Հայաստանի Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2011 18:25

Հայաստանի Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ ԱԼիեւը այսօր՝ մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել:

«Առաջնորդները քննարկել են Աստրախանում 2010-ի հոկտեմբերի 27-ի եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված հայտարարության պրակտիկ իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են նվազագույն ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը»,- ասված է հայտարարության մեջ:

Փաստաթղթում ընդգծվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կողմերի միջեւ շփման գծի երկայնքով հնարավոր միջադեպերի հետաքննություն անցկացնելու ձգտումը՝ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

Նախագահները նաեւ նշել են ԼՂ խնդրի կարգավորման հարցով պարբերական շփումների կարեւորությունը եւ պայմանավորվել շարունակել դրանք այս ձեւաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի:

2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում երեք երկրների նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել, որում պայմանավորվել էին գերիների ու զոհվածների աճյունների փոխանակման շուրջ:

Բանակցությունները վարվել են Հայաստանում ու Ադրբեջանում գտնվող 8 ռազմագերիների, 6 քաղաքացիական անձանց եւ 3 զոհվածների աճյունների վերադարձի շուրջ: Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ զոհվել էր հայ հովիվ Մանվել Սարիբեկյանը: Վերջինս տարօրինակ հանգամանքներում մահացել էր Բաքվի բանտում: Մինչդեռ հայկական կողմում են ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Ֆարիդ Ահմեդովի եւ Ադրբեջանի Ազգային հերոս հռչակված Մուբարիզ Իբրահիմովի դիակները:

Մանվել Սարիբեկյան

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ 21-ամյա Մանվել Սարիբեկյանը գերեւարվել է 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տվյալներով՝ 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետեւանքով կորցնելով կողմնորոշումը նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա եւ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

2010 թվականի նոյեմբերի 04-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Մանվել Սարիբեկյանի դին, ով, ադրբեջանական պաշտոնական հայտարարությունների համաձայն, մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին՝ խեղդամահության հետեւանքով:

Դիակի նախնական զննությամբ պարզ է դարձել, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանզի դիակը եղել է քայքայված: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ.Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն՝ առանձին դաժանությամբ): Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Նախաքննության, դատաբժշկական փորձաքննության ընթացքում հետազոտության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Դիտվել է 1912 անգամ:
Print Friendly

Leave a Reply