«Հայոց աշխարհ». Ո՞վ Մոսկվայում կրակեց հայ ոստիկանի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 8, 2011 13:55
Թերթն անդրադառնում է անցած անցած չորեքշաբթի Մոսկվայում Շչոլկովսկի մայրուղու միլիցիայի հենակետի մոտ տեղի թաղային մայոր Գագիկ Բենյամինյանի վրա կատարված մահափորձին։
«Արձակվեց երեք գնդակ, բայց միլիցիոներն ամենայն հավանականությամբ ողջ կմնա. բժիշկները հայտնել են, որ նրա վիճակը միջին ծանրության է, կայուն։
Իսկ ճակատագրական օրվա իրադարձությունները 42-ամյա մայոր Բենյամինյանի համար ծավալվում էին հետեւյալ կերպ։ Բաժանմունքում խորհրդակցությունից հետո Գագիկը ուղեւորվեց Շչոլկովսկի մայրուղու թիվ 19 շենքի առաջին հարկում տեղակայված միլիցիայի հենակետ, որտեղ ժամը 19-ից ծրագրում էր սկսել բնակչության ընդունելությունը։
Սպան իր անձնական «Շեվրոլե Էվանտա» մեքենայով էր եւ երբ արդեն փորձում էր կայանվել միլիցիայի թաղային կետի մոտ, շքամուտքի կողմից նրան մոտեցավ մի երիտասարդ՝ ձեռքին պոլիէթիլենի սպիտակ փաթեթով։ Մոտենալով վարորդի դռանը, անծանոթն անսպասելիորեն բարձրացրեց փաթեթով ձեռքն ապակու կողմը, եւ հնչեց երեք կրակոց։
Քիլերը գործեց ճիշտ այնպես, ինչպես Սերգեյ Բոդրովի հերոսը «Եղբայր» ֆիլմում. կրակեց փաթեթի միջից ինքնաշեն ատրճանակով։ Գագիկը ստացավ երեք լուրջ վնասվածք. երկուսը՝ նախաբազկին եւ մեկը՝ պարանոցին։
Չնայած առատ արյունահոսությանն ու ցավային շոկին, միլիցիոները կարողացավ հեռանալ կրակագծից, սեղմելով գազի ոտնակը։ Կիպ մոտենալով շքամուտքի շեմին, որտեղ էլ հենց հենակետն է, մայորը բառացիորեն դուրս ընկավ մեքենայից։ Տեղի բնակիչները, որոնք պատրաստվում էին ընդունելության մտնել թաղայինի մոտ, տեղափոխեցին արնաթաթախ Բենյամինյանին շքամուտք եւ շտապօգնություն ու միլիցիա կանչեցին։ Այդ ընթացքում հարձակվողը թաքնվեց շենքերի բակերում։
Շտապօգնությունը վիրավորին հասցրեց հիվանդանոց, որտեղ նրան վիրահատեցին։ Վկաների պատմածով, քիլերը երիտասարդ էր, մոտ 25 տարեկան, հասակը՝ 160-165 սմ, մուգ հագուստով։ Դեմքը հանցագործը թաքցրել էր գլխարկով եւ արեւապաշտպան ակնոցով։
Գործընկերները բնորոշում են Գագիկ Բենյամինյանին որպես բացառիկ կազմակերպված եւ պատասխանատու սպա։ Միլիցիայում մայորը ծառայում է արդեն 20 տարի, ըստ որում այդ ընթացքում նա ոչ մի անգամ չի արատավորել իր պատիվը»,- գրում է «Հայոց աշխարհը»։
Լուսանկարը` Newsru.com-ի






Facebook
Tweet This
Email This Post
