Հայաստանի զբոսաշրջային կենտրոնների այցելուները տարեցտարի ավելանում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2012 11:40

Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ համարվող գոտիները տարեցտարի բարեկարգվում և ավելի բարձր մակարդակով ծառայություններ են մատուցում, ինչն էլ  մեծապես նպաստում է այցելուների թվի ավելացմանը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  հայտնեց Ծաղկաձորի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության բաժնի գլխավոր մասնագետ Գերասիմ Մկրտչյանը, քաղաքում հանգստի և զբոսաշրջության պայմանները նախորդ տարիների համեմատ ավելի են բարելավվել: «Քաղաքի լուսավորությունն է ավելացել, տեղադրվել են նստարաններ, ջրի մաքրության հարցը ևս լուծված է, իսկ Հանարապետության այլ քաղաքների, այդ թվում` Երևանի համեմատ, Ծաղկաձորի փողոցներն ավելի մաքուր են»,- նշեց նա: Այս ամենը նպաստել են զբոսաշրջիկների թվի ավելացմանը և ինչպես ընդգծում է Գերասիմ Մկրտչյանը, վերջին շրջանում քաղաքի հանգստյան գոտիներ ավելի շատ այցելում են հայաստանաբնակները, ինչը մասնագետը դրական տեղաշարժ է համարում: «Երևանից մեծ թվով մարդիկ են գալիս հատկապես ճոպանուղի նստելու համար»,- ասաց նա:

Ներկայում Ծաղկաձոր քաղաքում գործում են քսաներեք հյուրանոցային համալիրներ ու հանգստյան տներ: Գերասիմ Մկրտչյանի խոսքով, քաղաքը պատրաստ է օրական շուրջ հինգ հազար այցելուի ընդունել և սպասարկել ամենաբարձր որակով, «իսկ գները համապատասխանում են մատուցվող ծառայությունների որակին»:

Սևանի զբոսաշրջության կենտրոնի մասնագետ Դավիթ Թորոսյանը տեղեկացմամբ, ինչպես արտասահմանցի, այնպես էլ ներքին զբոսաշրջիկների մեծ մասը Սևան այցելության ժամանակ կենտրոնում չեն գրանցվում, հետեւաբար` զբոսաշրջիկների քանակի մասին տվյալները ստույգ լինել չեն կարող, այնուհանդերձ, Թորոսյանը հավաստիացնում է, որ այցելուների թիվը տարեցտարի աճում է: «Անցյալ տարի գրասենյակ է այցելել ընդամենը 150 մարդ: Խնդիրն այն է, որ շատերը կենտրոնի մասին չգիտեն, իսկ տեղեկատվական ցուցանակ միայն մեկ հատ է, ինչը, իհարկե, բավարար չէ»,-նշեց մասնագետը: Քաղաքապետարանը զբոսաշրջությունը խթանելու նպատակով հիմնականում զբաղվում է քաղաքի արտաքին տեսքի բարեկարգմամբ, ճանապարհների նորոգման և աղբահանության խնդիրներով: Ինչ վերաբերում է հանգստի կազմակերպմանը, ապա կենտրոնի մասնագետը նշում է, որ այդ հարցերով մասնավոր ընկերություններն են զբաղվում: «Օրինակ` որոշ հյուրանոցային համալիրներ համերգներ, շոու և դիսկոտեկներ են կազմակերպում, իսկ սեպտեմբերից հետո, երբ այցելուների քանակը համեմատաբար պակասում է` հանգստյան գոտիներում մեծ զեղչեր են լինում»,- հայտնեց  նա: Սևանում հանգստացողների թվում գերակշռում են երևանաբնակները: Դավիթ Թորոսյանն սա պայմանավորում է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում սոցիալ-տնտեսական պայմանները մարզերի համեմատ փոքր-ինչ նպաստավոր են:

Սևանի ափամերձ տարածքներում գործող հյուրանոցներում` «Ախթամար», «Հարսնաքար», «Կապուտակ Սևան», «Բոհեմյան», «Ավան Մարակ Ծափաթաղ»  այցելուների համար ապահոված են ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ հանգստի բոլոր պայմանները` պարադահլիճ, սրճարան, բիլիարդի խաղասրահ, ձիավարժարան, թենիսի խաղադաշտ, ինչպես նաև կոնֆերանսների դահլիճներ:  Սեւանի տարածքում գործում է նաև «Արևիկ» առողջարանը:

Ջերմուկ քաղաքը ևս զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող քաղաք է, որը հայտնի է հատկապես իր առողջարանային տներով: Քաղաքում գործում են վեց առողջարանային տներ` Ջերմուկի «Թիվ 1 առողջարան», «Գլաձոր», «Աշխարհ», «Արարատ», «Օլիմպիա» և «Արմենիա»: Այս առողջարաններում վստահեցնում են, որ իրենց ծառայությունները համապատասխանում են բոլոր չափանիշներին. ունեն սպասարկման բարձր մակարդակ, ինչպես նաեւ մատուցում են բազմազան բուժծառայություններ: Քաղաքում հանգստի համար ևս անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահոված են: Մեծ թվով այցելություններ են լինում հատկապես ճոպանուղի` մեծ մասամբ ամռան և ձմռան շրջանում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 281 հազար 034 զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.1 տոկոսով: 2012 թվականի հունվար-հունիս ամիսներին  հանրապետությունից, որպես զբոսաշրջիկ, մեկնել է 302 հազար 090 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն աճել է 9.3 տոկոսով:

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply