Համշենի հայերը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 5, 2011 8:47
Վերջին ժամանակներս, երբ Թուրքիայում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, արդեն հնարավոր է բացեիբաց խոսել հայկական հարցի մասին, շատ արդիական է դարձել խոսել Թուրքիայում բնակվող հայության, մասնավորապես` ծպտյալ և մահմեդական հայության մասին: Տարբեր հաշվարկներով` այսօր Թուրքիայում բնակվում են մոտ երկու միլիոն ծպտյալ և մահմեդական հայեր: Վերջերս անգամ դեպքեր եղան, երբ ազգային ինքնագիտակցության զարթոնքի տակ այդ հայերից մի քանի անհատներ հավատափոխ եղան և հայտարարեցին իրենց հայ լինելու մասին:
Թուրքիայի պատմության ողջ ընթացքում, ազգային ճնշումների հետ մեկտեղ, կառավարությունն իր հպատակ այլազգիների հանդեպ վարել է անթաքույց ձուլման և հավատափոխման քաղաքականություն: Մասնավորապես, թուրքական իշխանությունները հայի ինքնությունն աղճատելու և նրան ձուլելու համար առաջին հերթին փորձել են հավատուրացություն պարտադրել նրան: Այդ առումով առանձնահատուկ է համշենահայության ճակատագիրը: Արևմտահայության շրջանում առաջինը, թերևս, համշենահայերը ձուլման ենթարկվեցին:
Դեռևս XVIII-XIX դարերում Համշենի հայության մի ստվար մասն արդեն մահմեդական էր: Համշենահայությունը, կարելի է ասել, ժամանակի մշակութային, հոգևոր և քաղաքական ուժերի կողմից իսպառ անուշադրության էր մատնվել, քանզի արդեն 1878-ից նրանց ստվար հատվածը բնակվում էր Ռուսական կայսրության տարածքում, բայց այդպես էլ ո՛չ հայ եկեղեցին, ո՛չ էլ մշակութային գործիչները ոչինչ չձեռնարկեցին` համշենահայությանն իր արմատներին վերադարձնելու համար: XIX դարի սկզբին, կաթոլիկ միսիոներների վկայություններով, Համշենում բնակվում էր մոտ 4000 հայ ընտանիք, որոնք ցրված էին շրջանի 80 գյուղերում: Նրանց մեծ մասը իսլամ էր ընդունել դեռ XVIII դարում: Սակայն, իսլամի հետ մեկտեղ, համշենահայությունը պահպանել էր իր լեզուն, սովորությունները:
Համշենի և Սև գետի շրջանի հայության մեծ թափով կրոնափոխությունը սկսվեց 1700- ական թթ. սկզբին: Այդ ժամանակ տարածաշրջանում 15000-ից ավելի հայեր էին ապրում: Համշենի հայության կրոնափոխության նախաձեռնողը դերբեյ Ղուռուֆ օղլի Մեհմեդն էր, որ ենիչերիների հետ ներխուժելով Համշեն` փորձում է ստիպել հայությանը կրոնափոխ լինել: Հայերը դիմադրում են: Հասկանալով, որ բռնությամբ հնարավոր չէ նպատակին հասնել, Մեհմեդը փոխում է տակտիկան: Տեսնելով, որ տարածաշրջանում ընդամենը մի քանի քահանա կա, նա պատանիների է ընտրում, տանում ուսուցանում, մոլլա կարգում և կրկին Համշենի ու Սև գետի շրջան ուղարկում` քարոզելու: Սակայն այս քաղաքականությունն էլ չի անցնում, քանի որ հայերը բոլոր քարոզիչներին վռնդում են: Մեհմեդը դիմում է խորամանկության: Նա 500 հոգի է վարձում, ուղարկում շրջակա գավառները, որոնք հայտարարում են ամենուր, թե Համշենի և Սև գետի շրջանի հայերը որոշել են իսլամ ընդունել ու բոլորին հրավիրում են իրենց թլպատման արարողությանը: Սա բավական արդյունավետ քայլ էր, և որոշված օրը հազարավոր մահմեդականներ, մոլլաներ ու զինվորականներ են հավաքվում Համշենում, շարժվում դեպի Թորոս գյուղ, որ Սև գետի շրջանի կենտրոնն էր համարվում: Հայերի առաջնորդ տեր Կարապետ քահանան, նախապես իմանալով այս վտանգի մասին, մի քանի հարյուր զինյալներով շուրջկալում է եկվորներին մի կիրճում և պահանջում, որ նրանք հեռանան, այլապես բոլորը կկոտորվեն:
Թուրքերը հեռանում են, բայց Ղուռուֆ օղլի Մեհմեդը նոր խորամանկության է դիմում. հիմա էլ հայտարարում է, թե հայերը թլպատության պատրվակով շատ մահմեդականների են հրավիրել Սև գետ, որպեսզի բոլորին կոտորեն: Սա մեծ արձագանք է գտնում և բազմաթիվ ենիչերիներ մոլլաների ուղեկցությամբ լցվում են Համշեն: Նրանք որոշում են, որ եթե հայերը դիմադրեն և հավատափոխ չլինեն, բոլորին կկոտորեն, անգամ մանուկներին: Իր հերթին Տրապիզոնի կուսակալն է աջակցում այս դիվային ծրագրին և լրացուցիչ զորք ուղարկում Համշեն: Համշենահայերը դիմադրության փորձ են անում: Սակայն երբ թուրքերը սպանում են տեր Կարապետին և մի քանի զինյալների, ստիպված անձնատուր են լինում: Շատերը հեռանում են, մյուսներն էլ որոշում են իրենց գոյությունը պահպանելու համար առերես իսլամ ընդունել:
Եվ այսպես ավելի քան հարյուր գյուղ կրոնափոխ է լինում: Սակայն ամեն տեղ չէ, որ թուրքերին հաջողվում է հեշտությամբ իրականացնել իրենց մտածածը: Փերվանա գյուղի հայությունը ուժեղ դիմադրություն է ցույց տալիս: Մարտի ժամանակ անգամ սպանվում է Ղուռուֆ օղլի Մահմեդ բեյը: Սակայն թուրքերը կարողանում են զենքի ուժով հավատուրացություն պարտադրել շրջանի հայությանը:
Այսպիսով, թուրքական իշխանություններին հաջողվեց բռնությամբ իրագործել համշենահայության դավանափոխությունը: Ճիշտ է, համշենահայերը սկզբում դավանափոխ եղան առերես, սակայն հետագայում, հայկական դպրոցների և եկեղեցու չգոյության պայմաններում, աստիճանաբար մահմեդականացան արդեն ըստ էության: Համշենում դեռ երկար ժամանակ շատերը թաքուն փորձում էին վերադառնալ իրենց արմատներին ու դավանանքին, սակայն բացահայտված դեպքերը խստիվ պատժվում էին:
Կրոնափոխությունից հետո թուրքերը ձեռնամուխ եղան համշենահայերի իսպառ ձուլմանը. նրանք սկսեցին պարտադրել հայերին անգամ մոռանալ մայրենի լեզուն: Օրենք է հրապարակվում, որով յոթ բառ հայերեն խոսելը համարվում է հայհոյանք, ու տուգանք է սահմանվում: Մոլլաներն անգամ շրջում են տնետուն և փորձում պարտադրել օրենքը հայերին: Այդ հողի վրա նաև բազմաթիվ ընդհարումներ են լինում: Սակայն, ի վերջո, զուրկ եկեղեցուց և կողմնակի աջակցությունից, համշենահայերը մեծ մասամբ մոռանում են նաև լեզուն:
Այսօր համշենահայերը, բացի բուն Համշենից, բնակվում են Վրաստանին սահմանակից շրջաններում, Աջարիայում, Միջին Ասիայում, ուր նրանց նախնիները տարագրվեցին ստալինյան բռնությունների ժամանակ, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, Դոնի Ռոստովում, Ստամբուլում:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
