«Տարեց կանանց ևս պետք է ներգրավել հասարակական կյանքի մեջ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2011 15:21

Կինը կարող է ինքը պաշտպանել իր իրավունքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ծիծեռնակ» կանանց հասարակական կազմակերպության տնօրեն Կարինե Հարությունյանը` շեշտելով, որ կանանց համար հաճելի է, երբ իրենց նկատմամբ ուշադրություն է լինում ամեն օր եւ ոչ թե միայն տոն օրերին:

Ներկայացնելով իրենց հասարակական կազմակերպության գործունեությունը` բանախոսը նշեց, որ կազմակերպության կորիզը բաղկացած է երաժիշտ կանանցից, ովքեր իրենց գործունեության նպատակն են համարում հասարակության հոգեւոր եւ մշակութային զարգացումը: «Կարծում եմ` շատ կարեւոր է նաեւ տարեց կանանց ներգրավումը հասարակական ակտիվության մեջ, որպեսզի իրենք էլ զգան, որ պետք են հասարակությանը. այս նպատակից ելնելով էլ` մենք կազմակերպում ենք տարաբնույթ մշակութային միջոցառումներ ծերանոցներում, մասնավորապես` Նորքի ծերանոցում»,- նշեց Կ.Հարությունյանը:

Հայ-ամերիկայն առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը եւս լրագրողներին ներկայացրեց իրենց կազմակերպության գործունեությունը` շեշտելով, որ տարիներ առաջ հայ հասարակության համար անհայտ էր «մամոգրաֆիա» բառը, իսկ ներկայում շատ կանայք պրոֆիլակտիկ ստուգումներ են անցնում իրենց կենտրոնում: Կենտրոնն արդեն գործում է 13 տարի եւ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ տարածաշրջանում: «Այս տարիների ընթացքում շատ կանանց մոտ է ախտորշվել կրծքագեղձի քաղցկեղ, իսկ նրանցից 2800-ը, ում մոտ հիվանդությունը հայտնաբերվել է սկզբնական փուլում, փոքր վիրահատության միջոցով կարողացել են հաղթահարել այդ ծանր հիվանդությունը»,- ասաց Խ.Հակոբյանը:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply