Կառավարական տան աշտարակի հարցը դեռևս քննարկման փուլում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 7, 2011 12:26

Կրքերը Կառավարական թիվ 1 շենքի աշտարակի կառուցման շուրջ չեն հանդարտվում: Հանրային խորհուրդը այս տարվա մայիսի 12-ին դիմում էր ստացել քաղաքացիներ Մանե Թամանյանից, Անի Վերանյանից և Սևադա Պետրոսյանից, որոնք պնդում են, որ աշտարակի կառուցման մասին որոշումը ժամանակավրեպ է:

«Ժողովրդավարական հասարակության արդի ընկալումների համատեքստում աննպատակահարմար է պետական կառավարական շենքերի շեշտումն ու մոնումենտալացումը,- ասված է դիմումում:- Երևան քաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված կենտրոնը չի կարելի ծանրաբեռնել նոր վարչական շենքերի կառուցմամբ, ավելին` այն պետք է ազատել կառույցներից` զարգացնելով քաղաքի թերզարգացած ծայրամասերը»:

Հանրային խորհուրդը հարցը քննարկել է քաղաքաշինության  ու մշակույթի ենթահանձնաժողովներում և բացասական եզրակացություն տվել աշտարակի կառուցմանը: Այս շաբաթ էլ խնդրին անդրադարձավ  պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման հարցերի ենթահանձնաժողովը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը դեմ է Նարեկ Սարգսյանի նախագծին, որն ամիսներ առաջ շրջանառության մեջ դրեց Թամանյանի այսպես ասած «ծյունինգ» արած նախագիծը:

Նարեկ Սարգսյանը քաղաքաշինության խորհրդի հաստատմանն է ներկայացրել Թամանյանի նախագիծը, որում աշտարակը ոչ թե սնամեջ է, այլ աշխատանքային մակերես, որտեղ տեղափոխվելու են սփյուռքի և արդարադատության նախարարությունները:

«Այս հարցը մենք պետք է քննարկեինք 2008-2010 թթ.,- ասաց Մինասյանը,- բացի այդ, կառավարությունը խախտել է հուշարձանների պահպանման մասին  օրենքը, ընդունված որոշման մեջ նշված է միայն հատկացված տարածքը, ոչինչ չկա հուշարձանի վերաբերյալ բացառիկ հոգատարության մասին»: Ըստ Մինասյանի` հրապարակն այժմ լրիվ այլ լուծում է ստացել: «Բացի այդ, բոլորովին էլ պարտադիր չէ այս հարցը շատ արագ լուծել,- ասաց նա,- ու բոլորովին էլ մեր խնդիրը չէ, որ արդարադատության նախարարությունը վառվել է: Բունիաթյանի շենքն էլ  հանվեց որոշ վարչական մարմիններում աշխատող ճարտարապետների շնորհիվ և հիմա անապատի պես կանգնած է. ի՞նչ ունենք շտապելու»: Խոսքը «Սևան» հյուրանոցի մասին է, որն ապամոնտաժվել է 2003-2004 թթ.:

Մինասյանին համամիտ է մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Այվազյանը: «Դեռ անցյալ տարի կառավարության որոշումը մեզ  հասել է ի գիտություն, հուշարձանների պահպանության օրենքի համաձայն` հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը պետք  է իրականացվի լիազորված մարմնի, այսինքն`  մեր կողմից, որը չի եղել,- ասաց նա,- և որոշման մեջ իսկապես հուշարձանի մասին ոչինչ չկա»: Այվազյանն առաջարկեց նախագիծը ներկայացնել մշակույթի նախարարություն` համապատասխան եզրակացություն ստանալու համար:

Մկրտիչ Մինասյանը մեղադրում է Սարգսյանին, որ նախարարության ռեզերվացված տարածքը թույլատրել է վաճառել: Կառավարական 3-րդ շենքի հետնամասում գոյություն ուներ տարածք, որը նախարարությունների ռեզերվացված տարածք էր: Նարեկ Սարգսյանը թույլատրել է դա օտարել,  և այդտեղ այժմ բնակելի շենք է և խանութ: Երկու նախարարությունների տեղի խնդիրը կարող էր լուծվել ռեզերվացված տարածքների հաշվին: Մինչդեռ դրա փոխարեն առաջ է քաշվում աշտարակում այդ նախարարությունները տեղավորելու հարցը:

Քաղաքաշինության և ճարտարապետության վարչության պետ Սարգիս Մկրտչյանն ասաց, որ աշտարակի գոյությունն այդ տեղում իր համար ընդունելի է, իսկ թե որ նախարարությունը կտանեն այնտեղ կամ ինչ նպատակի համար կծառայի, իր գործը չէ: «Աշտարակի ներքին ֆունկցիոնալ գործածությունը մեր քննարկման խնդիրը չէ,- ասաց նա,- Նարեկ Սարգսանն ի՞նչ կապ ունի Թամանյանի մտքի հետ: Ես  կառավարական շենքից նայել եմ Սաֆարյանի շենքին (արտգործնախարարության շենքը) և կարծում եմ, որ պետք է այդ գիծն ուժեղացնել»:

Ըստ քաղաքաշինության նախարարության աշխատակցի` հայոց ճարտարապետական միտքը միշտ էլ տկար է եղել, և այն խնդիրները, որ ունենք, դրա հետևանքն է: «Ցույց տվեք Երևանում մի թաղամաս, որն արված է գրագետ` թեկուզ հատակագծի առումով, որտեղ հստակ երևում են այն բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ են թաղամասի բնակչության համար. խաղահրապարակներ և այլն,- ասաց նա,- էս ա մեր քաղաքաշինական միտքը: Թող ժամանակին չնախագծեին հյուսիսայինը»:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը դիմեց Սարգիս Մկրտչյանին`  հարցնելով, թե ինչու չի իրականացվել հանրային լսումներ անցկացնելու մասին դրույթը, որն օրենքով ամրագրված է: Պարոն Մկրտչյանը հարցին խուսափողական պատասխան տվեց, իսկ Նարեկ Սարգսյանի հանրային կապերի գծով օգնական Անահիտ Եսայանն ասաց, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ մասին, ինչպես նաև հաղորդումներ են եղել հեռուստացույցով: «Սա բավարար իրազեկում չէ՞,- հարցրեց Անահիտ Եսայանը` իրազեկումը ներկայացնելով քննարկման տեղ:- Արդյոք  մամուլում եղած  հրապարակումները հանրային իրազեկումներ չե՞ն. եթե հեռուստաեթերում որևէ մասնագետ ներկայացնում է իր ծրագիրը, ապա դա ամենամեծ հանրային իրազեկումն է»:

Տիկին Եսայանն ասաց, որ քաղաքաշինական ծրագրերը ենթակա են ոչ թե հանրային, այլ մասնագիտական խորհրդի քննարկման: Այդ մասին ասել էր նաև Նարեկ Սարգսյանը, երբ հայտարարել էր, որ օպերայի  ու կառավարական շենքերը կառուցելիս հանրային քննարկումներ չեն եղել:

Տիկին Եսայանը նաև վրդովմունք հայտնեց Նարեկ Սարգսյանի նախագծի ծավալային չափերի շահարկումների կապակցությամբ: «Քննարկումներ են գնում, որոնք պարզապես ապատեղեկատվություն են,- ասաց նա,- Սարգսյանի նախագծում ծավալներն ամբողջությամբ պահպանված են, մինչդեռ խոսք է գնում, թե ծավալները 3-4 անգամ մեծացված են»:

Նարեկ Սարգսյանի նախագծում Թամանյանի աշտարակը ծավալային չափերով գրեթե համընկնում է, սակայն այնտեղ մի քանի անգամ փոխված են մակերեսային չափերը: Եթե Թամանյանի մոտ աշտարակի ներքին մակերեսը պետք է լիներ 3000 քմ, ապա Սարգսյանի մոտ այն 13.000 քմ է, որը տեղի է ունեցել ներքին տարածքի ֆունկցիոնալ վերաբաշխման հետևանքով:

Թամանյանի թոռ Հայկ Թամանյանը վրդովված է թամանյանական նախագծում արված յուրաքանչյուր  փոփոխությունից: «Նախ` ես ուզում եմ ասել, որ դա ո՛չ թմբուկ է, ո՛չ էլ աշտարակ, այն կարելի է անվանել գլանաձև ծավալ,- ասաց նա,- բացի այդ, ես գտնում եմ, որ նախագծին դիպչել չի կարելի: Իմ կարծիքով` այս ծավալի իրականացումը չի նպաստի հրապարակի ամբողջությանը, ընդհակառակը` այն կդառնա շատ ասիմետրիկ»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ առաջարկեց Հանրային խորհրդի անունից հարց բարձրացնել հանրապետության նախագահի առջև՝ ուսումնասիրելու քաղաքաշինական օրինախախտումների համակարգված բնույթն ու գտնել դրանց դրդապատճառը:

ՀԽ ենթահանձնաժողովը բացասական կարծիք տվեց աշտարակի կառուցմանը: Վերջնական  որոշումը կընդունվի ՀԽ լիագումար նիստում:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply