Արոնյանը և Հակոբյանը խաղաղ սկսեցին շախմատի Ջերմուկի «Գրան պրի» մրցաշարը, որին ներկա էր նաև նախագահը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 10, 2009 14:10

Ջերմուկում «Գրան պրի» «Ջերմուկ-2009» շախմատային խաղերը երեկ մեկնարկել են` Լևոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ խաղազույգի խաղատախտակի վրա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կատարած առաջին խորհրդանշական քայլերով:

«Այսօր մենք հպարտությամբ ասում ենք, որ Հայաստանն օլիմպիական կրկնակի չեմպիոնների հայրենիքն է: Մեր շախմատիստները գրեթե յուրաքանչյուր ամիս հասնում են նոր հաջողությունների, որոնցից վերջինը Լեւոն Արոնյանի հաղթանակն էր արագ շախմատում: Շնորհակալ եմ, Լևո՛ն ջան: Շնորհավորում եմ, բայց մենք ավելին ենք սպասում»,-ասել է Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված մրցաշարի բացման արարողության ժամանակ:

Մրցաշարի առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին մրցակիցների հետ:

Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված մրցաշարի մեկնարկին, որին ներկա էր նաև նախագահ Սարգսյանը,  մեր երկու գրոսմայստերներն էլ հանդես էին գալիս սև խաղաքարերով: Արոնյանը միավորը բաժանեց ուկրանիացի Վասիլի Իվանչուկի, իսկ Հակոբյանը` ռուսաստանցի Եվգենի Ալեքսեևի հետ:

Խաղաղ արդյունք գրանցվեց նաև Կամսկի- Բաքրո, Կասիմջանով-Կարյակին, Գելֆանդ-Էլյանով պարտիաներում: Իսկ ահա, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի փեսան` հունգարացի Պետեր Լեկոն, սևերով առավելության հասավ ռուսաստանցի էռնեստո Ինարկիևի նկատմամբ: Բուլղարացի Իվան Չեպարինովն էլ հաղթեց ռուսաստանցի Դմիըրի Յակովենկոյին: Այսպիսով, մեկնարից հետո 1-ական միավորով աղյուսակը գլխավորեցին Լեկոն և Չեպարինովը:

Այսօր մեր երկու շախմատիստներն էլ խաղում են սպիտակ ֆիգուրներուվ: Արոնյանի մրցակիցն է Ալեքսեևը, Հակոբյանի` Չեպարինովը:

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply