Դպրոցներում և մանկապարտեզներում գրիպով հիվանդացության մոնիտորինգ է իրականացվում
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 7, 2011 11:29
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված չէ, այն չափավոր լարվածության է: Ըստ ԱՀԿ հայտարարության` ներկայումս եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառում են գրիպի Ա (H2N3, H1N1` պանդեմիկ և սեզոնային ենթատեսակները) և Բ տեսակները: Այսինքն` գրիպի վիրուսի H1N1 ենթատեսակը հանդես է գալիս որպես սեզոնային գրիպի մի տարատեսակ:
Եվրոպական տարածաշրջանի շուրջ 27 երկիր հաղորդել է գրիպի և սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառության մասին: Կան երկրներ, որտեղ առանձին վարչական միավորներում են զգալի թվով դեպքեր արձանագրվում, իսկ երկրում ընդհանուր իրավիճակը լարված չէ: Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում ևս գրիպի ինտենսիվությունը բարձր է:
Սուր շնչառական վարակների բարձր ինտենսիվություն է արձանագրվել Շվեդիայում, Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Հունաստանում, Վրաստանում, Խորվաթիայում, Ալբանիայում:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակին, ապա պետք է նշել, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է` հիմք ընդունելով օրական մոնիտորինգի տվյալները, որն իրականացվում է 2010 թվականի հոկտեմբերից:
Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում շարունակվում է դեռևս 2010 թվականի հոկտեմբերից սկսված հիվանդացության մոնիտորինգը, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում և իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Նշված կազմակերպություններում սուր շնչառական վարակներով բացակայությունները ցածր են:
Հանրապետությունում վերջին օրերին աշխուժացել է առաջնային առողջության պահպանման կազմակերպություններ դիմելիությունը, որը վկայում է այն մասին, որ հիվանդները թեթև շրջանում արդեն դիմում են բժշկական օգնության, ստանում են բուժում, ինչը կանխում է հետագա բարդությունների առաջացումը:
Գրիպով կամ սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է`
• խուսափե´ք հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
• հագնվե´ք եղանակին համապատասխան,
• պահպանե´ք հազի և/կամ փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:






Facebook
Tweet This
Email This Post
