Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2013 17:06

Պետությունը անտարբեր է մեր մշակութային ժառանգության նկատմամբ: Դա է վկայում Փակ շուկայի այսօրվա վիճակը, որը բարբարոսաբար ոչնչացվում է: Ճարտարապետների միությունում Փակ շուկայի թեմայով մտավորականության, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա հիշեցրեց, որ այս խնդրով դիմել են երկրի ղեկավարությանը` նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, սակայն որևէ արդյունք չկա. շինարարաական աշխատանքները շարունակվում են, թեև չկա նախագիծ:

«Մեկ տարի է, բոլորս ամեն ինչ արել ենք, որ դադարեցվի շենքի բարբարոսաբար ոչնչացումը: Համոզել ենք, որ դեմը առնվի, կկանգնեցվի շինարարությունը, սակայն շարունակվում է ոչնչացումը: Մենք դիմել ենք բոլոր պատասխանատուներին, սակայն քաղաքապետարանից մեզ այնպես են պատասխանել, որ ամոթ է նույնիսկ կարդալ»,- ասաց նա, բայց մասնակիցները պնդեցին, որ այն ներկայացնի. ըստ քաղաքապետարանի պատասխանի, կառուցապատողը առանց նախագծի շինարարական աշխատանքներ կատարելու համար տուգանվել է երկու անգամ:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր խոսքում նշեց, որ այսօր քաղաքաշինության ոլորտոմ կարգապահության մասին խոսելը իմաստ չունի, սեփականաշնորհման գործընթացի հետևում որևէ օրինապահության չկա: «Տպավորություն է, որ ոլորտն ամբողջությամբ 4-5 հոգի վերցրել են իրենց ձեռքը, որոնց նույնիսկ պետական մարմիններն են անզոր դիմակայել »,- ասաց նա:
Քննարկմանը ներկա ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը իր խոսքում նշեց, որ կան անձեր, որոնց շահերը ավելի բարձր է պետության շահերից: Նա համոզված է, որ եթե լինի կամք, հետևողականության, կարող էին բռնել սեփականատիրոջ ձեռքը:

«Ունենք մի վիճակ, որտեղ արհամարհված է պետության, Հայաստանի քաղաքացու շահը: Մենք այլևս չենք կարող փրկել հուշարձանը: Շուկայի 1/3-ն արդեն ավերված է»,- ընդգծեց նա:

Հայաստանի դեմոկրատական կուսկացության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, որ շինության սեփականատերը` Սամվել Ալեքսանյանը, «որը, ի դեպ, Ազգային ժողովի պատգամավոր է», վեր է դասել իր շահերը պետության շահերից, արատավորել է պետության կողմից պահպանվող հուշարձանը: «Մենք պետք է պահանջատեր լինենք, որ սեփականատեր կոչվածը վերականգնի այն, ինչ ունեցել ենք, ինչպես եղել է, պահանջել, որ զրկել նրան այդ սեփականության իրավունքից, քանի որ խախտել է բոլոր օրենքները, քրեական գործ հարուցել նրա դեմ»,- առաջարկեց նա` ընդգծելով, որ այս դեպքում գործ ունեն վանդալի հետ: Նա նաև հարց ուղղեց գլխավոր դատախազին, թե ինչո՞ւ չի միջամտում այս ամենին:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ առաջարկեց դիմել դատախազություն ու դադարեցնել այդ շինության սեփականատիրոջ պատգամավորական լիազորությունները:

Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն ասաց, որ Երևանի սրտի կենդանի շնչերից մեկը կացնահարել է ոչ թե թուրքը, այլ հայ օլիգարխը: Ըստ նրա, դրան գնահատական կարող է տալ միայն հանրապետության նախագահը, միաժամանակ դատապարտելով դատախազին, որ խնդրին չի անդրադառնում: Տիգրան Խզմալյանն էլ կարծում է, որ խնդրի լուծման միայն մեկ ձև կա` անհնազանդություն:

Քննադատական, մեղադրական բոլոր ելույթները լսելուց հետո մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ասաց. «Միանում եմ հնչած բոլոր կարծիքներին, կիսում բոլորիդ ցավը: Շուկայի վերակառուցման նախագիծն արդեն քննարկման փուլում է: Հաջորդ շաբաթ հավանաբար կլինի եզրակացությունը: Ըստ նախագծին, այն ինչ կառուցվել է, ոչ ամբողջովին, ապամոնտաժվելու է, պետք է ամրակայվեն, վերակառուցվեն շուկայի բոլոր ինը կամարները: Նախագծի հաստատումից հետո նոր կսկսեն աշխատել աշխատանքային նախագծի վրա»: Փոխնախարարը նաև հավելեց, որ նախագիծը միանշանակ չէ ու քննարկման արդյունքում պետք է գան եզրակացության: Լիլիթ Գալստյանը պահանջեց, որ հանրային քննարկում լինի, փոխնախարարն էլ կարծիք հայտնեց, որ չարժե մասնագիտական քննարկումը հանրային դարձնել:

Իսկ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, դիմելով Ա. Սամուելյանին, առաջարկեց դատի տալ Երևանի քաղաքապետարանին` մեղադրելով անգործության մեջ: Նա էլ պատասխանեց, որ քաղաքապետարանը անգործության մատնված չէ, բացի այդ հավելեց, որ պետական մի մարմինը չի կարող մյուսին դատի տալ:

Քննարկման մասնակիցները որոշեցին կրկին նամակ գրել երկրի ղեկավարին: Լիլիթ Գալստյանն էլ առաջարկել դիմել նաև դատախազություն, քանի որ կատարվել է բացահայտ հանցագործություն: Ընդունվեց նաև այս առաջարկությունը:

Նախորդող նորություններ` «Փակ շուկայի» ճակատագիրը` փակ դռների հետևում

Փակ շուկայի օրինախախատումների հետ կապված պահանջված փաստաթղթերը քննչականում են (լուսանկարներ)

Բողոքի ակցիա Ծածկած շուկայի դիմաց… Վերադարձրեք նախկին տեսքին և վերջ (տեսանյութ)

Փակ շուկա-«ֆորսմաժոր». Ձեզ ո՞վ էր ասում շենքին ձեռք տալ

Ծածկած շուկայի վերգետնյա հատվածի էսքիզային նախագիծը հաստատված է… «…մի երկու կամար չի լինելու»

Panorama.am

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply