Մեծ Բրիտանիան առաջինը պետք է չեզոքացնի Ադրբեջանի ագրեսիան. Սերժ Սարգսյանի լոնդոնյան ուղերձը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 25, 2010 16:19

Սերժ Սարգսյանի ելույթը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում

«Մենք ձգտում ենք զարգացնել մեր ներուժը` գնահատելու հակամարտությունների ռիսկերն ու կանխարգելելու հնարավոր բռնկումները. մարտահրավերները չեզոքացնելու ամենաարդյունավետ ճանապարհը վաղ արձագանքման ռազմավարությունն է»,- նշում է 2009 թվականին հրապարակված Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հայեցակարգը:

Ուշագրավ է, որ  BP (British Petroleum)-ի կողմից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումից (2005-2006) հետո հենց, Ադրբեջանը սկսեց կտրուկ ավելացնել ռազմական բյուջեն: Եթե 2005 թվականին  Ադրբեջանի տարեկան ռազմական ծախսերի հանրագումարը 300 միլիոն էր, 2007 թվականին արդեն` 1.3 միլիարդ էր,  2008 թվականին հասցրեց  2 միլիարդի, իսկ 2009 թվականին`  2.46 միլիարդի:

«Հաջորդ տարի (2010) նավթի ու գազի վաճառքի ծավալներն ավելի կաճեն (2009 թվականին` 50 մլն տոննա նավթ և 25 մլրդ խմ գազ էր վաճառել), այդպիսով,  մեր երկիրը կստանա լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ»,-նշեց  Ադրբեջանի նախագահ Ալիևը` Նոր տարվա իր ուղերձում:

Այսինքն, ռազմական բյուջեի ծախսերն էլ ավելի են աճելու:

Փաստորեն, Մեծ Բրիտանիան հակամարտությունների պայթյունավտանգ ռիսկին վաղ արձագանքելու փոխարեն, անուղղակիորեն նպաստում է այդ ռիսկի մեծացմանը:

BP-ն է գործարկում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և 11 բաժնետերերի շարքում ունի 30,1 տոկոս մասնաբաժին: Բացի այդ, BP-ն ունի կրկին գերակա 34,1 տոկոս մասնաբաժին Ազերի-Չիրագ-Գունեշլի նավթավայրային կոմպլեքսից, 25,5 տոկոս` Հարավկովկասյան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում կամ Շահ-Դենիզ) նավթամուղից  և  ևս 15 տոկոս` Ալով/Ալբորզ նավթավայրից:

Մեծբրիտանական ազգային անվտանգության հայեցակարգը նաև նշում է, որ հակամարտությունների բռնկման ռիսկի գնահատումը և բռնկումը կանխատեսելը հնարավոր չի լինի , եթե բացակայեն բավարար պայմաններ ու  ռեսուրսներ: Իսկ Մեծ Բրիտանիան անհրաժեշտ չափի ռեսուրս-լծակներ ունի Ադրբեջանի վրա, ուստի նրա ռազմական ծախսերը կարող է վերահսկել:

Ադրբեջանա-ղարաբաղյան հարցում բրիտանական ներկայության այս հանգամանքով է ավելի կարևորվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լոնդոն ու ելույթը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:

Եթե հաշվի առնենք քաղաքագիտական այն դրույթը, թե ավելի կարևոր է` ով, որտեղ և ում ներկայությամբ է ելույթ ունենում, ապա կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի Chatom House-ում ելույթի մի մեծ հատվածն ուղղված էր Ադրբեջան-Մեծ Բրիտանիա դաշինքին և խորհրդատվություն էր մեծբրիտանական համայնքին` չեզոքացնելու ադրբեջանական հնարավոր ագրեսիան:

Նախագահը նախ քննադատեց պրո-ադրբեջանական դիրքորոշումը` զգուշավորության կոչ անելով. «Խնդիրը նուրբ ու զգայուն շատ կողմեր ունի: Ես հորդորում եմ բոլորին, երիցս ուշադիր լինել ԼՂ հիմնախնդրի մասին հրապարակավ արտահայտվելիս, հաշվի առնել բոլոր հարթությունները, հաշվի առնել հնարավոր հետևանքներն ու կողմերի ընկալումները… և չարժե որևէ առիթով, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ընգծված տոնայնություն տալ «տարածքային ամբողջականություն» հասկացությանը»:

Ինչպես օրինակ` բրիտանացի նախկին պատգամավոր, Եվրախորհրդի նախկին գլխավոր քարտուղար Թերի Դևիսը, որը, սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, 2007-ին Լեռնային Ղարաբաղում անկացված ընտրությունները նույնիսկ ծաղրական տոնով համեմատել էր Եվրոպայում սեքսուալ փոքրամասնությունների խոսքի ազատության սահմանափակման դեպքերի հետ:

Իսկ Ադրբեջանում անցյալ տարի անցկացված սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն  նույն անձը կարող է անընդհատ վերընտրվել նախագահ, մեկ այլ բրիտանացի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Մայքլ Հենկոկը ողջունեց , հայտարարելով, թե դա ադրբեջանական ժողովրդի ընտրությունն է. «Մարդիկ իրավունք ունեն նախագահ ընտրել նրան, ում ուզում են, ինչքան ուզում են ու քանի անգամ ուզում են»,-ասել էր նա: Այնինչ միջազգային հանրությունը քննադատեց այդ փոփոխություները որպես հակադեմոկրատական:

Այս ամիս Եվրոնյուզի հետ հարցազրույցում, Ալիևը ևս նույն բրիտանական փաստարկն էր բերել. «Ինչու՞ պետք է ժողովուրդն այդ իրավունքից զրկված լինի: Եթե նրանք ընտրության իրավունք ունեն, պետք է ընտրության հնարավորություն ընձեռել…Այդ դեպքում նրանք կարող են ընտրել նրան, ում ուզում են»:

Մեծ Բրիտանիան առաջին երկիրը պետք է լինի, որը ոչ միայն ադրբեջանամետ դիրքորոշում չգրավի, այլ դատապարտի Բաքվի ռազմական ծախսերն ավելացնելու քաղաքականությունը` ելնելով գոնե միայն սեփական էներգետիկ անվտանգության հիմնախնդրից: Այդ դիրքորոշումը, ինչպես նշվեց, հղի է պատերազմի վտանգով:

Մեծ Բրիտանիայի անվտանգության հայեցակարգը նշում է, որ էներգիայի համաշխարհային պահանջը հիմիկվա համեմատ  2030 թվականին 50 տոկոսով ավելի կլինի, այդպիսով կարևորելով Ադրբեջանում մեծբրիտանական էներգետիկ շահերն ու Բաքվի հետ ռազմավարական հարաբերությունների կարևորությունը:

Բայց նույն ռազմավարության մեջ կարևոր է, որ հստակեցվի եկամուտների և եկամուտների ստացման անվտանգության հարաբերակցությունը: Էլ չենք խոսում այն փաստի մասին, որ նույն եկամուտները դառնում են հնարավոր պատերազմի համար զենք:

«Երբ առաջատար պետությունները մեծ գումարներ են ծախսում նավթ գնելու համար, չեմ կարծում, թե այդ երկրների համար պետք է միևնույնը լինի, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները , – հայտարարեց Սերժ Սարգսյանը:- Փաստն այն է, որ հենց այդ գումարները կարող են այնուհետև դառնալ շատ ավելի մեծ վտանգների աղբյուր, ինչի օրինակներ մենք տեսել ենք»:

Նախագահը նաև քննադատել է այն փաստը, որ «սովորական սպառազինությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատրելի չափաքանակները գերազանցող Ադրբեջանն այսօր որևէ լուրջ գնահատականի.  ըստ էության, չի արժանանում, իսկ այն զենքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթե նույնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միևնույն է` ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թե որտեղ և երբ»:

Դիտվել է 2628 անգամ:
Print Friendly

Leave a Reply