Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում որոշակի առաջընթաց է նկատվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 8, 2011 15:18
Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին տարիներին նկատվում է որոշակի առաջընթաց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կանանց ռեսուրս կենտրոն»-ի ներկայացուցիչ Տաթեւիկ Սմբատյանը` հավելելով, որ հայ կանանց շրջանում դեռ լիարժեքորեն ձեւավորված չէ այն գիտակցումը, որ հենց իրենք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները:
«Հասարակության մեջ պետք է արմատավորվի այն գիտակցությունը, որ տղամարդիկ եւ կանայք հավասար իրավունքներ ունեն, թեկուզ հենց աշխատանքային իրավունքների մասով, քանի որ մենք ունեցել ենք դեպքեր, երբ կանայք եւ տղամարդիկ, կատարելով միեւնույն աշխատանքը, ստացել են տարբեր վարձատրություն»,- ասաց Տ.Սմբատյանը: Նա նաեւ նշեց, որ իրենց կազմակերպությունն ունի թեժ գիծ. իրենց կարող են դիմել ցանկացած տիպի բռնության ենթարկված կանայք:
Տ.Սմբատյանի ներկայացմամբ` թեժ գծի օգնությանը դիմում են ամենատարբեր տարիքի եւ խավի կանայք: «Կարծում եմ` բռնությունից կանանց պաշտպանելու լավագույն միջոցը իրազեկվածության բարձրացումն է. կանայք պետք է իմանան իրենց իրավունքները, որպեսզի կարողանան պաշտպանել դրանք»,- նշեց բանախոսը` հավելելով, որ ընտանեկան բռնությունը կապված է ոչ միայն սոցիալական ապահովվածության հետ, քանի որ հաճախ կանայք բռնության են ենթարկվում նաեւ սոցիալապես ապահով ընտանիքներում:
Նրա խոսքով` վերջին շրջանում բավականին դրական միտումներ են այս առումով նկատվում Երեւանում, իսկ մարզերում դեռեւս վիճակը բարվոք չէ, քանի որ այնտեղ կանայք հիմնականում պասիվություն են դրսեւորում: Ներկայացնելով կանանց նկատմամբ կիրառվող բռնության ընդհանուր վիճակագրությունը, ըստ թեժ գծի տվյալների, Տ.Սմբատյանը նշեց, որ ամսական միջինում իրենք ստանում են 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են սեռական բռնության դեպքերին:






Facebook
Tweet This
Email This Post
