Վահան Դիլանյան. «Վիրտուալ ավտորիտարիզմով հնարավոր չի լինի հասնել իրական ժողովրդավարության հաստատմանը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 5, 2011 23:11

Երեք տարի առաջ այս օրերին Հայաստանում ինտերնետային լրատվական շրջափակում էր:

Մարտի 1-ի դեպքերից հետո հայտարարված արտակարգ դրության ժամանակ արգելափակվեցին մոտ երկու տասնյակ ինտերնետային կայքեր, թեեւ այդ մասին համապատասխան հրամանագրում որեւէ խոսք չկար: Արգելափակվեց նաեւ www.youtube.com կայքը, քանի որ այնտեղ ընդդիմությունը սկսել էր տեղադրել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տեսանյութեր: Ինտերնետային հնարավոր շրջափակման վերաբերյալ երկու հարց ուղղեցինք Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վահան Դիլանյանին:

– Ձեր կարծիքով` հնարավո՞ր է արգելափակել ինտերնետային կայքերը Հայաստանում, ինչպես 2008թ-ին:

-Ինտերնետային կայքերը միշտ էլ հնարավոր է արգելափակել, անկախ այն հանգամանքից` տվյալ երկիրը ավտորիտար է, կիսաավտորիտար, բռնապետական, թե ժողովրդավարական. իշխանությունները միշտ էլ կարող են գտնել արգելափակման արդարացումը` հիմնվելով ազգային անվտանգության այս կամ այն սպառնալիքի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

Օրինակ, ԱՄՆ-ը նման արգելափակումներ է դնում իր PATRIOT Act-ով, որով թույլ է տալիս Հետախուզության դաշնային բյուրոյին` հեռախոսազանգերից ու ֆինանսական տվյալներից բացի, հետևել էլեկտրոնային հասցեները, ընդ որում առանց դատական օրդերի, և սա ԱՄՆ իշխանությունները բացատրում են ահաբեկչության դեմ պայքարի հրամայականով:

Նույն կերպ, Հայաստանի իշխանությունները կարող են բացատրել առաջիկայում ինտերնետային կայքերի հնարավոր արգելափակումը կամ վերահսկողությունը` քայլն արդարացնելով, ասենք, հակահետախուզության նպատակներով կամ Ադրբեջանի կողմից ռազմական սպառնալիքի պայմաններում ներքաղաքական կայունության ապահովման հրամայականով:

Այսինքն, խնդիրը երկու գերակայությունների իրարամերժության մեջ է. ակնհայտ է, որ ահաբեկչության դեմ պայքարը կամ Ադրբեջանի սպառնալիքի կանխարգելումը կարող են և ոտնահարում են քաղաքացիական իրավունքները, բայց իրականում այդ երկու գերակայությունները միմյանց անհրաժեշտաբար փոխլրացնում են:

Ավելի որոշակի, և թերևս ըմբռնելով Ձեր հարցի ենթատեքստը, հնարավոր եմ համարում Հայաստանում ինտերնետային որոշ կայքերի արգելափակումը կամ այլ ձևերով խիստ վերահսկողությունը` կապված սպասվելիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հետ. այլ ձևերը կարող են լինել ինտերնետի խիստ դանդաղեցումը, նաև հեռախոսային կապի խափանումները կամ տեքստային փոխանցումների նկատմամբ հսկողությունը:

-Ըստ Ձեզ` սոցիալական կայքերը Հայաստանում ունեն արդյոք այն ազդեցությունը, ինչպես օրինակ` Եգիպտոսում:

Այդ ազդեցությունը չափելու համար անհրաժեշտ է իմանալ Եգիպտոսում ու Հայաստանում ինտերնետից օգտվողների քանակը, սոցիալական ցանցերից` հիմնականում Facebook-ից ու Twitter-ից օգտվողների քանակը, ապա համեմատել:

Բայց այս չափումները չեն կարող նույնիսկ բավարար պատասխան տալ այն հարցին, թե կկրկնվի արդյոք Հայաստանում եգիպտական հայտնի իրադարձություննե՞րը :

Նախորդ շաբաթվա տվյալներով` Հայաստանում Facebook-ից օգտվում է շուրջ 132 հազար մարդ, այսինքն բնակչության մոտ 4.5 տոկոսը, ընդ որում նրանց 76 տոկոսը 18-ից 33 տարեկան երիտասարդությունն է, իսկ արական ու իգական սեռերի հարաբերակցությունը գրեթե համամասնական է (48%/52%), ինչն, իսկապես գովելի արդյունք է, հատկապես եթե հաշվի առնենք վերջին ամսվա տվյալներով Facebook-ից օգտվողների շուրջ 10 տոկոս աճի գործոնը:

Այս փաստերը կարող են մարտահրավեր լինել հայաստանյան իշխանությունների համար, քանի որ պատմությունը և ներկան ցույց են տալիս, որ հենց երիտասարդությունն է դառնում փոփոխության շարժիչը: Բացի այդ, հայաստանյան ցուցանիշերը, ընդհանուր առմամբ, չեն զիջում եգիպտականին. այնտեղ Facebook-ից օգտվում է բնակչության շուրջ 6.8 տոկոսը:

Իհարկե, նույնը չի կարելի ասել Twitter-ի մասին, ինչի մասին իրազեկությունն անգամ ցածր տոկոս է կազմում մեր երկրում:

Բայց Հայաստանում ինտերնետից և սոցիալական ցանցերից օգտվողների խիստ անհամամասնություն կա` ելնելով աշխարհագրական (Երևան-մարզեր), սոցիալական (սոցիալապես ապահովված-աղքատ), օգտակարության (զվարճանք-PR) և ակտիվության (գրանցվել-ամենաօրյա կիրառում) տեսանկյուններից:

Այս առումով, բավական է միայն նշել Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը, ինչը վերջին բարձրացումից հետո հասել է ընդամենը 32 հազար 500 դրամի, իսկ անսահման ու լավ արագությամբ ինտերնետի ամսեկան վճարը 45-50 դոլլար է:

Սրանից պարզ է դառնում, որ վիրտուալ աշխարհում նույնպես ժողովրդավարություն չկա, և ոմանք առավելություններ ունեն այն մյուս մասի նկատմամբ, որ չունի ինտերնետ հասանելիություն:

Եվ սա էլ վկայում է, որ վիրտուալ ավտորիտարիզմով հնարավոր չի լինի հասնել Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատմանը:

Բայց անգամ հաշվի չառնելով այս հանգամանքները, կրկնում եմ` ինտերնետը և սոցիալական ցանցերը կարող են լինել «անհրաժեշտ, բայց ոչ բավարար» գործիքներ Հայաստանում եգիպտական «domino effect»-ի հարուցման համար:

Իրական խնդիրը կապված է սոցիալական ինքնահավաքագրման անկատարության և հեղափոխությանն արժեքային համակարգի անհամապատասխանելիության հետ:

http://www.a1plus.am/am/social/2011/03/3/democracy

Դիտվել է 1932 անգամ:
Print Friendly

Leave a Reply