Հայաստանի ԱԳ փոխնախարար. Եթե Ադրբեջանը վերջին հանդիպմանը ասեր «այո»…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 8, 2011 13:49

Ժամանակն է, որ Բաքուն փոխի իր չակերտավոր «կառուցողական» դիրքորոշումը` առանց չակերտների կառուցողական դիրքորոշման հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանից հնչող մեկնաբանությունները Սոչիում կայացած հանդիպման վերաբերյալ:

Խոսքը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի հայտարարության մասին է: Վերջինս մեղադրել էր Հայաստանին մշտական ապակառուցողական դիրքորոշման մեջ եւ նկատել, որ Սոչիում Հայաստանի դիրքորոշման աննշան փոփոխություններ են արձանագրվել:

«Մենք կարիք չունենք փոխելու մեր դիրքորոշումը, քանի որ, ինչպես նշել է արտգործնախարարը Վիեննայում մարտի 3-ին Մշտական խորհրդի նիստում, Հայաստանն «այո» է ասել մադրիդյան առաջարկներին: Դրանից մի քանի շաբաթ առաջ համանախագահները, ելույթ ունենալով ԵԱՀԿ խորհրդում, կոչ է արել կողմերին հստակ «այո» ասել վերջին առաջարկներին` առանց վերապահումների եւ փոփոխությունների: Քանի որ Հայաստանն արդեն «այո» է ասել առաջարկներին, ակնհայտ է, որ համանախագահները փոփոխություններ էին ակնկալում Ադրբեջանից»,- ասել է Քոչարյանը:

Նա նկատել է, որ եթե Ադրբեջանը վերջին հանդիպմանը ասեր «այո», առանց վերապահումների, դա հստակ քայլ կլիներ բանակցային գործընթացում եւ «այդ մասին համապատասխան հայտարարություն կարվեր Սոչիում երեք նախագահների հանդիպմանը»: «Ժամանակն է, որ Բաքուն փոխի իր չակերտավոր «կառուցողական» դիրքորոշումը` առանց չակերտների կառուցողական դիրքորոշման հետ»,- նշել է Քոչարյանը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիտվել է 1488 անգամ:
Print Friendly

Leave a Reply