«Lինելու են ոչ թե մաքուր ընտրություններ, այլ` հերթական շոու». կառավարման փորձագետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 14, 2011 15:19

Մոտենում է նախընտրական տարին, բորբոքվում են ընտրական կրքերը: Տարբեր քաղաքական ուժեր և անհատ գործիչներ արդեն սկսել են ակտիվորեն պատրաստվել գալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին: Ընդ որում, իշխանության ղեկին կանգնած ուժերն ու գործիչները պնդում են, որ գալիք ընտրություններն աննախադեպ են լինելու իրենց արդարությամբ ու մաքրությամբ, իսկ ընդդիմադիր կեցվածք ընդունածները մտահոգվում են, որ ամեն ինչ լինելու է նախորդ ընտրությունների նման: Այսինքն` գոնե հասարակությունը բավարարված չի լինելու ընտրությունների արդյունքներից:

 

«1995-96 թթ. սկսած` պարբերաբար նույն երգն են երգում: Ընտրություններից առաջ ասվում է, որ սրանք կլինեն ամենալավ ընտրությունները` նախորդների համեմատ: Հասարակության մի մասը սկսում է դրան հավատալ, հաշվարկներ անել, թե ով ինչքան տոկոս կհավաքի, ինչ կլինի, ով ում հետ դաշինք կկազմի և այլն: Այնպիսի տպավորություն ունեմ, որ շատ գործիչներ լուրջ չեն վերաբերվում դրան և խաղում են»,- դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

 

Իսկ երգն այն է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո հայտարարվում է, որ այդ մի ընտրությունը քայլ առաջ էր դեպի ժողովրդավարություն և ազատ, արդար ու մաքուր ընտրություններ: Բայց իրականում յուրաքանչյուր ընտրությունից հետո հասարակության մի ստվար զանգված, այնուամենայնիվ, դժգոհ է մնում ընտրությունների արդյունքներից: Եվ այդ դժգոհություններն արտահայտվում են փողոցում` հանրահավաքների ու ցույցերի ձևով: Ու թեև ոչ ոք որոշակի չի կարող ասել դժգոհների ստույգ թիվը, քանի որ ընդդիմադիրները հայտարարում են չափազանցված մեծ թվեր, իսկ իշխանություններն ու իշխանամետ ուժերը` փոքր թվեր, իրականությունն այն է, որ գոնե վերջին ընտրություններից հետո եղան հետընտրական սուր զարգացումներ` տխուր վերջաբանով:

 

Ինչպիսի՞ն, այնուամենայնիվ, կլինեն գալիք ընտրությունները:

 

«Հայտարարվում են ազնիվ ընտրություններ, բայց եթե իշխանությունների գործելաոճի տրամաբանությանը հետևենք, էլի ստացվելու են անազնիվ ընտրություններ: Ես 100 տոկոսով վստահությամբ կարող եմ ասել, որ ընտրությունների բովանդակությունը ճիշտ հակառակը կլինի, քան ներկայացվող ցանկությունները, մտքերը և այլն»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:

 

Կառավարման փորձագետը նման վիճակից ելքը տեսնում է այն, ինչ հուշում են կառավարման տեսությունն ու մարդկության պատմությունը: Կառավարման տեսությունում կա այլընտրանքային կառույցների ստեղծման մոտեցում: Օրինակ` Մեծ Բրիտանիայի երեք խոշոր կուսակցությունները, ըստ Հարություն Մեսրոբյանի, միշտ ստվերային կառավարություն ունեն: Դա նշանակում է, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակներում տվյալ կուսակցությունն իր զինանոցում ունի պրոֆեսիոնալ կառավարություն, պրոֆեսիոնալ կառավարման ստվերային մարմիններ և, իհարկե, պրոֆեսիոնալ գործիչներ, որպեսզի կառավարման ցիկլը չխզվի:

«Ես զարմանում եմ, որ նման պարզ, մարդկության կողմից վաղուց ընդունված մեխանիզմի շուրջ քար լռություն է: Հետևաբար ենթադրում եմ, որ լինելու են ոչ թե մաքուր ընտրություններ, այլ հերթական շոու` իր բոլոր ակտերով»,- ասաց կառավարման փորձագետը:

 

Այդ ակտերը քաղաքական ուժերի ու գործիչների հայտարարությունները, դաշինքները, փոխադարձ առաջարկները և ներկայացվող ծրագրերն են համարվում` գումարած մարդկանց հուսավառությունը սկզբում և հուսահատությունը` վերջում:

 

«Մենք մեր հույսը չենք դրել այն բանի վրա, որ իշխող կուսակցությունը մեծահոգաբար կորոշի այս անգամ չկեղծել ընտրությունները: Մենք ամեն դեպքում պայքարելու ենք, որ այս ընտրությունները ազատ և արդար անցնեն, և դրա համար ունենք որոշակի լծակներ: Բայց, ամեն դեպքում, այնքան էլ լավատես չենք, որովհետև հանրապետության նախագահի վերջին արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի կոնկրետ առաջարկներին լավատեսություն չի ներշնչում: Մեզ թվում էր, որ նաև իշխող կուսակցության շահերից են բխում, այդ առաջարկները բավարարելով, երաշխավորել և ապացուցել, որ իրենք իրոք պատրաստվում են ազատ և արդար ընտրությունների: Ցավոք սրտի, ոչ համարժեք պատասխանի արժանացան Րաֆֆի Հովհաննիսյանի այդ առաջարկները, և այդ իմաստով նման արձագանքը լավատեսություն չի ներշնչում»,- հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

 

Իսկ ընտրությունների նորմալ ընթացքի համար օրենքով ամենապատասխանատու մարմնում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, իհարկե, համոզված են, որ գալիք ընտրությւններն իրենց որակական և բովանդակային առումով իրոք լինելու են աննախադեպ: Նրանք մատնանշում են ընտրական օրենսգրքում և օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները:

 

Մի բան է օրենքով ամրագրելը, այլ բան` այդ ամրագրված նորմերի կիրարկումը: Ամեն դեպքում, բացի սպասելուց ու հուսալուց, որ ԿԸՀ նոր նախագահը նոր օրենսդրական փոփոխությունները լիարժեք կծառայեցնի նախանշված նպատակին, ընտրազանգվածին այլ քաղաքակիրթ տարբերակ չի մնում: Այնպես որ մեծ բեռ է դրված Տիգրան Մուկուչյանի ուսերին:

 

 

 

 

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply