Ապագա լրագրողները գենդերային թեմաներով դասախոսություններ են լսում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 8, 2011 16:37

Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ, նույն համալսարանի ուսումնական մասի վարիչ Լիլիթ Զաքարյանը ուսանողներին ներկայացնում էր քաղաքականության գենդերային հիմնախնդիրները: Դասին ներկա էին յոթ  աղջիկ և մի տղա: Գենդերային տեսանկյունից այդ ոչ համաչափ լսարանում, սակայն, համերաշխության մթնոլորտ էր:

«Կին քաղաքական գործիչները ստիպված են ենթարկվել այն խաղի կանոններին, որոնք թելադրում է քաղաքական միջավայրը,- բացատրում էր դասախոսը,- օրինակ` եթե շատ կանացի լինես, կտարբերվես և լուրջ չես ընդունվի հասարակության կողմից, որովհետև մարդիկ սովոր են տեսնել կոշտ քաղաքական ոճ և պահվածք»:

Զաքարյանը ներկայացրեց Հայաստանում կատարված մի հետազոտություն՝ անցկացված շուրջ 1500 հարցվողների շրջանում. «Որտե՞ղ մարդիկ ամենաշատը չէին ուզենա կին տեսնել՝ նախագահի, պատգամավորի, ՏԻՄ ղեկավարի, ոստիկանության աշխատակցի և այլ դերերում» հարցին մեծ մասը պատասխանել է, թե կնոջը կցանկանա տեսնել խորհրդարանում: Դասախոսը դա բացատրում է նրանով, որ հասարակության աչքին կին պատգամավորը խորթ չէ, օրինակները տեսանելի են:

Հարցման մասնակիցները ամենաքիչը ցանկացել են կնոջը տեսնել գյուղապետի պաշտոնում, չնայած Հայաստանում այսօր կան ավելի շատ կին գյուղապետներ, քան կին պատգամավորներ (կին գյուղապետների թիվն այդ հարցման ժամանակ եղել է 24, պատգամավորներինը՝ 11): Դասախոսի կարծիքով` այդ կարծրատիպը դեռևս կոտրված չէ, քանի որ օրինակները տեսանելի չեն:

Ի՞նչ է տալիս գենդերային թեմաներով դասախոսությունը ուսանողերին՝ որպես մարդու: Արդյոք նրանք կյանքում կիրառո՞ւմ են իրենց գիտելիքները, թե՞ մնում են հասարակության մեջ արմատավորված օրենքների գերին:

«Ինձ համար ես «չի կարելիներ» չեմ սահմանում. ինձ որևէ մեկը չի կարող ստիպել սովորել կամ ոչ, այսպես հագնվել կամ այնպես»,- ասում է 20-ամյա Նարինեն,- իսկ ինչ վերաբերում է կարծրատիպերին, օրինակ, որ աղջիկն անպայման պետք է պարի գնա կամ դաշնամուրի, չեմ ընդունում: Ես ձիասպորտի էլ եմ գնացել, ֆուտբոլ էլ եմ խաղացել, մազերս կարճ էլ եմ կտրել»:

Էմման ամուսնացած է. երեք տարի ընկերություն են արել, ապա ամուսնացել են: Ասում է, որ սկզբում ամուսինն ինչ-ինչ սահմանափակումներ դրել է, սակայն աստիճանաբար երկուսն էլ հաղթահարել են կարծրատիպային չափանիշները և փոխադարձ վստահություն ձեռք բերելով՝ հաղթահարել դժվարությունները: Էմման այսօր իրեն համարում է երջանիկ կին:

Սակայն հայ կանանց պատկերացումները ազատության մասին «չափավորության» սահմաններում են: Օրինակ, եթե ընկերդ կամ ամուսինդ ուզում է, որ որևէ տեղ գնալուց առաջ անպայման իրեն զանգես, դա կարելի է հասկանալ: Հակառակ դեպքում դա կդիտվի իբրև անտարբերություն. «երբ ուզում ես՝ գնա, երբ ուզում ես՝ արի» բանաձևը հայ կանանց սրտով չէ: Իսկ, օրինակ, Անին ընկեր չի ունեցել, չունի և չի էլ պատրաստվում ունենալ, ենթադրում է, որ կզրկվի ազատությունից, արգելքներ ընդհանրապես չի սիրում. «Հիմա ես ինքնուրույն եմ, աշխատում եմ, սովորում»,- ասում է նա:

Անուշը, որ արդեն երկու տարի է՝ ամուսնացած է, շատ գոհ է իր կյանքից. «Երբ անցնում ես ընտանիքի շեմը, արդեն կարճ հագնելը, ուշ տուն գալը և այլ մանրուքներ մնում են անցյալում: Ձեզ արդեն միավորում են ընտանիքը, բալիկի ապագան, ավելի բարեկեցիկ ապրելու ձգտումը»,-ասում է նա:

Լսարանում ներկա միակ տղամարդը՝ 24-ամյա Հարությունը, որ արդեն 3 տարի է՝ ամուսնացած է և դուստր ունի, ընտանիքի բեռն ամբողջությամբ տղամարդուն վերապահելն արդարացի չի համարում. «Չեմ ընդունում այն տղամարդկանց, ովքեր, անկախ սոցիալական վիճակից, թույլ չեն տալիս կնոջն աշխատել»,-ասում է նա: Հարությունը կարծում է, որ կինը պետք է աշխատի, բայց ոչ միայն  սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով. «Կինը, տանը մնալով, ավելի շուտ է ծերանում, և ես չեմ ուզենա իմ կողքին ժամանակից շուտ ծերացած կին և միայն տնային տնտեսուհի տեսնել»,-ասում է նա՝ավելացնելով, որ կնոջ աշխատանքը, սակայն, չպետք է խանգարի կենցաղին: Հետո կատակով ասում է. «Բայց ոչինչ, որ ճաշը չհասցնի եփել: Տա Աստված, այնքան գումար վաստակենք, որ ռեստորաններում ճաշենք»:

Զաքարյանը համոզված է, որ այս դասախոսությունները դրական ազդեցություն են թողնում ուսանողների հետագա կյանքի վրա. «Ինձ հետ կապ պահող շատ շրջանավարտներ միշտ ասում են, որ այս դասախոսություններն իրենց շատ են օգնել թե՛ անձնական, թե՛ աշխատանքային հարաբերություններում»: Միաժամանակ դասախոսը կարծում է, որ գենդերային հիմնախնդիրները ճիշտ չներկայացնելու դեպքում մարդիկ կարող են ծայրահեղությունների մեջ ընկնել. «Գենդերային առարկա դասավանդողը նախ և առաջ պետք է այդպես մտածի, ապա շատ նրբորեն մատուցի այդ ամենը ուսանողներին»,-ասում է նա:

Ի դեպ, Լիլիթ Զաքարյանը համահեղինակ է 2010 թ. լույս տեսած «Գենդեր և լրագրություն» ուսումնական ձեռնարկի, որը միակն է Հայաստանում: Մյուս հեղինակի՝ Անահիտ Հարությունյանի խոսքով` ձեռնարկը ստեղծվել է լրագրողներին գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ տալու նպատակով, քանի որ զանգվածային լրատվամիջոցները մեծ դեր ունեն քարոզչության և հասարակական կարծիք ձևավորելու գործում. «Փաստերը ցույց էին տալիս, որ լրագրողները ոչ թե կոտրում են կարծրատիպերը, այլ վերարտադրում դրանք խնդիրը չպատկերացնելու պատճառով,-ասում է Հարությունյանը:

Պատահական չէ, որ ՆԱ/ ՆԵ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մրցանակներ են ստանում հենց այն լրագրողները, ովքեր ուսանողական տարիներին կամ վարպետության դասընթացների ժամանակ ուսումնասիրել են գենդերային հիմնախնդիրները:

Դիտվել է 1542 անգամ:
Print Friendly

Leave a Reply