Ավրաամ Ռուսսո. Ես հպարտ եմ, որ հայ եմ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 5, 2011 18:34

Հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն մտադիր է հայերենով ալբոմ թողարկել: Այս մասին նա ասել է Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ընդ որում, նա ողջ ասուլիսի ժամանակ շփվում էր հայերենով:

Ռուսսոն հայտնել է, որ այդ ալբոմի 4 երգերի համար երաժշտություն արդեն գրել է, բայց բառերը դեռ չկան: Նա նաեւ մտադիր է վերակենդանացնել հին հայկական երգերը: Երգիչը խոստովանել է, որ շատ է սիրում հայկական երգեր եւ առանձին, իր համար միշտ երգում է հայկական մոտիվներով:

«Մի՞թե հնարավոր է լինել հայ ու չսիրել հայկական երգերը: Հենց որ Հայաստանում լավ գործընկեր գտնեմ, ես կթողարկեմ ալբոմս»,- նշել է Ռուսսոն, հավելելով, որ մինչ օրս հայերը չեն արձագանքել իր հայկական ալբոմ թողարկելու մտադրությանը:

«Եթե ես Ռուսաստանում հայտարարեի, որ ցանկանում եմ որեւէ լեզվով՝ ոչ ռուսերեն ալբոմ թողարկել, այդ ազգի ներկայացուցիչները կգային ինձ մոտ՝ համագործակցության առաջարկությամբ:,- ասել է Ռուսսոն, ընդգծելով, որ, ցավոք, հայերը քիչ են օգնում իրար: «Շատ դեպքեր են եղել, երբ ինձ օգնության ձեռք են մեկնել ավելի շատ այլ ազգության ներկայացուցիչները, քան՝ հայերը»,- ասել է նա:

Երգիչը փաստել է, որ արդեն 1,5 տարի է, ինչ փորձում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ, մի ողջ տրցակ փաստաթղթեր է ներկայացրել պատկան մարմիններին, բայց այս ընթացքում ոչ մի պատասխան չի ստացել:

«Միաժամանակ, ես մի շարք երկրների քաղաքացի եմ, իսկ ՌԴ քաղաքացիություն ստացել եմ ընդամենը 3 շաբաթ առաջ: Ինչ արած, երեւի ես արժանի չեմ ՀՀ քաղաքացիության»,- ասել է նա, նաեւ վստահություն հայտնելով, որ երբեւէ տուն կգնի Հայաստանում եւ կապտի հայրենիքում: «Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ խոսում, գրում ու կարդում եմ հայերեն: Ես ամեն տեղ հպարտությամբ ասում եմ, որ հայ եմ»,- հայտարարել է Ռուսսոն:

Նա նաեւ տեղեկացրել է, որ ունի դուստր՝ Էմանուիլան, ով հիմա 4 տարեկան է: «Նա արդեն կարողանում է խոսել հայերեն եւ նաեւ երգել: Նրան հայերեն է սովորեցնում տատիկը՝ իմ մայրը»,- նշել է երգիչը, հայտնելով, որ արդեն դստեր համար տեսահոլովակ է նկարահանել՝ ռուսերենով: «Երգը կոչվում է «Սերաֆինա»,- ասել է Ռուսսոն:

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply