Հայ լրտեսուհին, Մեհրիբան Ալիևայի եթերաժամանակը, Բաքվի հյուրանոցների անկողինները. New York Times-ը՝ Բաքվի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2012 15:48

«Նեղլիկ միջանցքը, որը որոշ ազերիներ անվանում են «Երջանկության գոտի» սկսվում է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում: Քաղաք տանող նոր ճանապարհը սև է ու փայլուն, ինչպես նավթի հսկայական ավազանները, որոնցով վճարվել է դրա համար, ինչպես նաև՝ մնացած ամենի ինչի համար Ադրբեջանում: Իսկ ինչը նորոգելու համար նավթը չի վճարում, վճարում է դա կոծկելու համար…». գրում է New York Times-ը՝ Բաքվի դիմանկարի իր վերլուծականում (հոդվածագիր՝ Ջոշուա Նիվայլ):

Երջանկության նեղ գոտին ընդլայնվում է՝ Կասպից ծովի մոտով Բաքու հասնելով: Հոդվածագիրը նկարագրում է, թե այդ հատվածում ոստիկանները ինչպես են վերահսկում խիստ երթևեկությունը, որ գոյացնում են սպիտակ 4×4-երը. «Երթևեկությունը վերահսկելու մասին նրանց պատկերացումն բարձրախոսներից ագրեսիվ աղաղակելն է: Բայց դա ոչ մի արդյունք չի տալիս»:

«Պետք է խելառ լինեք՝ փողոցն անցնելու համար. ոմանք անցնում են», – նկատում է հոդվածագիրը: Առաջանալով՝ հեղինակը նկատում է նաև ներմուծովի արմավենիների և ձիթենիների այգիներում ցրված քաբաբանոցները և մանկական խաղահրապարակները: Ապա՝ Ադրբեջանի հսկայական դրոշը. «Այնտեղ, որտեղ ավարտվում է էսպլանադը (զբոսատարածքը) ահռելի՝ 70×35 մ չափերի ադրբեջանական դրոշն է՝ ամրացված 162 մ բարձրությյամբ դրոշաձողին. նախատեսվում էր, որ դա կլինի ամենաբարձր դրոշը, և այդպես էլ եղավ մինչև Տաջիկստանը չգերազանցեց՝ իր 165 մետրանոց դրոշաձողով: Ասում են՝ Ադրբեջանի նախագահը վիրավորվել է, բոյկոտել Տաջիկստանում ծրագրված կոնֆերանսը»:

Նեֆթչիլարի («նավթագործների») պողոտայի մյուս կողմում երջանկության գոտու սիրտն է՝ դիզայներական բուտիկները: «Բարձր նորաձևությունը ծաղկում է, գոնե ցուցափեղկերից այն կողմ. Tiffany, Gucci, Dior, Bottega Veneta, Burberry, Etro, YSL՝ համաշխարհային «թայֆան» ամբողջությամբ այստեղ է». գրում է NYT-ն:

«Զվարճալի էր թվում Ավենյու Մոնտանի, Սլոուն սթրիթի և 5-րդ ավենյուի խառնուրդը տեսնել մի վայրում, որտեղ ավանդական նորաձևության խոսքը մեծ, փրչոտ գլխարկն է՝ ոչխարի մորթուց: Հիրավի նորաձևության մասին պատկերացումները այստեղ նույնքան նեղ են, որքան երջանկության գոտին: Էսպլանադն ի վար իջնելիս ես ու կինս նկատեցինք, թե երիտասարդ ադրբեջանցիների խմբերը՝ որպես կանոն՝ բոլորը տղաներ և բոլորը աղջիկներ, ինչպես են հրհռում մեզ վրա: Վերջապես մեկը մեզ բացատրեց, որ շորտով տղամարդիկ հոմոսեքսուալիստներ են, իսկ ծխող կանայք՝ մարմնավաճառուհիներ»,- գրում է Նիվայլը:

«Նոր Բաքուն երեկ է ծնվել: Սովետը մի լավ խորտակեց նավթարդյունաբերությունը, երբ 1920-ին տիրեց Ադրբեջանին, բայց այժմ 3 Հրե աշտարակներ ամեն գիշեր վառվում են 10 000 լուսադիոդներով: Դա քաղաքի էմբլեմն է և աշխարհին նայող էլեկտրական փարոս. Բաքուն վերադարձել է ու էլի նավթ է քաշում: Ադրբեջանի ՀՆԱ-ն 2000-ի 7 մլրդ դոլարից պայթեց և հասավ 63 մլրդի` անցած տարի, սակայն, շատ ազերիներ սարսափելի աղքատ են մնում: Ես շատ կուզեի գնումներ կատարել Gucci-ում, բայց այդ դեպքում ես մի քանի ամիս հաց չէի ուտի»,- մեջբերում է հեղինակը քաբաբանոցի մատուցողին:

«Լիքը փողը վերևների նեղ շրջանակի համար է մնում: Այդ փողը սատարում է կլանային կապիտալիզմի համակարգը և դրա ածանցյալ՝ մրցակից կլաններին գոհ ու երջանիկ պահելու համար: Կաշառքներն ու կոռուպցիան նորմա են: Ադրբեջանը Transparency International-ի աղյուսակում 182 երկրներից 143-րդն է կոռուպցիայի ցուցիչով:Երկրի եկամտի մեծ մասը չի գրանցվում, դրա մի մասը գոյանում է չհայտագրված ներմուծումից՝ օրինակ կոշիկի կամ պայուսակների: 2003-2009թթ ընթացքում, օրինակ Իտալիան դեպի Ադրբեջան մոտ 1,6 մլրդ դոլարի արտահանում է գրանցել: Նույն շրջանի համար Ադրբեջանն արձանագրել է 857 մլն դոլարի իտալական ներմուծում: Ղուբադ Իբադօղլուն՝ բաքվեցի մի տնտեսագետ, ուսումնասիրել է այս ֆենոմենը: Ըստ նրա՝ Ադրբեջանի ստվերային տնտեսությունը պաշտոնական տնտեսության մոտ 2/3-րդի չափերն ունի»,- հայտնում է Նիվայլը:

«Այստեղ տեր-տիրակալն Իլհամ Ալիևն է: Իլհամը, նրա խնամված կինն ու աղջիկները ղեկավարում են մի համակարգ, որը Մուրադ Հասանլին՝ Ադրբեջանի փոքր, պաշարյալ ընդիմության անդամը, անվանում է «սպառողական ավտորիտարիզմ»: Հասանլին ասում է՝ առաջ ինքն ու իր ընկերները «Գրազ գամ Իլհամն է» խաղն էին խաղում. պատահական հեռուստաալիք ես միացնում և խաղադրույք կատարում՝ արդյո՞ք Ալիևի պատկերը կլինի էկրանին, թե՞ ոչ»:Ալիևի տիկինը՝ Մեհրիբանը՝ կովկասցի Սոֆի Լորենը, իր սեփական եթերաժամանակը օգտագործում է՝ ազգային դրես-կոդը սահմանելու համար: «Շատ կանայք ցանկանում են Մեհրիբանին նմանվել, նրա պես սանրվածքներ ունենալ, տեսնել, թե նա ինչ է գնել ու դրանց նման բաներ գնել քաղաքամերձ Սադարակի էժան առևտրի կենտրոնում»,- ասում է Հադիջա Իսմայիլովան՝ Ադրբեջանի թերևս ամենաուղղախոս լրագրողը»:

Ալիևի երազանքն է Բաքվին աշխարհի մայրաքաղաքի արտաքին փայլ տալ՝ առանց այդպիսին լինելու համար անհրաժեշտ փուլերն անցնելու»,- շեշտում է NY Times-ի հոդվածագիրը:

«Ադրբեջանցիները Սերբիայից կամ Բելառուսից էլ վատ են, բայց որքան ավելի արագ կարողանան նմանվել Նյու Յորքին, այնքան ավելի արագ կարող են իրենց իրական համարել», – ասում է Մայքլ Ռոսը,- «Նավթի անեծքը. ինչպես է նավթային հարստությունը ազդում ազգերի զարգացման վրա» գրքի հեղինակը:

«Բաքուն միակ տեղը չէ, որտեղ նման բաներ են կատարվում: Բարեկիրթ էլիտան լավ է, բայց զարգացող միջին խավը, ինչպես օրինակ Չինաստանում կամ Հնդկաստանում, էլ ավելի լավ է:Ինչ նպատակների էլ ծառայեն Բաքվի խանութ-սրահները, գնումները կարծես այդ նպատակների շարքում չեն: Կաշառքներն ու մենաշնորհային արտոնագրերը ներմուծման գները այստեղ ավելի բարձր են դարձնում, քան որևէ այլ վայրում: Նույնիսկ հարաբերականորեն քիչ ազերիները, որ կարող են իրենց թույլ տալ գնումներ, հաճախ Բաքվի բուտիկները օգտագործում են ցուցափեղկերին նայելու նպատակով: Նրանք գերադասում են ավելի էժան Դուբայում կամ Միլանում առևտուր անել»,- գրում է հոդվածագիրը:

Նրա աչքից չի վրիպում գրեթե նույնանման իրավիճակը նաև Բաքվի հյուրանոցներում. «Վիզա ստանալու ավելի խիստ օրենքների պատճառով հյուրանոցների զբաղվածությունը 2005-ի 70 տոկոսից 45 տոկոսի էր հասել 2010-ին: Իսկ Բաքուն շարունակում է մահճակալներ ավելացնել, որոնցում ոչ ոք չի քնում: «Դա նախարարների համար լավ տարբերակ է՝ իրենց հարստությունը ցուցադրելու», – ասում է Մարինա Ուսենկոն՝ Jones, Lang, Lasalle Hotels-ի գործադիր փոխնախագահը և շարունակում. «Գուցե լավ է ընկերներիդ Four Seasons հրավիրելը, սակայն տնտեսական առումով անիմաստ է: Մենք փորձում էինք զգուշացնել նրանց, բայց Բաքվում ո՞ւմ կարող ես ինչ-որ բան զգուշացնել»:

NYT-ը խոսում է նաև «ճոխ բնակարանային նոր համալիրների մասին, որ հայտնվում են ամենուր, սակայն շատերը դատարկ խեցի են»:

«Եվրատեսիլ»-ը հոդվածագիրը գնահատում է որպես Ադրբեջանի համար սպասված պահ համաշխարհային լրատվամիջոցներում երևալու առումով, որը, սակայն վերածվեց «PR աղետ»-ի:

Հեղինակը հիշում է նաև հետևյալ միջադեպը. «Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը, ով հաղթեց մրցույթում բավական հեռուն գնաց՝ հանդիպեց ընդդիմադիր ակտիվիստներին: Իմ ընկերուհի Մարգարիտա Անտիձեն՝ Reuters-ի թղթակիցը, Լորինին հարց էր տվել ետմրցութային մամուլի ասուլիսի ժամանակ: Անտիձեին մեղադրել էին կեղծ վրացական ազգանունով հայ լրտեսուհի լինելու համար: Հաջորդ օրն էլ ինտերնետում մեղադրանքներ էին հրապարակվել, թե նրա որդին ապօրինի է»:

Հոդվածագիրը եզրափակում է իր վերլուծությունը հետևյալ դիտարկումով. «Մյուս կողմից այս բեմականացված օյինները, կարծես, ամենից լավ ազդում են ժողովրդի վրա, ովքեր ամենալավը գիտեն [ինչ է կատարվում]՝ հենց ազերիների. «Մեր քաղաքն այնքան սիրուն է դարձել: Քաղաք ունենք աշխարհը չունի, ոչինչ որ մենք չգիտենք ինչպես գոյատևենք»,- ասում է նույն ժողովուրդը»:

Թերթ.am

Դիտվել է 1617 անգամ:
Print Friendly

Leave a Reply