Էլեկտրականո՞ւթյուն Մ.Թ.Ա.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 6, 2011 20:04

էլեկտրականության դարաշրջանի սկիզբը ընդունված է համարել 1786 թ., երբ  Լուիջի Գալվանին (1737-1798) կատարեց իր հայտնի փորձերը, սակայն  որոշ հնագիտական գտածոներ և հնագույն սկզբնաղբյուրների արժանահավատ հիշատակումներ ստիպում են կասկածել Լ. Գալվանիի առաջնայնությանը:

Տիգրիսի ափերին գտնվող Սելևկիա քաղաքի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են մոտ 10 սմ երկարությամբ ջնարակված կավե անոթներ, որոնց մեջ եղել են թթվից մաշված տեսքով երկաթե ձողեր և պղնձե զոդված գլաններ, որոնք գալվանական էլեմենտներ էին հիշեցնում: Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, երբ գլանները վերականգնեցին  սկզբնական տեսքով, կավե անոթները հոսանք տվեցին: Գուցե այս հայտնագործության մե՞ջ է թաքնված շումեր ոսկերիչների` արծաթյա իրերին խիստ բարակ շերտով ոսկու շերտի նստեցման բարձր արվեստը:  Համենայն դեպս, պիտի ընդունել, որ գալվանոստեգիան (որն առանց էլեկտրականության իրականացնել անհնարին է)  մարդկային քաղաքակրթության վաղ արշալույսին հայտնի էր շումերներին:

Պլուտարքոսը Լ. Գալվանիից 17 դար առաջ գրել է Յուպիտեր-Ամոնի տաճարի մուտքի լամպի մասին, որը վառվել է մի քանի դար: Այդպիսի պայծառ լույսի աղբյուրի մասին, որը Հերապոլիսում վառվել է Հերայի արձանի գլխին, գրել է հույն երգիծաբան Լուկիանոսը: Պավսանիոսը (մ.թ.ա. II դ.) պատմել է Միներվայի տաճարի «զարմանալի ոսկե լամպի» մասին, որն առանց հանգչելու վառվել է ողջ դարի ընթացքում: Չմարող  լամպերի մասին իր աշխատանքներում գրել է նաև Սբ. Ավգուստինը (354-430): Այդ լամպը, որ գտնվել է Եգիպտոսում` Իզիդայի տաճարում, հնարավոր չէր հանգցնել «ո՛չ ջրով, ո՛չ քամու միջոցով»: Այդպիսի լամպ, որը վկայված է վրայի գրությամբ, 500 տարի` մինչև Հուստինիանոս Բյուզանդացու (մ.թ. VI դ.) կառավարման  ժամանակները, անշեջ վառվել է Եդեսիայում: Վաղ միջնադարում Անգլիայում հայտնաբերվել է մ.թ. III դարից վառվող լամպ: 1401-ին Հռոմի մոտ գտնվել է Պոլլանտայի լապտերը, որը նրա որդու դամբարանում վառվել է 2000 տարի: 1550-ին նեոպոլիտանյան ծոցում գտնվող Նեսիդա կղզում գտնվող լավ պահպանված մարմարյա մի դամբարան բացելիս հայտնաբերել են պայծառ  վառվող լամպ, որը վառվել է մ.թ.ա.:

Եթե նույնիսկ մի կողմ թողնենք վերոհիշյալ բոլոր փաստերը, որոնք, հնարավոր է` անվստահելի թվան, ապա 1652-ին Հռոմում լույս տեսած Կիրխերի «Էդիպուս Եգիպտիկուս» գրքում նկարագրվում է Մեմֆիսի ստորերկրյա բավիղներում գտնված իսկական լուսատու լամպի մասին, իսկ չհամաձայնվել Կիրխերի հետ, այնքան էլ լուրջ չէ: Հայտնիներից այդպիսի լամպերի մասին ուղղակի և անուղղակի վկայություններ են թողել Կլիմենտ Ալեքսանդրիացին, Պարացելսը, Պլինիոսը, Սոլին և Ալբերտ Մագնուսը: Երբ բացեցին Ռեզենկրեյցերների օրդենի հիմնադիր Խ. Ռեզենկրեյցերի (XIV-XV դդ.) դամբարանը (մահից 120 տարի հետո), առաստաղից կախված լամպը դեռևս վառվում էր:

Երկար տարիներ Արևելքի հետազոտությամբ զբաղվող Էնդրյու Թոմասը, որը շատ անգամ է եղել Հնդկաստանում, գրել է. «Հնդկաստանում գտնվելու ժամանակ ես ծանոթացա հնագույն փաստաթղթերի, որոնք պահվում էին Ուջայնա քաղաքի գրադարանում` «Ադաստիա Սամխիտայում»: Անհավանական է, բայց այնտեղ ես գտա էլ. մարտկոց պատրաստելու հրահանգը, որն այսպիսին է. «…Լավ մաքրված պղնձե թիթեղը տեղադրեք կավե կճուճում: Սկզբում այն ծածկեք պղնձի սուլֆատով, իսկ հետո խոնավ մանրուքներով: Հետո վերևի մասում անհրաժեշտ է դնել սնդիկազօծված ցինկե թիթեղը: Այդ թիթեղների շփումն էներգիա կտա, որը հայտնի է Միթրա-Վարունա անունով: Այդ էներգիան ջուրը կբաժանի տարրերի` Պրանավայի և Ուդանավայի` թթվածնի և ջրածնի: Հարյուրավոր այդպիսի կճուճներից կազմված մարտկոցը   կապահովի շատ ակտիվ և արդյունավետ ուժ»:

Միթրա-Վարունային մենք այսօր անվանում ենք` անոդ-կատոդ: Հայտնի է, որ հին Հնդկաստանում գիտեին նաև էլ. հաղորդականության մասին: Է. Թոմսոնը գրում է նաև Նոր Գվինեայում Վիլհելմի լեռների մոտ,  ջունգլիներում գտնվող, աստծո կողմից մոռացված մի բնակավայրի մասին: Գործնականում  ժամանակակից քաղաքակրթությունից մեկուսացած այդ գյուղն ունի արհեստական լուսավորվածության համակարգ, որը ոչնչով չի զիջում ժամանակակից էլ. համակարգին: Այդ գյուղում պատահաբար հայտնված որսորդները խոստովանել են, որ իրենք զարմացած են մնացել, ամբողջ գիշեր վառվող փոքրիկ լուսիններից: Այդ արհեստական լապտերները նման են եղել փոքրիկ գնդերի, որոնք տեղակայված են եղել սյուներին: Երբ արևը մայր է մտել, դրանք սկսել են վառվել նեոնային լամպերի նման: Դենդեր քաղաքի մոտ գտնվող Խատոր աստվածուհու տաճարի հարթաքանդակին 1969-ին գտնվել է մի գծագիր, որը հիշեցնում է ժամանակակից էլ. շիկացման լամպը: Հարթաքանդակին պատկերված է կոլբայատիպ ձգված անոթ, որի ներսում պատկերված է գալարվող օձ: Նրա շատ երկար ձգվող պոչը դուրս է եկել լոտոսի ծաղկաբույլից և ձգվել է մինչև հատակ` մինչև ինչ-որ արկղ, որի հետևում կանգնած էր աստվածը, ում վեր բարձրացրած ձեռքերին 2 դանակ կար: Եթե այն վերարտադրենք ժամանակակից մարդու աշխարհընկալմանը համապատասխան, ապա առանց դժվարության կարելի է ճանաչել ժամանակակից շիկացման լամպը:

Եգիպտական բազմաթիվ լեգենդներում խոսվում է ավտոմատ բացվող դռների մասին, որոնց հետևում կուրացնող լույս է եղել: Ենթադրվում  էր, որ իբր մի ժամանակ եգիպտական բուրգերի ներսում, խորը մթության մեջ կատարված քանդակները կատարվել են մետաղական հայելիների օգնությամբ ստացվող լույսի տակ, սակայն երբ փորձեցին հայելիների օգնությամբ խցերը լույսով ապահովել` ոչինչ չստացվեց, քանի որ 1-2 փոխանցումից հետո այնքան մեծ էր լույսի կորուստը, որ մինչև տեղ հասնելն այն անհետանում էր: Հիշեցնենք նաև, որ քանդակելու ժամանակ չեն օգտագործվել մարխեր, մոմեր, որովհետև իսպառ բացակայում են դրանց հետքերը: Ուրեմն ի՞նչ. հին եգիպտացիներն օգտվել են էլեկտրականությունի՞ց և իսկապես խոր հնադարում մարդուն հայտնի՞ է եղել էլեկտրականությունից օգտվելու գաղտնիքը: Տեղին է ենթադրել, որ մարդկանց նեղ մի շրջանակի հայտնի է եղել, ինչպես էլ. հոսանքի ստացման, այնպես էլ բազում այլ  գաղտնիքներ, որոնք մեզ անհայտ պատճառներով թաքցվել են:

Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ (ՍԱՀԱԿՅԱՆ)

Դիտվել է 2611 անգամ:
Print Friendly

Leave a Reply