Բրիտանական ֆիլմերի փառատոն` Երևանում, Վանաձորում և Կապանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 7, 2011 12:03
Վաղը` մարտի 8-ին, ժամը 16-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի ամենամյան փառատոնի բացման արարողությունը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և BMI ավիաընկերության բիզնես վաճառքի ղեկավար Սիմոն Ավագյանը: Փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն է VO.X բրիտփոփ խումբը:
Կանանց միամսյակին ընդառաջ Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը կսկսվի նախորդ դարի 60-ական թվականներին սեփական իրավունքների համար պայքարի ելած բրիտանուհիների մասին պատմող ֆիլմով: «Արտադրված է Դագենհեմում» կինոնկարը ոգեշնչող և բարի պատմություն է բանվորուհու մասին, ով պայքարի ելավ աշխարհի խոշորագույն կորպորացիայի` Ford Motors-ի դեմ:
Մարտի 8-13-ը Երևանում, 10-12-ը Վանաձորում, իսկ 14-16-ը Կապանում Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և BMI ավիաընկերության աջակցությամբ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնը: Կցուցադրվի վեց ֆիլմ`«Արտադրված է Դագենհեմում», «Արբոր», «Վարդագույն սարիներ», «Ժողովրդի թշնամիները», «Բաբելոնի զավակը», «Ըստ կասկածանքի»: Ֆիլմերը վեր են հանում խնդիրներ, որոնք կարևոր և էական են աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդկանց համար: Պատերազմի արհավիրքների դեմ պայքարող մարդկանց, ընտանեկան երջանկության ձգտող կանանց և համակարգային անարդարությունների մասին պատմող ֆիլմերը բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքներից են:
Փառատոնի հյուրն է հեռարձակման, կապի և միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը: Նա աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում և Channel 4 BRITDOC Foundation-ում: Սառա Ռոսը վարպետության դասեր կանցկացնի ուսանողների համար և սեմինարներ Վանաձորում ու Կապանում: Մարտի 10-ին փառատոնի շրջանակում կկազմակերպվի աշխատաժողով, որի ընթացքում կինոգործիչները կքննարկեն հասարակական կազմակերպությունների, ապրանքանիշերի և զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության նոր մոդելներ:
Ֆիլմերը Երևանում կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում ժամը 17.00-ին անգլերեն, իսկ 19.00-ին հայերեն ենթագրերով: Վանաձորում ֆիլմերը կցուցադրվեն Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ժամը 15.00-ին, իսկ Կապանում`Մշակույթի կենտրոնում ժամը 16.00-ին: Մուտքն ազատ է:






Facebook
Tweet This
Email This Post
