«Երևանտրանս»-ի աշխատանքից այս տարի բողոքել է 13 ուղևոր

Օրվա լուր | | August 10, 2009 15:12

no_smoking_signsvg«Երևանտրանս» ընկերությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հասարակական տրանսպորտում ծխելու համար կազմել է 24 ակտ, որով յուրաքանչյուր երթուղային տնտեսվարող սուբյեկտ տուգանվել է 25 հազարական դրամով: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում քաղաքացիների կողմից ընկերությունում ստացվել է 13 դիմում: Նախորդ տարիների համեմատ հասարակական տրանսպորտում ծխելու դեպքերի վերաբերյալ բողոքներն ու ակտերը նվազել են:

«Արմենպրես»-ը գրում է, որ 9 ակտի դեպքում գումարն արդեն գանձվել է: Եթե մեկ անգամ արդեն տուգանված վարորդը կրկին խախտում է կարգը, այդ դեպքում համապատասխան ակտ կազմվելուց հետո տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է վճարել 50 հազար դրամ, երրորդ անգամ  երթուղու սպասարկման հարցը դրվում է քննարկման:

Հասարակական տրանսպորտում ծխելու դեպքերի վերաբերյալ ընկերություն ահազանգում են նաև անհատ քաղաքացիներ: 2007թ. ընկերության կողմից կազմվել է 400-ից ավելի ակտ, իսկ 2008թ.` 96: «Երևանտրանս» ընկերության հավաստմամբ`իրենք չեն սպասում անհատների զանգերին, այլ պարբերաբար ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ անցկացնում են ստուգայցեր և հետևողական լինում, որ կարգը չխախտվի:
«Երևանտրանս» ընկերությունում, բացի հասարակական տրանսպորտում ծխելու վերաբերյալ դիմումներից, ստացվել է նաև այլ հարցերին առնչվող 93 դիմում, հիմնականում` կապված անվճար երթևեկելու իրավունք ունեցող ուղևորի նկատմամբ վարորդների ցուցաբերած անպարկեշտ վերաբերմունքի, երթուղիների վատ աշխատանքի, կանգառից դուրս կանգնելու հետ: Գրանցվել են նաև զանգեր, երբ ուղևորներն առաջարկել են ստեղծել նոր երթուղի կամ այն համալրել նոր ավտոբուսներով:

«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքն արգելում է ծխելը քաղաքային տրանսպորտում:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply