Կրուպ կամ խռուկ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | March 10, 2011 3:20
Կրուպ կամ խռուկ են անվանում երեխաների լարինգիտի տարատեսակները (կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը) :
Ամենատարածված և թեթև տեսակն առանց տաքության սպազմատիկ կրուպն է, որը սկսվում է երեկոյան, անակնկալ: Ցերեկը թվում է, թե երեխան լրիվ առողջ է կամ էլ թեթևակի մրսած: Հանկարծ նոպայաձև հազ է սկսվում. ընդ որում, այն խռպոտ է և երեխան դժվարությամբ է շնչում: Նա ճիգեր է գործում, լարվում է, որ շունչ քաշի: Առաջին անգամ տեսնելով` գուցե վախենաք, սակայն վիճակն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է: Ամեն դեպքում, ճիշտ է բժշկին դիմելը: Կրուպը կոկորդի լուսանցքի խցանումն է, ինչը կարող է հանգեցնել շնչահեղձության: Իսկական կրուպը դիֆթերիա հիվանդության հետևանք է: Կեղծ կրուպը սուր լարինգոտրախեիտ է, որն առաջանում է քիթ-կորկորդային ծանր հիվանդության հետևանքով: Հիվանդությունը հաճախ է պատահում 6 ամսականից 5 տարեկան երեխաների մոտ, ովքեր հակում ունեն ալերգիաների նկատմամբ: Հիվանդության հիմքում լորձաթաղանթի բորբոքային այտուցն է, ինչպես նաև` կոկորդի ռեֆլեկտորային սպազմը:
Նախանշաններն են`
-կոշտ, հաչոցանման հազը, որը հիմնականում սկսվում է գիշերը,
-դժվարացած շնչառությունը ( հատկապես շունչ քաշելիս),
-խռպոտությունը, կերկերուն ձայնը,
-երեխան անհանգիստ է, տեղից տեղ է շրջվում, առաջանում է շնչարգելություն, կապտություն:
Ե՞րբ պետք է դիմել անհետաձգելի օգնության
Նշված ախտանշաններից ցանակացածի դրսևորման դեպքում:
Ի՞նչ կարելի է անել մինչև բժշկի գալը
1.Հանգստացրեք երեխային, արձակեք կոճակները:
2.Բացեք լուսամուտը թարմ օդի համար, քանի որ հիվանդը թթվածնային քաղց ունի:
3.Լոգարանի մեջ տաք ջուր լցրեք, բայց ոչ երեխային լողացնելու, այլ գոլորշի ստանալու համար ու հնարավորություն ստեղծեք, որ երեխան գոլորշի շնչի: Սենյակում տաք ջրով լի աման դրեք այդ նպատակով, կամ էլ ջեռուցման մարտկոցներին խոնավ շոր փռեք` օդի խոնավությունն ավելացնելու համար: Կամ էլ կաթսայով ջուր եռացրեք, մինչև սենյակը գոլորշի լցվի: Երբ երեխան այդ օդը շնչի, հազի նոպան կթեթևանա: Այդ ընթացքում խոնավացրեք նաև երեխայի ննջասենյակի օդը:
4.Կարելի է շոգեինհալացիաներ կատարել` ջրի մեջ ավելացնելով կերակրի սոդա կամ խորխաբեր դեղաբույսեր:
5.Երեխային տվեք տաք հիմնային ըմպելիք, ասենք` սոդայաջուր կամ էլ սոդայով կաթ (1/2 թեյի գդալ` մեկ բաժակին) , հանքային ջուր:
6. Եթե ջերմությունը բարձր է, կարելի է մանանեխի ծեփուկներ դնել կրծքավանդակին : Կարելի է նաև ոտքերը տաք ջրի մեջ դնել:
Երբեմն առանց ջերմության սպազմատիկ խռուկը կրկնվում է հաջորդ գիշեր կամ 2 օր անց: Դրանից խուսափելու նպատակով 3 գիշեր պետք է երեխային քնեցնել խոնավացրած օդով սենյակում: Սովորաբար խռուկի այս տեսակը հիվանդության, կոկորդի գերզգայնության ու չոր օդի հետևանքով է առաջանում:
Խռուկի ծանր դեպք է լարինգո–բրոնխիտը` բարձր ջերմությամբ: Սա խռուկի ավելի բարդ ձևն է, որն ուղեկցվում է ուժեղ մրսածությամբ: Խռուկային հազը և դժվարացած շնչառությունը կարող են աստիճանաբար կամ էլ միանգամից սկսվել, օրվա ցանկացած ժամի: Սենյակում օդի խոնավացումը կարող է մասամբ մեղմացնել հիվանդի վիճակը: Եթե երեխայի ձայնը խռպոտած է, ջերմությունը` բարձր և շնչառությունն էլ` դժվարացած, ապա անհապաղ դիմեք բժշկի: Իսկ եթե բժիշկն ինչ-ինչ պատճառներով չկարողանա այցելել, ապա ինքներդ երեխային տարեք նրա մոտ: Կոկորդի դիֆթերիան խռուկի առաջացման ևս մեկ պատճառ է: Երեխայի ձայնն աստիճանաբար խռպոտում է ու շնչարգելություն է առաջանում: Բարձրանում է ջերմությունը, սակայն ոչ շատ: Եթե երեխան պատվաստվել է դիֆթերիայի դեմ, գործնականում խռուկով հիվանդանալու վտանգ չկա: Սակայն խռուկի ցանկացած տեսակի դեպքում անհապաղ դիմեք բժշկի: Որքան երկարում է հիվանդության ընթացքը` դժվարացած շնչառությամբ, բարձր` 38 աստիճան ջերմությամբ, թեկուզ ոչ այնքան բարդ ընթացքով, միևնույն է, պետք է հիվանդը բժշկական օգնություն ստանա: Եթե ձեր երեխան շատ փոքր է, ապա նրան գրկած կարող եք տանել լոգասենյակ, որտեղ նախապես տաք ջրի ծորակ պետք է բաց թողնել կամ էլ մանանեխի ծեփուկներ դնել ոտնաթաթի տակ:
Սրտի ախտահարումը
Գրիպի` սրտի վրա թողած ամենատարածված հետևանքը միոկարդը (սրտի մկանների ախտահարում) և պերիկարդիտն են (սրտի «վերնաշապկի» ախտահարումը): Սկզբնական դրսևորումերը կարող են թույլ լինել, ոչ նկատելի. փոքր-ինչ թուլություն, շուտ հոգնածություն, սրտի թեթև ցավեր և ծակոցներ, որոնք կարող են խորը շունչ քաշելու, ծանրության կամ էլ աջ կողմի վրա պառկելու դեպքում շատանալ: Երբեմն պահպանվում է նաև թեթևակի ջերմություն: Հետո կարող է հիվանդի վիճակը վատանալ. ցավերն ուժգնանում են, հաճախանում է սրտխփոցը, առաջանում է շնչարգելություն, սրտի անկանոն աշխատանք, այտուց և հոդացավ: Ուստի գրիպով հիվանդանալուց հետո, եթե սրտի կողմից անհանգստացնող երևույթներ նկատեք, մի հետաձգեք, մասնագետի դիմեք:
Գլխուղեղի ախտահարում
Ամենից հաճախ հանդիպում են մենինգիտը (ուղեղաբորբ) արախնոիդն ու էնցեֆալիտը:
Ախտանշաններն են ինտենսիվ գլխացավը, գլխապտույտը, քնատությունն ու անհիմն բորբոքվածությունը, կրկնվող փսխումը, որը թեթևություն չի բերում, ոտքերի ու ձեռքերի թուլությունը, մաշկի զգայնության խանգարումը (թվում է` մրջուններ են վազվզում, ծակծկոց, ցրտի, շոգի զգացողության կորուստ, դողէրոցք, զառանցանք ու հալուցինացիաներ): Հաճախ այս երևույթներն ուղեկցվում են բարձր ջերմությամբ, որը ջերմիջեցնող դեղամիջոցներով անգամ չի իջնում:






Facebook
Tweet This
Email This Post
