Ստարովոյտովայի սպանության կազմակերպիչն ասել է պատվիրատուի անունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 18:09
ՌԴ Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության կազմակերպիչ Յուրի Կոլչինը հայտարարել է, որ հանցագործության պատվիրատուն մի այլ պատգամավոր է` Միխայիլ Գլուշչենկոն: Այդ մասին մարտի 4-ին հաղորդեց «fontanka.ru» հրատարակությունը:
Գլուշչենկոն վաղուց էր հայտնվել ԶԼՄ-ներում որպես Ստարովոյտովայի սպանության հնարավոր պատվիրատու: Սակայն որևէ որոշակի ապացույց նրա դեմ չկար, և պաշտոնապես համարվում էր, որ սպանության պատվիրատուն անհայտ է: Կոլչինը, որ Գլուշչենկոյի լավ ծանոթն էր, մինչև վերջերս կտրականապես ժխտում էր նախկին պատգամավորի մասնակցությունը հանցագործությանը: Սակայն ինչպես հայտնի է դարձել «fontanka.ru»-ին անանուն աղբյուրներից, մոտավորապես մի շաբաթ առաջ սպանության կազմակերպիչը փոխել է իր դիրքորոշումը: Նա հաստատել է, որ պատվիրատուն Գլուշչենկոն է:
Ստարովոյտովան սպանվել է հրազենով 1998 թ. նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում` իր տան մուտքում: 2005 թ. գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Յուրի Կոլչինը, լինելով “տամբովյան” հանցավոր խմբի անդամ, սպանության կազմակերպման համար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Շուտով դատապարտվեցին ևս մի քանի հոգի` անմիջական կատարողներն ու միջնորդները:
2008 թ, քննիչները հայտնեցին, որ Ստարովոյտովայի սպանության պատվիրատուին չի հաջողվել գտնել, և հետաքննությունը դադարեցվեց: Սակայն 2009 թ. քննությունը վերականգնեցին Գլուշչենկոյի ձերբակալության կապակցությամբ (անհրաժեշտ էր ստուգել սպանությանը պատգամավորի մասնակցության վարկածը): Սակայն մի քանի ամիս անց ԶԼՄ-ներում արդեն քննության ընթացքի մասին նյութեր չէին հայտնվում:
Գլուշչենկոն, որ դատվածություն ունի բռնաբարության համար և մտնում է «տամբովյան» հանցավոր խմբի մեջ Միշա Խախոլ մականունով, Պետդումայի պատգամավոր դարձավ 1996 թ. և խորհրդարանի անդամ մնաց մինչև 1999 թ.: Ձերբակալվեց 2009 թ.: Նախկին պատգամավորին մեղադրում էին Կիպրոսում երեք ռուսաստանցու սպանության կազմակերպման մեջ: Հետաքննության վարկածի համաձայն` 2004 թ. Գլուշչենկոյի հրամանով սպանվել են Պետդումայի նախկին պատգամավոր Վյաչեսլավ Շևչենկոն, գործարար Յուրի Զորինը և թարգմանչուհի Վիկտորյա Տրետյակովան: Գլուշչենկոյին կասկածում են նաև Շևչենկոյի հարազատներից դրամ շորթելու մեջ:
Lenta.ru






Facebook
Tweet This
Email This Post
