Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 4, 2011 15:32
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ:
ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթների և Հանրապետության ղեկավարի հանձնարարականների շրջանակում 2010թ. իրականացված աշխատանքներն ու 2011թ. ծրագրերը:
2010թ. նախանշված միջոցառումները, Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, իրականացվել են լիարժեքորեն և սահմանված ժամկետներում: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև լճի հետ կապված մի շարք հիմնախնդիրների, որոնք այսօր էլ արդիական են:
Ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նախագահը նշել է, որ թեպետ հանձնաժողովն իր գործունեության գրեթե երկու տարիների ընթացքում զգալի աշխատանք է իրականացրել` եղել են հանձնաժողովի բազմաթիվ նիստեր, կարևորագույն մի շարք հարցերի շուրջ մասնագիտական քննարկումներ, այդ հարցերի հիմնական մասն առաջարկությունների տեսքով ներկայացվել է Կառավարություն, և դրանց հիման վրա ընդունվել են Կառավարության որոշումներ, այդուհանդերձ, խնդիրների լուծման տեմպերը դեռևս բավարար չեն: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կատարված աշխատանքը և որոշակի առաջընթացը մասնագետներից բացի, պետք է տեսանելի լինեն նաև Սևան այցելող ցանկացած մարդու համար:
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մի շարք հանձնարարականներ են տրվել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին և նրա նախագահին, Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, Բնապահպանության, Տրանսպորտի և կապի նախարարներին, Գեղարքունիքի մարզպետին և Կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահին:-






Facebook
Tweet This
Email This Post
