Նա զգայուն և սենտիմենտալ կին էր, որն այրեց իր թևերը հեղափոխության մահացու խարույկի վրա

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Հետաքրքիր կանայք, Շաբաթվա լուր | | March 9, 2011 13:53

Մի քանի օր անց ամբողջ աշխարհը կնշի Մարտի 8-ը` Կանանց իրավունքների միջազգային օրը: Այն մեր երկրում պետականորեն ընդունված տոների ցանկում է և խորհրդային տարիներին ամուր հաստատվել է մեր կյանքում: Ուստի այս օրերին արժե հիշել նրանց, ովքեր հեռավոր անցյալում առաջինը բարձրացրին կանանց իրավունքների պայքարի դրոշը:

Ֆեմինիզմի առաջին մանիֆեստն արդարև համարվում է 1791 թ. «Կնոջ և քաղաքացուհու իրավունքների հռչակագիրը», որը պատկանում է Օլիմպիա դը Գուժի գրչին: Այդ փաստաթղթում առաջին անգամ հրապարակավ ձևակերպվեց օրենքով կանանց և տղամարդկանց իրավահավասարության հաստատման պահանջը: Այն գրվել է ի հակակշիռ պատմության մեջ ամենահայտնի փաստաթղթերից մեկին` «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրին», որն ընդունվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության առաջին օրերին և դարձել արդի ժողովրդավարության հիմնաքարը: «Բոլոր մարդիկ ծնվում և մնում են ազատ ու հավասար իրենց իրավունքներով»,- հռչակում է վերջինս: Օլիմպիա դը Գուժն ընդվզեց այն իրողության դեմ, որ այդ հռչակագիրը վերաբերում է միայն տղամարդկանց (“les hommes”), և առաջ քաշեց իր դրույթը. «Կինը ծնված է ազատ և տղամարդուն հավասար իրավունքներով»:

Կանանց իրավունքների հռչակագիրն ազատություն չբերեց կանանց, բայց անմահացրեց նրա հեղինակին` երեք հարյուր տարի հետո էլ չկորցնելով իր արդիականությունը: «Կինը կարող է բարձրանալ կառափնարան, հետևաբար կարող է բարձրանալ նաև ամբիոն»,- հայտարարեց Օլիմպիա դը Գուժը և իր կյանքի օրինակով ցույց տվեց, որ եթե կինը համարձակություն է ունենում բարձրանալու ամբիոն, ապա ճանապարհ է հարթում դեպի կառափնարան: Ազատորեն արտահայտվելու և լիիրավ քաղաքացի լինելու համար կանայք դեռ պայքարելու էին մի քանի դար:

Օլիմպիա դը Գուժի անունը շղարշված է հակասական կենսագրական տվյալներով ու կարծիքներով: XX  դարասկզբի գերմանացի սոցիալիստ և ֆեմինիստ  Լիլի Բրաունի կարծիքով`  նա եղել է ժամանակի ամենաուրույն ու հետաքրքիր  անձնավորություններից մեկը, որին «վիճակված էր դառնալու կանանց շարժման առաջին կարզմակերպիչը»: «Նրա իսկական անունը Մարիա Գուզ էր, ծնողները մոնտոբանցի հասարակ մարդիկ էին, բայց հավանական է, որ իր ծնունդով նա պարտական էր իր մոր` Օլիմպիայի բանաստեղծ Լը Ֆրանկ դը Պոմպինյանի հետ սիրային կապերին:  Գեղեցիկ աղջկա բուրբոնյան դիմագծերը հիմք էին տալիս նաև  կասկածելու, որ նրա հայրը Լյուդովիկոս XV-ն: Կարծիք կա նաև, որ 1788 թ. նա թողել է ամուսնուն ու երեխաներին և փախել Փարիզ: Այնտեղ Օլիմպիան փայլուն աշխարհիկ կյանք է վարում, բայց շուտով կտրուկ փոխում է իր կյանքը` նվիրվելով հասարակական գործունեությանը:

Ըստ ուրիշ տվյալների` Օլիմպիա դը Գուժը  եղել է մսագործի և լվացարարուհու դուստր և վաղ տարիքում ամուսնացել է շատ հարուստ ու տարեց մարդու հետ: Այրիանալուց հետո նա բնակություն է հաստատել Փարիզում և մայրաքաղաքի թատրոնում բեմադրվող մի քանի կատակերգությունների հեղինակ դարձել: Նա հիմնադրել է մի քանի կանանց կազմակերպություն, հրատարակել ավելի քան 30 քաղաքական պամֆլետ: Օլիմպիան թերի կրթություն է ունեցել, բայց բավականաչափ գիտելիքներ է ձեռք բերել իր միջավայրի շնորհիվ և մեծապես օգտվել է քարտուղարների ու խմբագիրների ծառայություններից, որոնք վերամշակել են նրա ստեղծագործությունները:

Ըստ Ադրիան Լասսերի, նրա աշխարհայացքի վրա խոր կնիք է թողել  թե՛ այն հանգամանքը, որ արտամուսնական սիրային կապերի ծնունդ է եղել, թե՛ իր անհաջող ամուսնությունը: «Հակակրանքն ամուսնության նկատմամբ շատ է ազդել նրա վարքագծի վրա, որը երևում է նրա երկերում չափազանց կողմնակալ երանգներով: Հավանաբար նա այդքան արագ չանցներ կանանց ազատությանը տանող ճանապարհի հանգրվանները, եթե վաղ տարիքում  անհաջող հարկադրական ամուսնություն չունենար և չիմանար իր ռոմանտիկ ծագման մասին մի մեծատոհմիկ անձնավորությունից, որի հարստությունը հետագայում ջանադրաբար ձգտում էր ժառանգել,- գրում է նա:- Համենայն դեպս, արդարացի լինենք նրա նկատմամբ և ընդունենք, որ նա հայրենասիրության փայլատակումներ, ապագան տեսնելու զարմանալի շնորհ և հոգևոր բարի մղումներ է ունեցել: Սրանցով են հատուցվում նրա հպարտությունը, սիրային արկածները, տարօրինակությունները, հակասություններն ու կամայականությունները»:

«Հեղափոխական նևրոզ» աշխատության հեղինակներ Օ. Կաբանեսը և Լ. Լասսը, որոնց վերլուծությունները հանգեցնում են այն եզրակացության, որ Օլիմպիան մոտ է եղել հոգեկան խանգարման, տառապել է վեհության ու հետապնդման մոլուցքներով, կենդանամոլությամբ և ուրիշ շեղումներով, համարում են, որ նրա մտավոր նկարագրին բնորոշ են եղել «թույլ հիշողությունը և հախուռն երևակայությունը, անհետևողականությունը, միաժամանակ հանդգնությունն ու խիզախությունը», բայց և կարծում են, որ նա, այնուամենայնիվ, կարողացել է իր սրտում պահպանել ջերմ սերը աշխարհի նկատմամբ: «Եվ այսուհանդերձ չի կարելի ներողամիտ չլինել այդ կրակոտ Օլիմպիայի հիշատակի առջև, – գրում են նրանք:- Նա մեծահոգի էր, բարի ու կարեկցող և ավելի, քան որևէ մեկը, իրեն Ռուսոյի հավատարիմ հետևորդը համարելու իրավունքն ուներ: Նրա անվան հետ է անխզելիորեն կապված մի սկզբունք, որը թեև մերժվեց հեղափոխությամբ, վաղ թե ուշ պիտի հաշվի առնեն ապագա սերունդները. նա առաջինը հռչակեց կանանց իրավունքները: …Սակայն եթե դիմենք դաժան բառախաղի, կարելի է ասել, որ միայն գիլյոտինն արձագանքեց այդ կնոջ մարդասիրական կոչին: …Նա զգայուն և սենտիմենտալ կին էր, որն այրեց իր թևերը հեղափոխության մահացու խարույկի վրա»:

Օլիմպիա դը Գուժը պաշտպանում էր հեղափոխությունը, բայց եռանդուն կերպով հանդես էր գալիս արյունահեղության, թագավորի մահապատժի, Ռոբեսպիերի ու Մարատի քաղաքականության դեմ: Նրա գրչին է պատկանում նաև հետևյալ պատմական դարձած դարձվածքը իր մի նամակից, որ փակցնում էր նա Փարիզի փողոցներում:. «!նդիրը թագավորին գլխատելը չէ, նա կդիմանա իր մահվանը, բայց  դիմանալով իր անկմանը, նա իրոք մահանում է»: Դա էլ նրան 1793 թ. կառափնարան հասցրեց, նա մահապատժի ենթարկվեց` մեղադրվելով  հետադեմ միապետականության մեջ:

Դիտվել է 1529 անգամ:
Print Friendly

Leave a Reply