Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է շնորհավորել Երևանի կին պատվավոր քաղաքացիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2013 21:08

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է շնորհավորել, Երևանի պատվավոր քաղաքացիներ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանին ու ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնելով սիրված արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին՝ հայ բեմարվեստում ունեցած մեծ վաստակի, մարմնավորած դերերով սերունդների դաստիարակության գործում ներդրած ավանդի համար, ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու մայրաքաղաքում մշակույթի և մասնավորապես բեմական արվեստի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին ու նախաձեռնություններին:
Վարդուհի Վարդերեսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար և նշել, որ գնահատանքն ավելի պարտավորեցնող է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցը սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանին որքան անակնկալ, նույնքան էլ ուրախալի էր: Շնորհավորելով տոնի կապակցությամբ, քաղաքապետն ընդգծել է, որ արտիստուհու կերտած կերպարներն այսօր էլ շատ սիրված և ընդունված են հանդիսատեսի կողմից: Դերասանուհին շնորհակալություն հայտնելով և առանձնակի ընդգծելով իր հարգանքը քաղաքապետի նկատմամբ, ջերմ, մտերմիկ մթնոլորտում հուշեր է պատմել իր բեմական կյանքից:
Տոնի առիթով, գարնանային գեղեցիկ ծաղիկներից զատ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը սիրված արտիստներին քաղաքամայր Երևանի հիմնադիր Արգիշտի արքայի պատկերով դրվագված խորհրդանշական հուշանվերներ է հանձնել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply