Ստենլի Ջորդանի համերգին փայլեց Վահագն Հայրապետյանը

ԷՍՍԵ | | August 28, 2009 12:52

Սովետների երկաթյա վարագույրով փակված ջազասերների համար եկել են քիչ թե շատ ուրախալի ժամանակներ` CD­ ներ, DVD­ ներ, ջազ հնչեցնող ակումբներ, համերգներ, նույնիսկ ջազային աստղեր են հրավիրվում, նրանք էլ գալիս են (ցավալի է իհարկե, որ էդպես էլ չտեսանք Էլինգտոնին, Մայլսին, Մոնկին, Էվանսին, Քոլթրեյնին, մյուսներին, բայց դե ինչ արած, անցած լինի), եկավ Բենի Մաուփինը, Չիկ Կորեան, Ալ Ջերոն, հիմա էլ` Ստենլի Ջորդանը: Հրաշալի է:

Այո, շնորհիվ ամերիկյան դեսպանատան, հրաշալի համերգի ունկնդիրն ու ականատեսը եղանք. օգոստոսի 12-ին օպերային թատրոնի դահլիճում ելույթ ունեցավ ջազային հանրահռչակ գիթառահար, կատարման բացառիկ տեխնիկայի տիրապետող նորարար Սթենլի Ջորդանի եռյակը: Սակայն Սթենլի Ջորդանը կների` իր կատարման մասին չէ, որ ուզում եմ խոսել,­ այն իմ գնահատականի կարիքը չունի,­ այլ այդ համերգի հյուր, համերգի ավարտին մեկ կատարումով հանդես եկած Վահագն Հայրապետյանի:

Ջորդանը հայտարարեց` սյուրպրիզ ունենք, մեզ հետ ելույթ կունենա ձեր Վահագն Հայրապետյանը: Եվ իսկապես անակնկալ եղավ, ավելի շատ` երևի հենց իր` Ստենլի Ջորդանի եռյակի համար: Դյուկ Էլինգտոնի հանրահայտ «Քարավանը» նվագեցին` ջազային երաժշտության ավանդույթի մարգարիտներից: Ջորդանի եռյակը հենց ավանդական մեկնարկ էլ տվեց, սակայն պարզվեց` Վահագն Հայրապետյանին դա էնքան էլ «ձեռ չի տալի», նա իր հատուկ, «ջարդած» ակորդներով, անկանխատեսելի գլխապտույտ պասսաժներով սկսում է կոտրել «Քարավանի» դասական մեկնաբանությունների կարծրատիպերը` քարավանապետի առաքելությունը վստահորեն իր ձեռքն առնելով: Հետաքրքիրն այն է, որ կոտրելով կարծրատիպերը` Վահագնին միևնույն ժամանակ հաջողվում է մնալ ավանդույթի մեջ, հարգանքի տուրք մատուցելով բուն նյութին ու ինքն էլ դրանից մեծ հրճվանք վայելելով: Առաջին անգամ էի վկա` սպիտակամորթի ջազային տեմպերամենտն առավել է, քան սևամորթինը, սա կոտրում էր նաև իմ կարծրատիպը, թեև այստեղ կարելի է խոսել զուտ հայկական տեմպերամենտի մասին (սնապարծություն չի` Վահագնը վկա): Ստենլի Ջորդանը նվագակցում էր նկատելի դժվարությամբ, հաճախ չէր հասցնում Հայրապետյանի ջազային երևակայության բուռն դրսևորումներին ժամանակին ու ադեկվատ արձագանք տալ, որովհետև Վահագնը անդադար փոխում էր ընթացքի տրամաբանությունը, նոր խնդիրներ առաջադրում, ո’չ դիտավորյալ, ցուցադրականություն չկար, պարզապես ինքն իր նման էր, իրեն հարազատ, հո իրեն չէ՞ր դավաճանելու` հենց միայն նվագակցության խնդիրը դյուրին դարձնելու համար:

Բասահարն ու թմբկահարը բացահայտորեն զարմացած են, զարմանքն աստիճանաբար փոխվում է ակնածանքի, եռյակը մեծ ոգևորությամբ սկսում է «փռել ռելսերը»` ապահովելով Վահագն Հայրապետյանի «գնացքի» հաղթական սլացքը: Հանդիսատեսը վերցվում է ջազային փոթորիկի մեջ, վայելքն աննկարագրելի է: Եթե Ստենլի Ջորդանը համերգի ընթացքում իրեն թույլ էր տվել դասական, ռոք և նույնիսկ փոփ հղումներ, ապա Հայրապետյանի հղումները զուտ ջազային են, կրքոտ դրայվով զուտ ջազային վայելքը հանդիսատեսին Վահագնը պարգևեց:

Մեր ակումբներում մի քանի անգամ լսել եմ Վահագն Հայրապետյանի եռյակային կատարումները, ամեն անգամ դարձյալ ու դարձյալ համոզվել` մեծ երաժիշտ է, առանց չափազանցության` նրան կարելի համարել այսօրվա համաշխարհի լավագույն ջազային ստեղնահարներից մեկը, գուցե` ամենալավագույներից մեկը: Նա չի շրջանցել ջազի դասական հայտնի դաշնակահարներից և ոչ մեկին, խորությամբ ուսումնասիրել է` Արտ Թեյթըմ, Բադ Փաուել, Մք’ Քոյ Թայներ, Թելոնիուս Մոնկ… Առհասարակ, Վահագնը մեծ լրջությամբ ու ամենայն պատասխանատվությամբ է ուսումնասիրել ջազային մշակույթը` ակունքները, ուղղությունները, ոճերը, ավանդականը, ավանգարդը, մոդեռնը, էթնիկ փորձարարությունները… Կենսագրությունն իմանալու կարիք չկա` սա պարզ տեսանելի է քիչ թե շատ ուշադիր ունկնդրին: Սակայն այս ամենը նվագացանկային ընգրկուն տեսականու չի վերածվել, այլ ինչպես և բնորոշ է բարձրատաղանդ արվեստագետին` մարսվել է, տարրալուծվել նրա անհատականության մեջ` խթանելով այն, հարստացնելով նրա դրսևորումները, բազմացնելով միջոցները: Հայկական երանգները նույնպես ներկա են Վահագն Հայրապետյանի կատարումների ներկապնակում, դարձյալ` ո’չ հանուն ցուցադրության (այ էս մեր վեց­ութն ա, էս զուռնա­դհոլը, էս Դլեյամանը…), այլ հանուն երաժշտական խառնվածքի հարստացման, ինքնատիպության, անհատականության առավել հետաքրքիր դրսևորման: Արդյունքում, այսօր մեր փոքրիկ հանրապետությունն ունի ջազարվեստի մեծ աստղ, որ ունակ է փայլելու աշխարհի ցանկացած բեմահարթակին, ամենաքմահաճ հանդիսատեսի առջև, ամենաբարձրակարգ երաժիշտների կողքին:

Մնում է ի՞նչ… Մնում է համարժեք գնահատանք, համարժեք հոգատարություն դրսևորել, մանր­մունր կիսաշնորհ, կիսատ­պռատ «աստղիկների» անկանգ հոսքագծին դայակություն անելու փոխարեն` հայացքներս սևեռենք իսկապես տաղանդավոր անհատականությունների վրա, նրա’նց քարոզենք` հանենք ի տես աշխարհի:

Դիտվել է 1945 անգամ:
Print Friendly

Leave a Reply