Ավարտվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության խաղերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 10, 2009 15:22

Օգոստոսի 1-8-ը Հայաստանում անցկացված ՀՄԸՄ խաղերին մասնակցեցին 15 երկրների 500-ից ավելի մարզիկ-մարզուհիներ:
Խաղերի ծրագրում էին ֆուտբոլը, բասկետբոլը, սեղանի թենիսը, շախմատը, լողը:

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած ֆուտբոլի եզրափակչում ԱՄՆ արևմտյան նահանգների հավաքականը լրացուցիչ խաղաժամանակում 3:2 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ներկայացուցիչների նկատմամբ: Բասկետբոլիստների և բասկետբոլիստուհիների մրցաշարերում էլ հաղթեցին ԱՄՆ արևմտյան նահանգների և Սիրիայի հավաքականները: Սեղանի թենիսի մրցաշարում հավասարը չունեցավ Ռոբերտ Շահնազարյանը (ԱՄՆ արևմտյան նահանգների հավաքական):

Շախմատիստների և շախմատիստուհիների պայքարում էլ հաղթողներ ճանաչվեցին Հայաստանի ներկայացուցիչներ Դավիթ Բուռնազյանը և Անահիտ Դանիելյանը: Լողի մրցումների  հերոս դարձավ Վաչե Ղազանչյանը (ԱՄՆ արևմտյան նահանգների հավաքական): 16-ամյա մարզիկը, որը ցանկանում է բժիշկ դառնալ, տիրացավ 9 ոսկե և 1 արծաթե մեդալի: Խաղերի ավարտից հետո ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գրիգոր Գոհարյանը (Լիբանան) «Անկախ»-ին  ասաց, որ «խաղերը գերազանց անցան: Այս ստուգատեսն անցկացվում է 1981-ից, սակայն առաջին անգամ էր այն կազմակերպվում Հայաստանում: Մասնակիցների մեծ մասն առաջին անգամ էր հայրենիքում: Նպատակ ունենք հաջորդ` 4 տարի հետո կայանալիք խաղերն անցկացնել Արցախում»:

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply