Բնապահպաններ. գայլերին սպանելով խնդիր չի լուծվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 4, 2011 13:36

Գայլերին սպանելու համար դրամական պարգևատրումներ տալով  կառավարությունը լուծում է ոչ թե խնդրի առաջացման պատճառները, այլ հետևանքները, այն էլ կարճ ժամանակով. այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեցին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը և էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

Մասնագետները նշում են, որ բնապահպանության նախարարության հայտարարած տվյալները գայլերի թվաքանակի մասին առնվազն կրկնակի չափազանցված են. Հայաստանում երբևէ 750-800 գայլից ավելի չի եղել և հիմա էլ չկա (պաշտոնական տվյալներով Հայաստանում կա գայլերի 1700 առանձնյակ):

Սիլվա Ադամյանը նշում է, որ գայլերը նորմալ պայմաններում  մարդկանց վրա չեն հարձակվում, բնակավայրերում գայլերի երեևալու պատճառներից են նրանց կենսամիջավայրի փոփոխությունները և որսակենդանիների նվազումը: Ադամյանը նշում է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն կրճատվել է գայլերի կենսամիջավայրը, նվազել է նաև նրանց սննդի աղբյուր կենդանիների թվաքանակը, ուստի գայլերի սննդի աղբյուրը հիմա ընտանի կենդանիներն են:

«Կառավարության որոշումն ուղղակի անընդունելի է, առանց այդ էլ Հայաստանում կենդանական աշխարհի հանդեպ դրական վերաբերմունք չկար»:

Մանվելյանը նշում է, որ գայլերին ոչնչացնելով խնդիրը կլուծվի միայն շատ կարճ ժամանակով: Նրա խոսքով` ավելի արդյունավետ է ստեղծել փոխհատուցման հիմնադրամ, որը գյուղացիներին կփոխհատուցի վայրի կենդանիներից կրած վնասները` այդպես և գյուղացին չի տուժի, վայրի կենդանիներն էլ չեն ոչնչացվի: Նա նաև նշում է, որ գայլերի խնդիրը լուծելու համար պետք է քայլեր ձեռնարկել նրանց սննդի աղբյուր կենդանիների գլխաքանակը ավելացնելու ուղղությամբ: Մանվելյանը նշում է, որ, օրինակ, Հայաստանի հարավային շրջաններում գայլերի գլխաքանակը ավելացել է հովազներին սպանելու հետևանքով: Իսկ գայլերին սպանելն էլ կարող է բերել բորենիների թվի աճի, ինչն ավելի մեծ խնդիրներ կառաջացնի:

Ղասաբյանը նշում է, որ գայլերը «վերահսկում» են իրենց պոպուլյացիան. երբ գայլերի թիվը նվազում է, էգ գայլերը մինչև 6 գայլուկ են ծնում, իսկ երբ գայլերի թիվն ավելանում է, ծնվող գայլերի թիվն էլ է նվազում: Ղասաբյանը նշում է, որ 50-ական թվականներից սկսած Հայաստանում ամեն տարի սպանվել է 120-340 գայլ: Ղասաբյանը նաև նշում է, որ գայլերի զանգվածային սպանությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Նա պատմում է, որ մի քանի տարի առաջ ուղղաթիռից կրակել են բնակավայր մտած գայլերի ոհմակի հիմնական կորիզը` հինգ գայլերի: Մեկ տարի հետո ոհմակն արդեն ունեցել է 15 գայլ. «Ոհմակի առաջնորդը և նաև էգ առաջնորդը վերահսկում են ոհմակի մյուս անդամներին ու թույլ չեն տալիս մասնակցել վերարտադրման պրոցեսին: Առաջնորդների սպանությունը կբերի նրան, որ մյուս գայլերն անարգել կբազմաման»:

Ղասաբյանը նաև օրինակ է բերում եվրոպական երկրներից, որտեղ գայլերն ընդհանրապես վերացել են: Գերմանիայում, օրինակ, վարազներն ու եղջերուներն այնքան են շատացել, որ մարդիկ արտերի մոտ հերթապահություն են իրականացնում` բերքը նրանցից պաշտպանելու համար:

Բնապահպանները կառավարության որոշման մի այլ վտանգավոր դրույթ էլ են մատնանշում. եթե գումար ստանալու մտքից գայթակղված մարդիկ գայլեր որսալու համար օգտագործեն թույն կամ թակարդ, կարող են տուժել նաև այլ, այդ թվում և ոչնչացման եզրին գտնվող կենդանիներ:

Կառավարությունը այս տարվա փետրվարի 10-ին որոշում ընդունեց, որով 10 մլն դրամ հատկացվեց գայլերի թվաքանակը նվազեցնելու համար: Որսորդները յուրաքանչյուր սպանված գայլի համար 100 հազար դրամ պարգևավճար կստանան:

Դիտվել է 2440 անգամ:
Print Friendly

Leave a Reply