Ինչո՞ւ է չեղյալ համարվել Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը. ասուլիսում կրքեր են բորբոքվել
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 5, 2011 19:44
Աշխարհահռչակ փոփ երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ մարզահամերգային համալիրում մարտի 8-ին կայանալիք համերգն ընդհանրապես չեղյալ է հայտարարվել, թեեւ մինչ այդ նշվել էր, որ միայն Սարա Քոնորն է հրաժարվել մասնակցել այդ համերգին: Այս մասին մարտի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց համերգի կազմակերպիչ VH Music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը։
Նրա խոսքով, թեպետ երգչուհու պահանջած 55 հազար եվրո գումարի 50 տոկոսն արդեն վճարված է, սակայն համերգն, այնուամենայնիվ, տեղի չի ունենա։ Պատճառը ոչ միայն երգչուհու պահանջած տեխնիկական միջոցներից մեկի բացակայությունն է, այլ նաեւ տոմսերի՝ փոքր ծավալների վաճաքը։ «15 մլն դրամի տոմս վաճառվել է տոմսարկղերում, 20 մլն-ի՝ տարբեր հիմնարկություններում»,- նշեց Վահե Հաությունյանը։
NEWS.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ընկերությունը վերադարձնել տոմսեր գնած մարդկանց գումարները եւ եթե այո, ապա ինչպե՞ս, նա նշեց. «Իհարկե, մենք վերադարձնելու ենք համերգի տոմսեր գնած բոլոր մարդկանց եւ կազմակերպությունների գումարները։ Այդ մարդիկ կարող են դիմել Իսահակյան 28 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կամ զանգահարել մեզ։ Նրանց գումարները կվերադարձվեն փուլ առ փուլ»։ Իսկ ի՞նչ ասել է փուլ առ փուլ, հարցին էլ պատասխանեց, որ յուրաքանչյուր գնորդի համար կսահմանվեն կոնկրետ ժամկետներ, որոնցում էլ գումարները հետ կվերադարձվեն։
Ասուլիսին ներկա երգիչ Արա Մարտիրոսյանը եւ «Սիրուշո փրոդաքշն»-ի տնօրեն Արեւիկ Ուդումյանն իրենց հերթին նկատեցին, որ VH Music-ի ոչ պրոֆեսիոնալ կազմակերպչական աշխատանքների արդյունքում իրենք, հնարավոր է, ստիպված լինեն դիմել դատարան՝ պայմանագրի կետերը խախտելու խնդիրն իրավական դաշտում կարգավորելու համար։
«Ես ստիպված էի մոլդովական «Օզոն» խմբի անդամ Արսենիին բացատրել համերգի օրվա՝ 3 անգամ անընդմեջ փոփոխվելու պատճառները»,- պատմեց Ուդումյանը՝ ավելացնելով, որ իրենց կողմից լռություն պահպանելը մեկ նպատակ է ունեցել՝ ցույց չտալ կողմերի միջեւ առկա խնդիրները:
Իսկ ահա Արա Մարտիրոսյանի նյարդերը չդիմացան, ով մարտի 8-ին կայանալիք համերգին մասնակցելու համար ինքն Ամերիկայում է թողել կնոջը եւ եկել Հայաստան։ «Անկախ նրանից՝ կգա՞ Սառա Քոնորը Հայաստան, թե ոչ, ես պատրաստ եմ երգել իմ ժողովրդի համար։ Բայց Լոս Անջելեսից Մոսկվա չվերթի ժամանակ՝ օդում, տեղեկանում եմ, որ Վահեն ինքնագլուխ փոխել է համերգի օրը։ Նա իրավունք չուներ նման բան անել»։ Այնուհետեւ նա դիմեց Վահե Հարությունյանին, ասելով. «Մի քանի օր է չեմ կարողանում քեզ գտնել: Լրատվամիջոցներում էլ այսօր կարդացի, որ նրանք էլ քեզ չեն կարողանում բռնացնել (այս մասին գրել էր NEWS.am-ը խմբ.), հիմա եկել ես, դե պարզաբանումներ տուր, թե ինչո՞ւ համերգը չի կայանալու, ինչո՞ւ ես խլել իմ ժամանակը»:
Ասուլիսի ավարտին Վահե Հարությունյանը նշեց, որ համերգը չեղյալ հայտարարելու պատճառներից մեկն էլ եղել է ռուսաստանցի մի գործարարի՝ համերգը հովանավորելու իր նախնական խոստումը չկատարելը։ Սակայն, հատկապես ում մասին էր խոսքը, նա այդպես էլ չասաց։
Նշենք, որ Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը հետաձգվել էր 3 անգամ: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, սակայն պարզվում է, որ այն ընդհանրապես չի կայանալու: Համերգին պետք է մասնակցեին նաեւ երգիչներ Արա Մարտիրոսյանը, Սիրուշոն եւ «Օզոն» խմբի անդամ Արսենին։
VH Music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը NEWS.am-ին ավելի վաղ հավաստիացրել էր, որ հետաձգումներ չեն լինի, եւ որ պայմանագրի բոլոր կետերը ամբողջությամբ կատարված են։






Facebook
Tweet This
Email This Post
