Թուրքիայում վիճակը սրվում է. իշխող կուսակցությունը սահմանափակում է ռազմական դատարանների դերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 9, 2009 13:55

Հակառակ գեներալների զգուշացումներին` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ստորագրել է Ազգային մեծ ժողովի` անցած ամիս ընդունած վիճահարույց օրենքը, որը սահմանափակում է ռազմական դատարանների լիազորությունները: «Նման պահանջ առաջացել է Եվրամիության հետ անդամակցության ուղղությամբ տարվող բանակցություններում»,-հայտարարել է Գյուլը: Օրենքը ենթադրում է, որ խաղաղ ժամանակներում պետական հեղաշրջման փորձ, ազգային անվտանգությանն սպառնացող կազմակերպված հանցագործություններ կատարած կամ դրանցում մեղադրվող զինվորականների դատավարությունները պետք է ընթանան քաղաքացիական դատարաններում: Ամրագրվել է նաև դրույթ, որն արգելում է ռազմական դատարաններին վճիռներ կայացնել քաղաքացիական անձանց նկատմամբ: Թուրքական մամուլը փոխանցել է, որ «գեներալներն օրենքը հակասահմանադրական են համարում և գտնում են, որ այն ոտնահարում է զինվորականների մասնագիտական ու սահմանադրական լիազորությունները»: Ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալն էլ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` օրենքն անվավեր ճանաչելու համար: Օրենքը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում և սրեց իշխող Արդարություն և զարգացում կուսակցության և Թուրքիայում քաղաքական որոշումների ընդունման հիմնական ինստտուտի` բանակի միջև հարաբերությունները: Օրենքն ընդունվեց այն բանից հետո, երբ թերթերից մեկում հայտնվեց փաստաթուղթ, որում հստակորեն նշվում է, թե բանակը պատրաստվում է իշխանությունից հեռացնել իշխող կուսակցությանը «Աթաթուրքի սկզբունքներն ու Սահմանադրությունը ոտնահարելու» պատճառաբանությամբ: Թուրքական բանակն անցած դարի 60-ականներից 4 անգամ տապալել է քաղաքացիական իշխանություններին:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply