Քարոզարշավի հեռուստալուսաբանումը եղել է չեզոք, իսկ ամենաշատ եթերն օգտագործել է Տիգրան Կարապետյանը

ՄՇԱԿՈՒՅԹ | | May 22, 2009 19:05

Հայաստանյան հեռուստաընկերությունների` նախընտրական քարոզարշավի առաջին կեսի լուսաբանումը եղել է համեմատաբար զուսպ ու հավասարակշռված. ամփոփելով Երևանի մամուլի ակումբի կազմակերպած հեռուստատեսային մոնիթորինգի արդյունքները` ասաց համակարգող Էլինա Պողոսբեկյանը:

Ըստ նրա` հեռուստաընկերությունների` քաղաքապետի թեկնածու կուսակցությունների քարոզարշավի լուսաբանումը 97,1 տոկոսով չեզոք է եղել:

Մամուլի ակումբը մոնիթորինգն իրականացրել է երկու փուլով` ապրիլի 16-ից մայիսի 1-ը` մինչ նախընտրական քարոզչության սկիզբը, և մայիսի 2-16-ը` քարոզարշավի առաջին կեսը: Դիտարկվել են յոթ հեռուստաընկերություններ` «Հ1», «Հ2», «ԱԼՄ», «Արմնյուս», «Շանթ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա»:

Պողոսբեկյանն ասում է` քանի որ հեռուստաընկերություններն են ինֆորմացիայի ամենաազդեցիկ աղբյուրը Հայաստանում, անդրադարձել են միայն դրանց:

Պողոսբեկյանի վերլուծությամբ` լուսաբանման մեջ հիմնականում պահպանում են չեզոքությունը: «Անգամ եթե բացասական երանգավորում է լինում որևէ թեկնածուի մասին, լրագրողը ոչ թե իր խոսքերով է արտահայտում, այլ միայն նյութի հերոսների միջոցով»,-ասում է նա:

Նվազել է նաև բացասական հիշատակումների թիվը` 5 բացասական հիշատակում մայիսի 2-16-ը ընկած ժամանակահատվածում. 3-ը հնչել է ՕԵԿ-ի հասցեին «ԱԼՄ»-ի եթերում, 1-ը` ՀՀԿ-ի «Հ1»-ի եթերում և 1-ը Հայ ազգային կոնգրեսի հասցեին` «Կենտրոնի» եթերում:

Դիտարկումների երկու փուլում էլ եթերային ժամանակի առաջատարը Ժողովրդական կուսակցությունն է (մոտ 16 ժամ` 2-րդ փուլում): Քարոզարշավի ընթացքում եթերում հայտնվելու հաճախականությամբ երկրորդը ԲՀԿ-ն է (9 ժամ), 3րդ տեղում ՀՅԴ-ն է (մոտ 7 ժամ), 4-րդում` ՕԵԿ-ը (մոտ 6 ժամ), ցուցակը եզրափակում են ՀՀԿ-ն (մոտ 5 ժամ), Հայ ազգային կոնգրեսը (2,5 ժամ) և Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (1 ժամ):

Ըստ մոնիթորինգի արդյունքների` բոլոր յոթ կուսակցություններն օգտվել են նաև Հ1-ով տրամադրվող անվճար եթերաժամից, իսկ վճարովի եթերաժամից չեն օգտվել միայն ԺԿ-ն և ՀՅԴ-ն:

Դիտվել է 2494 անգամ:
Print Friendly

Leave a Reply