Ոտքից գլուխ էկզիստենցիալիստ: Ժան Պոլ Սարտր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 25, 2010 20:31

1905 թ. հունիսի 21-ին Սարտրների ընտանիքում ծնվեց Ժան-Պոլը: Նրա հայրը մահացավ, և մոր ամբողջ եռանդն ուղղվեց որդու դաստիարակությանը: Ժան-Պոլին մանկուց ներշնչել են, որ ինքը հանճարեղ է և արտասովոր ինտելեկտի տեր: «Հոգումս տեղ գտած մեծերը մատնանշում էին իմ աստղը: Ես աստղ չէի տեսնում, տեսնում էի միայն մատը և հավատում նրանց, ովքեր իբր ինձ էին հավատում»:
Ստացվեց այնպես, որ այսպես թե այնպես նրան հացթուխ կամ հողագործ չէին թողնի դառնալ, նա իր պապիկի ասելով հանճար էր և պետք է հանճարի պես իրեն պահեր, ոչ թե հասակակիցների պես պարզունակ լիներ: Սարտրին անգամ արգելվում էր սխալներով գրել: Նման պայմաններում մեծանալով և նման վերաբերմունքի արժանանալով ընտանիքում` Սարտրը դարձավ այն, ինչ դարձավ` ազատության ամենամոլեգին երկրպագու: Այդ ամենը նպաստեց նրա փիլիսոփայական մտքի զարգացմանը: Նրա համար կարևոր էր մարդու ազատությունը, գաղափար, որը նրա համար բացարձակ էր: Ազատությունը մարդու գոյությունից առաջ էր` ընտրության ազատությունը: Ու նա ազատ ընտրեց այն ճանապարհը, որով պետք է գնար, ու որը չէր տարբերվում իր ստեղծագործական կյանքից:
Բարեբախտաբար նա հանդիպեց Սիմոնա դը Բովուարին, որը ոչ միայն նույն գաղափարներն ուներ, սերը դեպի ազատությունը, այլև նրա կողքին եղավ ամբողջ կյանքում: Նրանք կազմեցին մեզ հայտնի առաջին ազատ ընտանիքը, որին միացնողը ոչ թե եկեղեցին էր` վախը Աստծո հանդեպ, կամ օրինական թղթերը, այլ գաղափարն ու անկեղծությունը, որոնք երբեմն Սարտրի ու Սիմոնաի մեջ հասնում էին աբսուրդի:
Ազատությունը կայանում էր սեռական հարաբերություններում, որոնք սկզբում պատահական էին ու անցողիկ, սակայն հետագայում վերածվեցին մշտականի ու համեմվեցին գաղափարական կապով: Սիրուհիներ և սիրեկաններ եղան, որոնք մտան «ընտանիք», ինչը այն ժամանակների համար, ինչու չէ, նաև որոշ չափով հիմա ապտակ էր հասարակական բարոյական արժեքներին, բայց ոչնչով չէր վնասում Բովուար-Սարտր զույգին, ավելին` ամրապնդում էր նրանց գաղափարները, գրական-փիլիսոփայական իդեալներով ապրելու օրինակ ցույց տալիս ծանոթ միջավայրում:
Կարծես թե Սարտրի ու Բովուարի ընտանիքում ամեն ինչ լավ էր, բոլորն իրար սիրում էին սիրո բոլոր տեսակներով, սակայն միշտ չէ, որ ինտելեկտուալ Սիմոնան դիմանում էր ամուսնու դավաճանություններին, երբեմն առաջանում էր խանդ, որը ինքնատիպ Սիմոնան սուբլիմացնում էր իր «Երկրորդ սեռ» գրքում: Այդ գրքի շնորհիվ նա ստացավ իր համար այնքան կարևոր ազատությունը` ֆինանսական ազատությունը, սակայն Սարտրից ազատվելն ավելի բարդ էր: Սիմոնան դա չէր էլ ուզում, սակայն համատեղ երկար տարիների ընթացքում առաջին անգամ էր, որ նրան սկսում էր ճնշել այդ կապը, ինչին նպաստում էր հանրության կողմից իրեն տրված Նոտր Դամ դը Սարտր անվանումը, այսինքն` ոչ այնքան կարևոր: Այս դեպքում Սիմոնան իրեն պահում էր արդեն սովորական կնոջ պես, որն իր ամուսնուն երբեք չի ցածրացնի` ասելով, որ դա իրոք այդպես է, որ Սարտրը տաղանդավոր է, իսկ ինքը բավականին պարզունակ նրա կողքին: Եթե Սարտրն ու Սիմոնեն ավելի երկար ապրեին, գուցե ժամանակի ընթացքում վերածվեին սովորական ամուսնական զույգի, արտամուսնական կապերը կդադարեին ու ամեն ինչ կդառնար սովորական` Սարտրի լեզվով ասած` անազատ: Բայց ամեն ինչ վերջացավ ամերիկյան կենսագրական ֆիլմերի պես. Սարտրը մահացավ, նրանից վեց տարի անց էլ` ճիշտ նույն օրը` ապրիլի 14-ին, մահացավ Սիմոնան: Առանց Սարտրի իրեն բաժին հասած վեց տարին Սիմոնան անցկացրեց իր տնակում, որի պատուհաններից բացվում էր գերեզմանոցի տեսարանը, որտեղ թաղված էր նա` XX դարի նշանավոր փիլիսոփաներից մեկը` էկզիստենցիալիզմի հիմնադիրն ու Սիմոնայի լավագույն ընկերը:

Դիտվել է 2496 անգամ:
Print Friendly

Leave a Reply