկյուրը մի պճնանք է, որն իր մեջ ներառում է ծառայությունների մի ողջ շարք:
Մանիկյուր բառն առաջացել է լատիներեն «manus» և «cure» բառերից, որոնք նշանակում են ձեռք ու խնամք։
Դեռևս 3000 տարի առաջ Հին Եգիպտոսում մանիկյուրն արդեն համարվում էր գեղեցկության ու խնամքի կարևորագույն գործոններից մեկը։ Այդ ժամանակներում մանիկյուրը սեռ չէր ճանաչում, դրանով իրենց մատներն էին գեղեցկացնում թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ:

Ծաղկազարդ ու գունագեղ եղունգները համարվում էին զինվորական համազգեստի մի մաս, և հռոմեական ու ասորական զինվորները մարտի դուրս գալուց առաջ կտրում ու ներկում էին իրենց եղունգները:
Վալյան պատմում է, որ մատնահարդարում սովորել է 1975 թվականին հայտնի «Զեփյուռ» գեղեցկության տանը: Երեք ամիս անց նրան` որպես լավագույն աշակերտի, վերցրել են աշխատանքի: Այդ ժամանակվանից մինչ այսօր նա մատնահարդար է:

«Գործիքներն ամբողջությամբ երկաթյա էին, եղունգները խարտում էինք երկաթե խարտոցներով, իսկ մանիկյուրի լաքերն ինքներս էինք պատրաստում,- սովետական ժամանակների մասին հիշում է Վալյան,-վերցնում էինք նկարիչների ներկերը, խառնում մանրահատակի ներկման համար նախատեսված լաքի հետ և ստանում տարբեր երանգներ, հետո դրանք նաև վաճառում էինք: Հիշում եմ` ներկերը լցնում էինք պենիցիլինի փոքրիկ շշերի մեջ (դա շատ հարմար էր, քանի որ այդ շշերն ամուր փակվում էին) և 1 ռուբլիով վաճառում մեր հաճախորդներին»:
Վալյան ծիծաղելով պատմում է, որ երբ մեկ հերթափոխի ժամանակ 5-6 հոգով էին աշխատում, հաճախ վեճ էր առաջանում, թե ով պետք է վաճառի լաքը հաճախորդին։

Մ.թ.ա. առաջին դարում Եգիպտոսում օգտագործում էին եղունգների համար նախատեսված ներկերի մի ողջ տեսականի, որոնցից յուրաքանչյուրն իր իմաստն ուներ: Օրինակ, եղունգները վառ գույներով ներկել թույլատրվում էր միայն թագավորական ընտանիքի անդամներին, իսկ ստրուկներն իրենց եղունգները ներկում էին բաց, անփայլ գույներով: Երկար եղունգները ևս վկայում էին տիրոջ արտոնյալ դիրքի մասին. որքան երկար էին եղունգները, այնքան բարձր էր տվյալ մարդու հասարակական դիրքը:

1917-ին նշանավոր իրադարձություն էր, երբ ի հայտ եկավ եղունգների վարդագույն ներկը, իսկ 1920-ին տարբեր երանգներով ներկեր կարելի էր գտնել աշխարհի շատ դեղատներում:
1950-ականներին եղունգների խնամքն արդեն գեղեցկության ու նորաձևության անբաժանելի մասն էր:

Վալյան նշում է, որ 70-ականներին Հայաստանում նորաձև էին ալ կարմիր, փայլուն մոխրագույն, սոխի կեղևի գույնի ներկերը: Վերջինը հատկապես մեծ պահանջարկ ուներ տարեց կանանց շրջանում: Ինչ վերաբերում է եղունգների ձևին, ապա նորաձև էին սուր և ձվաձև եղունգները (եղունգների այդ ձևը նորաձև է նաև այս տարի):

«Մինչև 80-90-ական թվականները հայաստանյան մատնահարդարման ոլորտում առանձնակի փոփոխություններ տեղի չեն ունեցել,-պատմում է Վալյան,-միայն 90-ականներից հետո, երբ սկսվեց արտասահմանյան ապրանքների, նաև մատնահարդարման պարագաների հոսքը, եղունգների հարդարման արվեստը նոր որակ ու թափ ստացավ»:

1994-ին Վալյան մեկնում է Պետերբուրգ` վերապատրաստվելու: Երեք ամսում տիրապետում է մատնահարդարման ոլորտի նորություններին և ավելի հմտանում իր աշխատանքի մեջ: Վերադառնալով Հայաստան` իր հետ բերում է հայաստանյան մատնահարդարման շուկայում դեռևս չկիրառվող մի նորույթ, առանց որի այսօր հնարավոր չէ պատկերացնել մատնահարդարումը՝ եղունգների կցանումը (եղունգների արհեստական երկարացումը):
«Հայաստանում ես առաջին մատնահարդարն էի, ով սալոնում սկսեց մատուցել այդ ծառայությունը: էլի մի քանի մատնահարդարներ կային, սակայն նրանք աշխատում էին տնային պայմաններում: Սկզբում եղունգների կցանման աշխատանքը շատ բարդ էր, համապատասխան նյութեր չկային, անգամ եթե ձեռք էինք բերում, ապա շատ թանկ գնով: Բացի այդ` եղունգներին հնուց ի վեր խորհրդավոր իմաստ էր հաղորդվում, և կանայք դժվարությամբ էին հարմարվում, որ իրենց եղունգների փոխարեն արհեստական նյութերով երկարացված եղունգներ լինեն»:

Այսօր դժվար թե հանդիպես մի կնոջ, ով իր կյանքում գոնե մեկ անգամ եղունգների կցանում արած չլինի:

Ըստ Վալյայի հաղորդած տվյալների` 1994-95 թվականներին եղունգների կցանումն արժեր 30-40 դոլար, իսկ այժմ` միջինը 7-8 հազար դրամ:

Այսօր էլ աշխարհում հազարավոր կանայք գնում են գեղեցկության սրահներ մատնահարդարման համար: Ավելին, այն տարեցտարի ավելի ու ավելի է զարգանում` իր մեջ ներառելով նորանոր ծառայություններ, որոնք կանանցից խլում են ժամանակի ու եկամտի մի ողջ պաշար:

Դիտվել է 4842 անգամ:
Print Friendly

Leave a Reply