Տնտեսագետ. «Ֆորբսի գնահատականը չի արտահայտում իրական տնտեսական վիճակը»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 15, 2011 11:31

«Ֆորբս» հեղինակավոր ամսագրի` աշխարհի տասը վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը` առաջին տեղը «զիջելով» Մադագասկարին:

Ամսագիրը 117 երկրներից ընտրել է վատագույն տասնյակը` հաշվի առնելով վերջին երեք տարիների, ինչպես նաև 2012 թ. կանխատեսումները ՀՆԱ աճի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափի, գնաճի, արտաքին պարտքի, ներմուծում-արտահանում հարաբերակցության վերաբերյալ:

Նախորդ տարվա համեմատությամբ ԱՊՀ երկրներից ցուցակում  հայտնվել են նաև Ուկրաինան (4-րդ տեղ), Ղրղըզստանը (7-րդ): Ցուցակը եզրափակում է Իրանը: Նախկինում այս ցանկում հիմնականում տեղ էին գտնում աֆրիկյան պետություններ:

Ամսագրում նշված է, որ Հայաստանը, 2009 թ. գրանցելով մոտ 15 տոկոսի անկում, ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել ճգնաժամից հետո, իսկ մեկ շնչի հաշվով  ՀՆԱ-ն կազմում է 3 հազար դոլար, որը երեք անգամ ավելի քիչ է, քան Թուրքիայում:

Հեղինակավոր ամսագրի հրապարակած ցուցանիշներին արձագանքել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա չի ասում, որ «Ֆորբսի» գրածն իրականության հետ բացարձակապես կապ չունի, սակայն այն կարծիքին է, որ դա խիստ ակնթարթային գնահատական է, և մյուս տարի այն անպատճառ կփոխվի.  արձանագրվում է գնաճի նվազման և տնտեսական աճի միտում: «Ես ուղղակի ուզում եմ ասել, որ դա մի հատվածային գնահատական է` ամբողջովին պայմանավորված 2009-ով: Այս առումով կնայեի դրան որպես մեր մարտահրավերների ցուցանիշի, մեր խնդիրների առարկայացրած արձանագրման, որոնք մենք պետք է լուծենք և կարծում ենք, որ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին այն կարծիքն է արտահայտել, որ  Հայաստանի տնտեսությունն այդքան վատը չէ, և չի կարելի այն համարել վատթարագույնը բոլոր տնտեսությունների մեջ: «Տեղի է ունեցել սղաճ,- ասել է նա,- և,  իհարկե, այս տարիների ընթացքում Հայաստանի ներմուծումը եղել է երկու անգամ ավելի, քան արտահանումը, բայց դա չի նշանակում, որ դա շարունակական է: Դա ակնթարթային գնահատական է»:

Հապիի կարծիքով` այս տարի ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի իջեցնել սղաճը: «Կան մի շարք այլ հաշվետվություններ, որոնց շնորհիվ կարելի է տեսնել, որ Հայաստանի տնտեսությունն ամենավատը չէ»:

2006 թ. ՀԲ-ն հրապարակել է «Կովկասյան վագր» գիրքը, որը Հայաստանի մասին է:  Փաստորեն, անցած 4 տարում Հայաստանի տնտեսությունը շեշտակի անկում է ապրել:

Տնտեսագետ Ռուբեն Հայրապետյանը «Անկախին» ասաց, որ խիստ վերապահումով է վերաբերվում «Ֆորբսի» գնահատականներին. «Իմ կարծիքով,  նրանք ավելի շատ հաշվի են առել տնտեսության զարգացման դինամիկան, քան իրական վիճակը»,- ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանը, իհարկե, չի կարող համեմատվել զարգացած տնտեսություններ ունեցող երկրների հետ, բայց  և վատագույնների մեջ էլ չէ:

«Աֆրիկյան երկրներ կան, որտեղ տեղի է ունեցել հիպերինֆլյացիա,- ասում է նա,-պարզապես Հայաստանի տնտեսությունը չափազանց շատ է տուժել տնտեսական ճգնաժամից, որը կախված է մեր տնտեսության կառուցվածքի առանձնահատկություններից, այդ թվում` հանքահումքային արդյունաբերությունն ու տրանսֆերտների առկայությունը»:

Տնտեսագետի համար կասկածի տեղիք է տալիս նաև Բելառուսի օրինակը, որտեղ գրանցվել է 25 տոկոսի ինֆլյացիա, սակայն այդ երկիրը չի հայտնվել «Ֆորբսի» ցուցակում.  «Սա ինձ հիմք է տալիս կարծելու, որ ցուցանիշը չի արտահայտում բացարձակ վատագույն տնտեսությունների պատկերը»: Հայրապետյանը կարծում է, որ մյուս տարի ամսագրի հրապարակած ցուցակից Հայաստանը դուրս կգա:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` այս տարվա ապրիլ ամսվա դրությամբ` նախորդ տարվա համեմատ, Հայաստանն ունեցել է ՀՆԱ-ի 7.7 տոկոսի աճ:

 

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply