Այո, Աշտարակի ճանապարհի վրա գտնվող այդ շենքում ամեն ինչ պրոբլեմ էր... Նույնիսկ այնտեղ ամեն օր առավոտյան հասնելն էր մեծ խնդիր՝ տրանսպորտ, բնականաբար, չկար, լավ էր գոնե այդ ճանապարհով երթեւեկող հազվադեպ մեքենաները, զինվորական հագուստով մարդկանց տեսնելով, կանգնում, վերցնում էին... Չաշխատող հեռախոսների մասին էլ չեմ խոսում, մինչեւ հիմա զարմանում եմ՝ ինչպես էինք կապի գրեթե լիակատար բացակայության պայմաններում ռազմական գործողությունների մասին տեղեկությունները հասցնում լրատվամիջոցներին... Բայց լավ բան էլ կար՝ բուֆետում ամեն մեկիս օրական մի բուխանկա հաց էին վաճառում...
Նոր շենքում ընդամենը մի անգամ եմ եղել, երբ կենսաթոշակս էի ձեւակերպում. դե պատերազմի ժամանակ ով էր մտածում, որ թոշակառու է դառնալու ու ինչ-որ փաստաթղթեր են պահանջվելու... Տպավորիչ է, իհարկե, նոր շենքը, բայց, հիշում եմ, դեռ այն ժամանակ մտածեցի՝ այսքան բետոնը եթե ծախսվեր Արցախի շուրջ «վիշապի ատամներ» կոչվող բուրգերով պաշտպանական գիծն ամրացնելու համար, ավելի լա՞վ չէր լինի...
Չխորանանք, կարեւորը՝ սիրուն քանդվեց այն շենքը, որը հաղթանակի հետ էր կապված...