Գալիլեո Գալիլեյ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 15, 2011 7:00

Գալիլեո Գալիլեյն առաջինն էր, որ աստղադիտակ ստեղծեց և սկսեց տիեզերքի ուսումնասիրությունն այդ գործիքով: Նրա ստեղծած աստղադիտակները պարզունակ էին և մեծացնում էին օբյեկտը ամենաշատը 32 անգամ: Բայց նա առաջիններից էր, որ միայնակ ձեռնոց նետեց եկեղեցական խավարամտությանն ու հաղթեց գիտությամբ:

Գալիլեո դի Վինչեցցո Բոնայուտի դե Գալիլեյը ծնվել է 1564 թ. փետրվարի 15-ին Իտալիայի Պիզա քաղաքում, աղքատ ազնվականի ընտանիքում: Նրա տոհմի պատմությունը սկսվում է դեռ XIV դարից, իսկ Գալիլեյի նախնիներից մեկն անգամ եղել է Վենետիկի Հանրապետության դոժը:

Գալիլեյը 8 տարեկան էր, երբ նրա հայրն ընտանիքով տեղափոխվեց Տոսկանա` ապաստան և հովանավորություն փնտրելով Մեդիչիների հզոր հովանու ներքո: Գալիլեյի հայրը ծառայության է անցնում Մեդիչիների մոտ, որոնք արվեստների սիրահար էին և հովանավոր: Ապագա գիտնականն այստեղ պատանության տարիներից իտալական վերածննդի արվեստին հաղորդակից է դառնում, հրապուրվում երաժշտությամբ, նկարչությամբ: Նրա մոտ վաղ հասակում արտահայտվում է նաև սերը գրականության հանդեպ:

Նախնական կրթությունը Գալիլեյը ստացել է Վալլոմբրոզայի մենաստանին կից գործող դպրոցում, որտեղ նա մեծ առաջադիմություն է ցուցաբերում: 17 տարեկանում նա ընդունվում է Պիզայի համալսարանի բժշկագիտության բաժինը: Ուսման ժամանակ նա հրապուրվում է երկրաչափությամբ և նույն համալսարանում որպես ունկնդիր երկրաչափության դասերի է հաճախում: Միաժամանակ հրապուրվում է անտիկ փիլիսոփայությամբ: Այդ տարիներին է, որ Գալիլեյը ծանոթանում է Նիկոլայ Կոպեռնիկոսի ուսմունքին ու տարվում դրանով: Սակայն Գալիլեյին մեծ դժվարություններ էին սպասում: Նրա հոր գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում, և հայրը չի կարողանում վճարել նրա ուսման համար: Գալիլեյը դուրս է մնում համալսարանից և ստիպված վերադառնում է Ֆլորենցիա: Բայց, բարեբախտաբար, Գալիլեյի հուսահատությունը երկար չի տևում:

Ֆլորենցիայում նա ծանոթանում է դուքս Գվիդոբալդո դե Մոնտեի հետ, որը արվեստների և գիտության սիրահար ու հովանավոր էր: Դուքսը գնահատում է Գալիլեյի գիտելիքներն ու կարողությունները, նրա համար միջնորդում է Տոսկանայի հերցոգ Ֆերդինանտ Ա  Մեդիչիին, որն էլ Գալիլեյին առնում է իր հովանու ներքո` տալով նրան լավ վարձատրվող աշխատանք իր պալատում:

1589 թ. Գալիլեյը վերադարձավ Պիզայի համալսարան արդեն որպես մաթեմատիկայի պրոֆեսոր: Սակայն համալսարանը նրան չնչին աշխատավարձ էր նշանակել` 60 սկուդո մեկ տարվա համար: Համեմատության համար նշենք, որ բժշկագիտության պրոֆեսորը վարձատրվում էր… 2000 սկուդո: Սակայն Գալիլեյն այստեղ երկար չմնաց: Երկու տարի անց մահացավ նրա հայրը, և բազմանդամ ընտանիքի հոգսը ընկավ նրա ուսերին: Նա ստիպված էր լքել Պիզայի համալսարանը: Սակայն Պիզայում դասավանդելու տարիներին նա մի քանի աշխատություններ հրատարակեց և հեղինակություն ձեռք բերեց գիտական աշխարհում: Շուտով նա հրավեր ստացավ Վենետիկի Հանրապետության դոժից և տեղափոխվեց Պադուա, որտեղ համալսարանում դասավանդում էր աստղագիտություն, մաթեմատիկա, մեխանիկա:

Պադուայում նրա աշխատանքի տարիները բեղումնավոր էին: Նա ոչ միայն մեծ հեղինակություն վաստակեց գիտական շրջաններում, այլև հրատարակեց մի քանի կարևոր աշխատություններ մեխանիկայի և աստղագիտության մասին: Նաև մի քանի աստղեր հայտնաբերեց, ինչպես նաև` լուսնի վրայի լեռները:

Պադուայում Գալիլեյն ամուսնացավ Մարինա Գամբայի հետ: Համատեղ կյանքում նրանք երեք զավակ ունեցան` որդի և երկու դուստր: Հետագայում Գալիլեյի կյանքի շատ մանրամասներ հայտնի դարձան միմիայն նրա և դուստրերի պահպանված նամակագրության շնորհիվ: Գալիլեյի դուստրերը Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող և Ֆրանցիսկյան միաբանությանը պատկանող մի մենաստանում միանձնուհիներ էին:

Շուտով, սակայն, Գալիլեյը ստիպված էր հեռանալ Վենետիկի Հանրապետության տարածքից: Ճիշտ է, նա այստեղ ապահով էր իրեն զգում, քանզի ինկվիզիցիայի ձեռքերը չէին կարող հասնել իրեն, բայց ծանր սոցիալական դրության մեջ էր: Եվ երբ նրան իր մոտ աշխատելու առաջարկ արեց հերցոգ Կազիմո Բ Մեդիչին, նա, առանց երկար մտածելու, ընտանիքով տեղափոխվեց Ֆլորենցիա: Այստեղ նա լավ վարձատրվող աշխատանք ստացավ արքունիքում: Գալիլեյի պարտականությունն էր ուսուցանել Տոսկանայի հերցոգի զավակներին և որոշ հարցերում հանդես գալ պետական խորհրդականի դերում: Ազատ ժամանակ նա դասախոսում էր նաև Պիզայի համալսարանում: Թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող է Գալիլեյի կյանքում, բայց հենց Տոսկանայում էլ սկսվեցին անհաջողությունները: Նրա հարաճուն հեղինակությունը շատերի նախանձն էր շարժում, և շուտով Գալիլեյի դեմ միավորվեցին գիտնականներ, որոնց նպատակը Գալիլեյին տապալելն էր: Իսկ առիթ Գալիլեյը տալիս էր:

1611 թ. Գալիլեյը մեկնեց Հռոմ` Պապի հետ բանակցելու և իր հեռադիտակը նրան ներկայացնելու: Նա ծանոթացավ Պողոս Ե պապի հետ: Վերջինս լավ հյուրընկալեց գիտնականին և իր կարդինալներին կարգադրեց հանձնաժողով կազմել` պարզելու, թե կաթոլիկ եկեղեցուն դեմ չէ՞ արդյոք երկինքը ուսումնասիրել հեռադիտակով: Հոգևոր հայրերից կազմված հանձնաժողովը գտավ, որ կարելի է ուսումնասիրել աստղերն ու երկինքը: Ոգևորված այս հաջողությունով` Գալիլեյը մի քանի աշխատություններ հրատարակեց, որոնցում բացահայտ պաշտպանում էր Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգի տեսությունը:

Նա առաջինն էր, որ ինկվիզիցիայի եռուն շրջանում  հայտարարեց Նիկոլայ Կոպեռնիկոսի տեսության ճշմարտացիության մասին: Գալիլեյը պնդում էր, որ մարդն ազատ է իր մտածողության մեջ, և բնության օրենքների ուսումնասիրությունը մարդուն հնարավորություն կտա հասկանալու բազում առեղծվածներ:

Գալիլեյի համոզմամբ` կաթոլիկ եկեղեցին չպետք է խառնվի գիտական գործերին, քանզի Աստվածաշունչը չի տալիս գիտության մեջ շատ հարցերի պատասխաններ: Նա Կոպեռնիկոսի արևակենտրոն տեսության համոզիչ պաշտպաններից և զարգացնողներից էր:

Բայց Վատիկանի կողմից հակահարվածը չուշացավ: Կաթոլիկ եկեղեցու ջանքերով Գալիլեյի դեմ ձևավորվեց գիտնականների հոծ խումբ, որոնք պաշտպանում էին Արիստոտելի երկրակենտրոն տեսությունը: Գալիլեյը կրկին  ստիպված էր մեկնել Հռոմ` բանակցելու բարձրաստիճան հոգևորականության հետ: Սակայն դա չտվեց ցանկալի արդյունք: Կաթոլիկ եկեղեցին, ճիշտ է, վախենում էր Գալիլեյին պաշտպանող գիտնականների ընդվզումից, բայց սկզբունքորեն դիմեց պատժամիջոցների: Կոպեռնիկոսի տեսությունը հայտարարվեց սխալ, և պապական հրամանով Գալիլեյին արգելվեց պաշտպանել և լուսաբանել այդ տեսությունը: Ավելին, 1616 թ. Վատիկանը պաշտոնապես արևակենտրոն համակարգի մասին տեսությունը հայտարարեց վտանգավոր և դատապարտելի: Կոպեռնիկոսի գրքի և տեսության վրա արգելք դրվեց: Ճիշտ է, հաշվի առնելով Գալիլեյի կշիռն ու ազդեցությունը, պապական ինկվիզիցիան նրա կյանքին չսպառնաց, բայց կարողացավ ստիպել Գալիլեյին, որ նա հրապարակայնորեն չպաշտպանի Կոպեռնիկոսի տեսությունը:

1623 թ. պապ ընտրվեց Ուրբանոս Ութերորդը (1623 – 1644), որը Գալիլեյի վաղեմի ընկերն էր: Գալիլեյը, օգտվելով առիթից, փորձեց վերացնել արգելքը: Պապը, վախենալով հոգևորականների ընդվզումից, չընդառաջեց նրան, բայց նրան թույլ տվեց գիրք հրատարակել և քննարկել Արիստոտելի և Կոպեռնիկոսի տեսությունները` պայմանով, որ նա չպետք է նախապատվություն տա այդ տեսություններից որևէ մեկին:

Գալիլեյի գիրքը մեծ արձագանք գտավ: Ուրբանոս Ը պապը փոշմանեց, որ ընդառաջել է գիտնականին: Եվ անմիջապես հետևեց հակահարվածը. պապական հրամանին չհետևելու համար Գալիլեյին ենթարկել ինկվիզիցիայի: Հռոմում ինկվիզիցիան գիտնականին տանջաքննության ենթարկեց:  1633 թ. ապրիլին Պապական դատարանը ճիշտ է, նրան մահապատժի չենթարկեց, բայց դատապարտեց ցմահ տնային կալանքի: Մեղմ դատավճռին նպաստեց նաև Տոսկանայի հերցոգ Ֆերդինանտ Բ Մեդիչիի ազդեցությունը, որ Գալիլեյի հովանավորն էր ու հոգեզավակը: Բայց Գալիլեյը ստիպված էր հրապարակայնորեն հրաժարվել Կոպեռնիկոսի արևակենտրոն տեսությունից: Սակայն հավատարիմ գիտությանը` անգամ բանտարկված վիճակում և լրիվ կուրացած գիտնականը շարունակում էր աշխատել: Նա անգամ կարողացավ նոր գրքի ձեռագիրը գաղտնի ուղարկել Հոլանդիա հրատարակելու: Այն տպագրվեց և դարձյալ մեծ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում: Այս գրքում Գալիլեյը դարձյալ բարձրաձայնում էր Կոպեռնիկոսի տեսության ճշմարտացիության մասին և զարգացնում էր նրա գիծը:

Մեծ գիտնականը մահացավ 1642 թ. հունվարի 8-ին: Հռոմի պապն արգելեց Գալիլեյին հուղարկավորել ընտանեկան դամբարանում, արգելեց անգամ հուշարձան կանգնեցնել շիրիմի վրա: Միայն 1737 թ. Գալիլեյի աճյունը, իր կտակի համաձայն, տեղափոխեցին Սանտա Կրոչե և հանդիսավորությամբ ամփոփեցին Միքելանջելոյի աճյունի կողքին:

1992 թ. Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը հանձնաժողով ստեղծեց, որը քննեց Գալիլեյի գործը, դրանից հետո Վատիկանը պաշտոնապես ընդունեց իր սխալը: Ասել է թե` եկեղեցին միայն 20 տարի առաջ հայտարարեց,  որ ճանաչում է Կոպեռնիկոսի ուսմունքն ու արևակենտրոն համակարգի ճշմարտացիությունը:

 

 

Դիտվել է 4240 անգամ:
Print Friendly

Leave a Reply