Հստակեցվում են նախարարությունների գործառույթները

Պաշտոնական, Օրվա լուր | | April 29, 2010 15:18

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա դիմել է ներկաներին.
«Մենք ավարտում ենք նախարարությունների գործառույթների հստակեցման աշխատանքը։ Երեկ քննարկեցինք եւս երկու` տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների գործառույթները։ Մնաց երեք նախարարություն, եւ մենք կավարտենք աշխատանքի առաջին փուլը։ Հետո կհաստատենք նախարարությունների նոր կանոնադրությունները եւ կունենանք արդեն հստակեցված գործառույթներով թարմացված կանոնադրություններ։ Զուգահեռաբար տարվում է բիզնես-գործընթացների նկարագրության աշխատանք։ Առաջինն այն ավարտել ենք մշակույթի նախարարությունում, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունում։ Այս աշխատանքի ընթացքում պարզ է դառնում, որ մենք ունենք արդյունավետության բարձրացման խնդիր եւ կարող ենք շատ գործառույթներից ձերբազատվել, բնականաբար, նաեւ կարող ենք աշխատատեղեր կրճատել։ Արդյունքում կուտակված ֆինանսական լրացուցիչ միջոցները թողնելու ենք նախարարությունների տրամադրության տակ եւ ուղղելու ենք պարգեւատրման ֆոնդերին։ Սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ, ինչպես գիտեք, մենք Համաշխարհային բանկի հետ արդեն ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն առ այն, որ բոլոր ԾԻԳ-երն ինտեգրվելու են նախարարությունների կազմ։ Գաղտնիք չէ, որ ԾԻԳ-երում աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քան նախարարություններում, եւ մենք պետք է ինտեգրման այդ գործընթացն այնպես կազմակերպենք, որպեսզի նախարարությունների լավագույն մասնագետներին կարողանանք ապահովել բարձր վարձատրություն։ Դրա համար անհրաժեշտ է, որ այս աշխատանքը դուք վերցնեք հսկողության տակ, քննարկեք, թե ձեր նախարարությունում որ գործառույթներից կարող եք առաջնահերթ ազատվել եւ տնտեսած գումարն ուղղել լավագույն աշխատողների կամ պարգեւատրմանը, կամ աշխատավարձերի բարձրացմանը։ Այդ աշխատանքը պետք է այս տարվա ընթացքում ավարտենք, որպեսզի նաեւ կարողանանք ԾԻԳ-երից նոր մասնագետներ ներգրավել նախարարությունների աշխատակազմեր։ Խնդրում եմ այնպես անել, որ մոտակա երեք-չորս ամիսների ընթացքում կարողանանք գալ համաձայնության, թե կոնկրետ ինչքանով կարող ենք կրճատել աշխատատեղերը` այդ գումարները թողնելով ձեր տրամադրության տակ»։
Այնուհետեւ հաստատվել է նիստի օրակարգը, եւ կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։

Դիտվել է 1717 անգամ:
Print Friendly

Leave a Reply