Նոր թատերաշրջանի բացում` «Սայաթ-Նովա» օպերայի պրեմիերայով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 7, 2011 13:18

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ` մարտի 6-ին, Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի պրեմիերայով բացվեց նոր թատերաշրջանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում մինչ պրեմիերան անկեղծորեն խոստովանեց Ալ. Հարությունյանը, նա չափազանց հուզված է եւ անհանգստացած, քանի որ վերջնական տարբերակն ինքը չէր տեսել:

«Վստահ եմ, որ օպերայի հաջողությունը կախված կլինի բեմադրությունից, քանի որ բոլորին հայտնի է իմ գրած տարբերակը, եւ այդ առումով դա նորություն չի լինի»,- նշեց նա: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1969 թ-ի մայիսին: Բեմադրության գեղարվեստական ղեկավարն է եղել Վարդան Աճեմյանը, բեմադրող դիրիժորը` Արամ Քաթանյանը:

Հիշեցնենք, որ «Սայաթ-Նովա» օպերայի նոր բեմականացումը սպասվում էր դեռ անցած տարի` Ալ. Հարությունյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, սակայն կոմպոզիտորը դժգոհ է եղել վրաց բեմադրիչ Գիզո Ջորդանիայի ռեժիսորական մոտեցումներից, ինչի պատճառով էլ աշխատանքները դադարեցվել էին:

Նշենք, որ օպերան բաղկացած է 3 մասից: Օպերայի լիբրետոյի հեղինակը Հակոբ Խանջյանն է, բոմադրող ռեժիսորը` Յուրի Դավթյանը, բեմադրող ռեժիսորը` Արամ Սուքիասյանը, բեմադրության ու զգեստների նկարիչը` Արաքսի Քուչուկյանը: Երաժշտական մասի խմբավարն է Կարեն Սարգսյանը, իսկ դիրիժորը` Կարեն Լավչյանը: Մյուս ներկայացումը կլինի մարտի 9-ին:

Դիտվել է 2437 անգամ:
Print Friendly

Leave a Reply