ԼՂՀ նախագահն աշխատանքային այցով Փարիզում է
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 7, 2011 14:26
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ:
Նույն օրը երկրի ղեկավարը այցելել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար եւ մասնակցել այնտեղ անցկացված հոգեւոր արարողությանը, որից հետո Բակո Սահակյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, ինչպես նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում:
Հանդիպումից հետո երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին:
Նույն օրը Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ «Սատար Ղարաբաղի» միության վարչական անդամների հետ եւ քննարկել կազմակերպության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Սահակյանը Արցախի շենացման գործում սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը համարել է կարեւոր եւ պահանջված նաեւ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ հանդիպումներին մասնակցել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:






Facebook
Tweet This
Email This Post
