Երիտասարդական պալատի ճարտարապետը չի համաձայնի կրկնել իր գլուխգործոցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 18, 2012 17:16
ԽՍՀՄ-ում հայտնի եռյակի` ճարտարապետներ Հրաչիկ Պողոսյանի, Սպարտակ Խաչիկյանի եւ Արթուր Թարխանյանի նախագծով 1976 թվականին Երեւանում կառուցված Երիտասարդական պալատի քանդման թույտվությունը Երեւանի քաղաքապետարանը տվել է 2005-ին: Երիտասարդական պալատի սեփականատեր «Ավանգարդ մոթորս» ընկերությունը նոր համալիրի կառուցման իրավունքը ձեռք է բերել 2010-ին:
Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը նշել է, որ ԽՍՀՄ անդամ բոլոր երկրների մայրաքաղաքներում կառուցվել են երիտասարդական համալիրներ. նույնն արվել է եւ Երեւանում: Նախագծումը սկսվել է 1972թ-ից. սկզբում կառուցվել է հյուրանոցը, ապա ակումբը, որից հետո համերգասրահը` նախատեսված 1000 հանդիսատեսի համար: «Պալատի տարածքը հատուկ է ընտրվել. այն մոտ է ուսանողական թաղամասին, քանի որ երիտասարդության համար էր կառուցված: Բացի այդ, տարածքը մոտավորապես նույն վիճակում էր, ինչ հիմա Սարի թաղը կամ Նորագյուղը. այնտեղի տները խարխուլ վիճակում էին»,- ասաց Պողոսյանը: Նրա խոսքով` նախապես որոշված էր վերանորոգել Երիտասարդական պալատը, սակայն հետագայում տարածքի սեփականատերը որոշել է կառուցել նախադեպը չունեցող համալիր:
«Երիտասարդական պալատը Երեւանի բնակչության հարստությունն էր: Խորհրդային տարիներին կարգ կար` կառույցը քանդելուց առաջ պետք է ներկայացվեր դրա փոխարեն կառուցվելիքի նախագիծը»,- նշեց ճարտարապետը: Նրա փոխանցմամբ` հետաքրքրությունը Երիտասարդական պալատի հանդեպ մեծ էր` մինչ օրս այն դասագրքերում տեղ ունի:
Նյու Յորքի «Սովետական մոդեռն» հանդեսում տեղ են գտել Երիտասարդական պալատը, Մարզահամերգային համալիրը, «Ռոսիա» կինոթատրոնը: Ճարտարապետը նշեց, որ Երիտասարդական պալատն իբրեւ կառույց աշխարհում եզակի էր իր տեսակով, սակայն եթե իրեն առաջարկվի նույնը կառուցել մեկ այլ վայրում, չի համաձայնի: «Նույն գետը երկու անգամ չեն մտնի: Պալատը նախագծված էր 1970-ականներին, հիմա ամեն ինչ փոխվել է, մարդիկ էլ են փոխվել»,- ասաց նա:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ «Երիտասարդական պալատ»-ը քանդվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից 20.10.2005թ-ի համար քառասուն քանդման թույլտվության հիմքով: Սարալանջի փողոց 1 հասցեում գտնվող նախկին Երիտասարդական պալատի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Ավանգարդմոթորս» ՍՊԸ-ին: Վերջինիս կողմից ներկայացվել են երկու նախագծային առաջարկություններ պալատի տեղում կառուցվելիք շինությունների վերաբերյալ: Դրանցից ոչ մեկը Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում հավանության չի արժանացել, ինչի արդյունքում հայտարարվել է հյուրանոցային համալիրով միջազգային բիզնես-կենտրոնի ճարտարապետական կոնցեպցիայի մշակման վերաբերյալ բաց միջազգային մրցույթ, որի 2010 թ. եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել «Արայ Արքիթեքչր» ճապոնական ընկերության ճարտարապետ Արայ Կիոկոզայի նախագիծը, որը հիմա մշակման փուլում է: Ներկայում կատարվում են նախագծային աշխատանքներ:
Քաղաքապետարանից նշեցին, որ որեւէ շինություն քանդելիս հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ, այդ թվում նաեւ` ճարտարապետականը:
Երիտասարդական պալատը ժողովրդի շրջանում հայտնի է նաեւ իբրեւ «կրծած կուկուռուզ»։ Այն համալիր կառույց էր եւ իր մեջ ներառում էր լողավազան, ռեստորաններ, դիսկոտեկ եւ այլն։ Այսօր այն թեեւ գոյություն չունի եւ մնացել է միայն լուսանկարներում, սակայն շենքի բանալիները պահպանվում են Կարեն Դեմիրճյանի թանգարանում, ով, ի դեպ, շենքի բացման ժամանակ կտրել էր կարմիր ժապավենը:
Համալիրի պատվիրատու ընկերությունը 2010թ-ին հայտարարել էր, որ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո կսկսվի համալիրի կառուցումը, եւ որ 200 մլն դոլարի ներդրումային ծրագիրը կտեւի մոտ 3–4 տարի։
«Արմենպրես»






Facebook
Tweet This
Email This Post
