Սուլթան Համիդի խոսքերը` Թումանյանի թանգարանի շքամուտքին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 27, 2012 18:41

Այսօր «Անկախ»-ի խմբագրությունը տեղեկություն ստացավ, որ Թումանյանի թանգարանի շքամուտքին` հենց Թումանյանի լուսանկարի տակ, մի պաստառ է փակցված, որի վրա գրված են Սուլթան Համիդի խոսքերը` տակն էլ հեղինակի անունը:

Տեղեկություն հայտնողը սովորական քաղաքացի էր, ով խիստ զարմացած ու վիրավորված էր այդ փաստից: Նրա կարծիքով, Սուլաթան Համիդի խոսքերը, այն էլ այքան մեծարանքով ի ցույց դնելը ոչ միայն ճիշտ չէ, այլև վիրավորական է. «Հետո՞ ինչ, որ նա գրել է, թե վախենում է մեր տառերից, ինչո՞ւ ենք մենք այդ բարբարոսի խոսքերով հպարտանում, ուրախանում և ցուցադրում բոլորին»,-զայրացած ասաց զանգահարողը:

Տեղեկատվությունը ճշտելու համար գնացինք Թումանյանի թանգարան և անձամբ տեսանք պաստառը: Այն իսկապես հատուկ երևացող տեղում էր փակցված, որի վրա  հայերեն և անգլերեն լեզուներով գրված էր Սուլթան Համիդի հետևյալ խոսքերը. «Սա հայերուն խոշոր խոշոր պօմպերէն այնքան չեմ ահաբեկիր կոր, որքան կապարի այդ պզտըլիկ տառերէն…»:

Արդյոք ճի՞շտ է` Թումանյանի թանգարանի շքամուտքի կենտրոնական հատվածում` Թումանյանի լուսանկարի ներքո, փակցնել Սուլթան Համիդի խոսքերը, թեկուզև մեզ համար դրական բովանդակությամբ: Այս հարցն ուղղեցինք թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին: Վերջինս նախ վրդովված պատմեց, որ այսօր թանգարան է եկել մի անհասկանալի, կիսախելագար մարդ, ով ներկայացել է` իբրև պոետ և աղմուկ է բարձրացրել, անգամ դիմել է ոստիկանություն` ասելով, թե Թումանյանի թանգարանի պատին թուրքամետ պաստառ է փակցված: «Ոստիկանությունից եկան և տեսնելով, որ դա իրականությանը չի համապատասխանում, հեռացան` այդ մարդուն նկատողություն անելով»,-պատմեց Թուխիկյանը:

Երբ թանգարանի տնօրենին ասացինք, որ բացի այդ «կիսախելագար մարդուց», այլ քաղաքացիներ էլ են դրա վերաբերյալ վրդովմունքը հայտնել, նա ասաց. «Դա էմոցիոնալ, գավառական մտածողություն է, իսկ այն, ինչ գրված է, շատ լուրջ խոսքեր են: Այո, փաստորեն Համիդը խոստովանել է, որ վախեցել է ոչ թե մեր ռումբերից, այլ մեր մշակույթից: Ովքեր հասկանում են այս խոսքերի իմաստը, հասկանում են նաև, թե դրանք ինչքան կարևոր են մեզ համար»:

Թուխիկյանը նաև հայտնեց, որ այդ խոսքերն իրենք վերցրել են արևմտահայ գրող Թեոդիկի մի գրքից: Իսկ թե ինչու են դա որոշել ցուցադրել, նա բացատրեց հետևյալ կերպ. «Ապրիլի 22-ից սկսած մեզ մոտ բացվել է ցուցահանդես` նվիրված հայ տպագրության 500-ամյակին և Թեոդիկի 100-ամյակին: Այնպես որ, Սուլթան Համիդի խոսքերով պաստառը նույնպես այդ ցուցահանդեսի կոնտեքստի մեջ պետք է դիտել»,-ասաց նա:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply